Արարատ Միրզոյանը կաշկանդվո՞ւմ է․ ինչո՞ւ է կեղծվել ամերիկացի դիվանագետի պաշտոնը

Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտգործնախարարությունը Հայաստանի Հանրապետության համար այս բախտորոշ աշխարհաքաղաքական փուլում զբաղված է պաշտոնական հաղորդագրությունների որոշ դրվագների կեղծմամբ։

Կամ որ ավելի արտառոց է՝ ՀՀ ԱԳ նախարարությունում գուցե անգլերենին տիրապետող աշխատակից չկա, որը կկարողանար ճիշտ թարգմանել այն գործիչների պաշտոնները, ում հետ Միրզոյանը բանակցություններ է վարում կարևոր հարցերի շուրջ։

168am-ը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտնող սխալներին կամ կեղծիքներին, դա այլևս չի զարմացնում։ Սակայն այս անգամ իրավիճակը շատ ավելի զավեշտալի է, քանի որ ԱԳ նախարարությունը կեղծել է կամ չի ընկալել ԱՄՆ Պետքարտուղարության գործչի պաշտոնը, նրա իրական մակարդակը։

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա։

Բայց ԱՄՆ Պետքարտուղարության կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Քերըն Դոնֆրիդը ոչ թե ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ է (deputy), այլ օգնական (ASSISTANT SECRETARY BUREAU OF EUROPEAN AND EURASIAN AFFAIRS): Մանրամասներին կարելի է ծանոթանալ հենց Պետքարտուղարության կայքում։

Տեղեկացնենք, որ պետքարտուղարից հետո կան մի քանի մակարդակներ՝ տեղակալ (deputy secretary), փոխպետքարտուղար (under secretary) և օգնականներ (assistant secretary): Պետդեպարտամենտն ունի պետքարտուղարի 2 տեղակալ, 6 փոխպետքարտուղար։

ԱՄՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղարը Վիկտորիա Նուլանդն է, ում ենթակա են մի շարք բյուրոներ, այդ թվում՝ Եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոն, որը ղեկավարում է Քերըն Դոնֆրիդը, և նա ներկայացվում է՝ որպես օգնական։

Կարելի է ենթադրել, որ Արարատ Միրզոյանը պարզապես կաշկանդվում է օգնականի մակարդակով պաշտոնյաների հետ բանակցություններ վարել՝ իր պաշտոնը համարելով համարժեք պետքարտուղարի տեղակալի կամ գուցե պետքարտուղարի պաշտոնին։

Տեսանյութեր

Լրահոս