600.000 մարդու համար ԱՊՊԱ-ն կթանկանա մեկ տարվա ընթացքում
Այսօր՝ փետրվարի 7-ից, ԱՊՊԱ-ն թանկացավ 3000 դրամով: Այս մասին հունվարի 27-ին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն:
Վարորդները հերթական ակցիայի ժամանակ տեղեկացրեցին, որ այս որոշումը չեղարկելու իրենց պահանջին ավելացել է ևս մեկը, այն է՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը:
«Մեր նպատակը, գործն ու պահանջն արդար են: Պետք է հասնենք չեղարկման, հակառակ դեպքում անհնազանդության ակցիաներ են լինելու: Ուզում ենք, որպեսզի լսեն մեր ձայնը: Բոլորը մտածում են, որ 3000 դրամի համար ենք պայքարում՝ ոչ: Օրինակ, մեքենան սառույցի վրա անկառավարելի է դառնում: Եթե վթար լիներ, իմ ԱՊՊԱ-ն թանկանալու էր 300 տոկոսով, երբ հարվածեի թանկարժեք մեքենայի: Կամ, եթե վթար չունեմ, ինչի՞ համար եմ 3000 դրամ ավելի մուծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովն էլ հիշեցրեց՝ Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություններն էլ կլինեն մարտի 1-ից:
«Եկել ենք, որպեսզի փորձենք Ապահովագրական բյուրոյի հետ կառուցողական զրուցել: Իսկ ակցիաները կշարունակենք, որովհետև չենք պատրաստվում թանկ վճարել: Հրավերք ենք ստացել ԱԺ-ից. լինելու է քննարկում: Անընդունելի է թաքուն օրենք մշակելը և դրա՝ թաքուն ուժի մեջ մտնելը: Բազմիցս ասել ենք՝ կազմակերպված փոխհամաձայնություն է տեղի ունեցել՝ հօգուտ ԱՊՊԱ-ների»,- նշեց նա:
Ապա բողոքի ակցիայից մի քանիսին ընդունեց Ապահովագրական բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը: Արտակ Խաչատուրովը հարցրեց, թե ինչո՞ւ մարդիկ այս որոշման մասին տեղյակ չեն եղել, եթե ընդունվել է օգոստոս ամսից: Վաղինակ Եղիազարյանը ճշգրտեց՝ դեկտեմբերից է եղել:
«Մարդիկ տեղեկացված են եղել: Նախագիծը տեղադրվել է բյուրոյի կայքում դեկտեմբեր ամսին, և որոշումը կայացվել է դեկտեմբերի վերջին: ԿԲ գրանցումն անցնելուց հետո հայտարարություն է տարածվել»,- մանրամասնեց Ապահովագրական բյուրոյի տնօրենը:
Արտակ Խաչատուրովը հարցրեց՝ որքանո՞վ է տրամաբանական՝ թանկացնել նաև երբեք վթար չունեցող վարորդների համար:
«Եթե սակագների համեմատ հատուցումների անբավարարություն կա, կամ պատահար ունեցողներինը շատ պետք է թանկացնես, կամ բոլորինը՝ ինչ-որ չափով, իսկ նրանցը՝ ավելի շատ: Իսկ այն, որ ասում են՝ 300 տոկոսով թանկանալու է, դա զրպարտություն է: Չի կարող պատահական խոշոր պատահար լինելուց՝ 300 տոկոսով բարձրանա: Ամենաբարձրը 8 դաս է, որը միջինը ապահովում է 100 տոկոս, ոչ թե 300: Եթե վաղը կամ մյուս օրն այս սակագներն ավելի անհատական ձևավորվեն, բնականաբար, որը որ ցածր վնասաբեր է, շատ ավելի ցածր կլինի»,- ասաց Վաղինակ Եղիազարյանը:
Վարորդների իրավունքների պաշտպանն էլ հարցրեց՝ ֆինանսական գործակցից բացի՝ այլ գործակից կա՞, թե՞ ոչ:
«Բոնուս-Մալուս համակարգի անհատական ռիսկերի գնահատման համակարգի անցում որ ասում ենք՝ ոչինչ չի փոխվում: Սկզբունքը նույնն է, ինչ 2 տարի առաջ: Դասերի, տոկոսների մեջ ինչ-որ փոփոխություններ կան, բայց սկզբունքը լրիվ նույնն է: Այստեղ քաղաքական որոշում չի կայացվել: Կոնկրետ որոշում է՝ հիմնված հաշվարկի վրա: Բոնուս-Մալուս համակարգը բոլոր երկրներում միտված է վարորդների վարքագծի վրա ազդելու»,- պատասխանեց Ապահովագրական բյուրոյի տնօրենը՝ հավելելով, որ եթե դեմ են, թող ներկայացնեն առաջարկներ:
«Առաջարկել ենք կասեցնել, նույն բանն իրազեկել»,- պատասխանեց Արտակ Խաչատուրովը: Տնօրենը կրկին շեշտեց. «Ասում եմ՝ ներկայացրեք առաջարկ: Մեխանիզմները ներկայացրեք գրավոր, փորձենք այլ ատյաններով աշխատեցնել: Հո խաղալի՞ք չէ՝ կասեցնենք, դուք ներկայացնեք, ու դա էլ հիմք չունենա»:
Վարորդների իրավունքների պաշտպանն էլ արձագանքեց, թե՝ 600.000 մարդու համար թանկացրել եք, ասում եք՝ խաղալիք չէ:
«600.000 մարդու համար ԱՊՊԱ-ն կթանկանա մեկ տարվա ընթացքում: Մարդ կա, որ 11 ամիս հետո է ԱՊՊԱ կնքելու: Լավ, միջինը հաշվենք 6 ամիս: Ձեզ քանի՞ ամիս է պետք, որ պայծառ առաջարկներ անեք, մենք էլ քննարկենք»,- նկատեց Վաղինակ Եղիազարյանը:
Լրագրողներն Ապահովագրական բյուրոյի տնօրենից հետաքրքրվեցին, թե տրամաբանությունը ո՞րն է, եթե էժան մեքենայի հարվածելիս ավելի քիչ գումար ես վճարում, քան թանկի, նա բացատրեց.
«Եթե Rolls-Royce-ը խփել եք, 1.8 միլիոնի վնաս եք պատճառել, հիմա ինչո՞ւ է բարձրանում. պարզ պատճառով՝ բոլորը Rolls-Royce-ին չեն խփում: Հիմնականում մեծ վթարները 3 տոկոս են կազմում ՀՀ-ում, և շատ քիչ մասն անձնական վնասներով է ուղեկցվում, և դա վկայում է այն մասին, որ Rolls-Royce-երը բացառություններ են: Օրինաչափությունն այն է, որ մեծ վնասների դեպքում մարդկանց պատճառում են առողջական վնասներ, ընդհուպ՝ մինչև մահ»: