Պետգույքի կոմիտեի հերթական դրամաշնորհը՝ իր հոգեզավակ «Ռիփաբլիք պլազա»-ին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն օրերս երրորդ դրամաշնորհն է հատկացրել երկու տարի առաջ ստեղծված և իր կողմից կառավարող «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերությանը։ Նպատակը լուսավորության ապահովումն է, որի համար կոմիտեն հատկացրել է 4 միլիոն դրամ։
Նախորդ տարի մայիսին նույն նպատակով և նույն չափով դրամաշնորհ ևս հատկացվել էր։
2025 թվականին ԲԲ-ն խոշոր դրամաշնորհ՝ 80 միլիոն 166.700 դրամ է ստացել կոմիտեից՝ «Բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ» միջոցառման շրջանակում։
Այդ պայմանագրի տեխնիկական բնութագրում մասնավորապես նշվում է․
«Բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայության մատուցման շրջանակներում ծառայություն մատուցողը պետք է իրականացնի առնվազն հետևյալ աշխատանքները՝
- Շենքի համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն
Տեղեկատվության հավաքագրում և մշակում գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ
Հարակից տարածքների և շենքերի ուսումնասիրություն մեկ ներդրումային նախագծի շրջանակներում միավորման հեռանկարով
- Շենքի լավագույն և ամենաօպտիմալ օգտագործման տարբերակի ընտրություն
Նախագծի ֆինանսական և գործարար մոդելի մշակում կանխատեսումներով և հիմնավորումներով
Պատմամշակութային հուշարձանների հետ աշխատանքների նկատմամբ սահմանված օրենսդրության պահանջների պահպանում աշխատանքների իրականացման ընթացքում»:
Դեռ 2023 թվականի օգոստոսին Կառավարությունը որոշեց Հանրապետության հրապարակում գտնվող հայտնի Փոստի շենքի տարածքում ստեղծել «Ռիփաբլիք» պլազա ԲԲԸ-ն, որի բոլոր բաժնետոմսերը կպատկանեն Հայաստանի Հանապետությանը, իսկ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները կվերապահվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Նույն թվականի նոյեմբերից արդեն այս որոշումն իրականություն դարձավ։
Իսկ այս տարի հուլիսին արդեն հայտնի դարձավ, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր փոստի շենքում (Նալբանդյան 28 հասցեում) բիզնես-ծրագրի իրականացման մրցույթ էր նախատեսվել 12 հայկական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ։
Նշվում էր, որ մրցույթով ընտրված ընկերությունը կիրականացնի իր ներդրումային ծրագիրը, սակայն շենքը կմնա պետության սեփականության ներքո (հենց դրա համար էլ ստեղծվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն):
Այս մրցույթին, դրա արդյունքներին կանդրադառնանք այլ հրապարակմամբ, բայց տեղեկացնենք նաև, որ հետագայում կառավարությունը պատրաստվում է ընկերության բաժնետոմսերի մի մասը դուրս բերել տեղական ֆոնդային բորսա (AMX):
