Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները, ես չեմ կարող լռել. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այս օրերին ես իրականացնում եմ միջազգային այց։

Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարևոր հանդիպումներ։ Այնուհետև՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում: Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես ինքս եմ ուսանել և համալսարանի կողմից ճանաչվել եմ իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից:

Դասախոսությունների թեմաներն են միջազգային իրավունքը, պատերազմական հանցանքների համար պատասխանատվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այն ամենն, ինչին ես նվիրել եմ իմ ամբողջ կյանքը։

Հենց այս մասին էի գրել իմ վերջին նամակում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Վենսին։ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հանցանքների, օկուպացված տարածքների, բռնի տեղահանվածների, բռնությամբ անհետացածների, մեր գերիների և պատանդների ճակատագրի մասին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել առկա խնդիրները և ձևացնել, թե դրանք գոյություն չունեն, մեզ խիստ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն։

Որպես մարդ, ով ամբողջ կյանքում զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չեմ կարող և չեմ լռելու։

Պարբերաբար ձեզ կտեղեկացնեմ այս աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին։

Տեսանյութեր

Լրահոս