Խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի՝ X սոցիալական ցանցի Ֆրանսիայի գրասենյակներում

Ֆրանսիայում խուզարկել են X (նախկին Twitter) սոցիալական ցանցի գրասենյակները. հաղորդել է Փարիզի դատախազությունը X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությամբ։ Դատախազության տեղեկացմամբ՝ գործողությունն իրականացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները՝ Եվրոպոլի և Ֆրանսիայի ոստիկանության համապատասխան ծառայությունների աջակցությամբ։Խուզարկությունները կատարվել են 2025 թվականի հունվարին մեկնարկած քրեական հետաքննության շրջանակում։

Նույն հաղորդագրության մեջ Փարիզի դատախազությունը նաև հայտնել է, որ դադարեցնում է գործունեությունը X հարթակում և առաջարկում է հետևել գերատեսչության պաշտոնական էջերին այլ սոցիալական ցանցերում։Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցի նկատմամբ՝ ալգորիթմների հնարավոր մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետաքննության հիմքում երկու բողոք է՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորից և բարձրաստիճան պետական պաշտոնյայից։

Ֆրանսիական իշխանությունները X ընկերությունից պահանջել են տրամադրել հասանելիություն հարթակի ալգորիթմներին, ինչպես նաև օգտատերերի բոլոր հրապարակումների վերաբերյալ տվյալներին։ Ընկերությունը, իր հերթին, հետաքննությունը բնութագրել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Բացի այդ, հիշեցվում է, որ 2026 թվականի հունվարին Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել X-ին կից գործող Grok չաթ-բոտի դեմ։ Հետաքննությունը կապված է եղել չաթ-բոտի միջոցով անպարկեշտ պատկերների ստեղծման և դրանց տարածման հետ։

Տեսանյութեր

Լրահոս