Թուրքիայում հունվարին գնաճը չորրորդ ամիսն անընդմեջ դանդաղել է
Թուրքիայում հունվարին սպառողական գների աճը դանդաղել է չորրորդ ամիսն անընդմեջ՝ թարմացնելով 2021 թվականի նոյեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշը, սակայն սննդամթերքի և մի շարք այլ ապրանքների գների սեզոնային թռիչքի պատճառով գերազանցել է փորձագետների կանխատեսումները:
Հունվարին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 30,65%՝ դեկտեմբերի 30,89%-ի համեմատ. հայտնել է «Turkstat»-ը։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալել են, որ այն կնվազի մինչև 30%:
Կոմունալ ծառայությունների գների աճը հունվարին դանդաղել է՝ հասնելով 45,36%-ի՝ նախորդ ամսվա 49,45%-ի փոխարեն: Կահույքի և տնային պարագաների գնաճը նվազել է մինչև 23,13% (նախկինում՝ 24,97%), իսկ հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների ծառայություններինը՝ մինչև 33,31% (նախկինում՝ 34,11%):
Միևնույն ժամանակ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների թանկացումն արագացել է՝ հասնելով 31,69%-ի՝ նախորդ ամսվա 28,31%-ի փոխարեն, տրանսպորտային ծառայություններինը՝ մինչև 29,39% (նախկինում՝ 28,44%), իսկ ալկոհոլի և ծխախոտային արտադրանքինը՝ մինչև 31,45% (նախկինում՝ 30,8%):
Սպառողական գների աճը ամսական կտրվածքով հունվարին արագացել է՝ հասնելով 4,84%-ի՝ դեկտեմբերի 0,89%-ի համեմատ, ինչը առավելագույն ցուցանիշն է տարվա կտրվածքով: Սննդամթերքի արժեքը դեկտեմբերի համեմատ աճել է 6,59%-ով, տրանսպորտային ծառայությունները թանկացել են 5,29%-ով, իսկ կոմունալ ծառայությունները՝ 4,43%-ով:
Թուրքիայում արտադրողների գների ինդեքսը (PPI) հունվարին տարեկան կտրվածքով աճել է 27,17%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 2,67%-ով. հայտնել է «Turkstat»-ը։ Դեկտեմբերին դրանց աճը կազմել էր համապատասխանաբար 27,67% և 0,75%։
Թուրքիայի Կենտրոնական բանկը հունվարին հիմնական դրույքաչափն իջեցրել է 100 բազիսային կետով՝ սահմանելով տարեկան 37%, ինչը նվազագույն ցուցանիշն է 2023 թվականի նոյեմբերից ի վեր։ Նախորդ տարվա սկզբին դրույքաչափը գտնվել է 47,5% մակարդակում։



