«Մոռացել են՝ մեզ հետ 5 տարի շարունակ քայլել են, իսկ հիմա որևէ շփում չեն ուզում ունենալ. երբ հանդարտ ենք՝ պիտի սպասեն վտանգի». Անահիտ Ադոյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո հարյուրավոր ծնողներ փնտրում են իրենց զավականերին։ Արդեն 6-րդ տարին է՝ նրանք բախում են պատկան մարմինների դռները՝ իրենց տղաների ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու համար, բայց՝ ապարդյուն։
«Քիմիկների զորամասից» անհետ կորած տղաների ծնողները, հայաստանյան տարբեր կառույցներից զատ, դիմել են նաև միջազգային կառույցներին։ Ծնողները վստահ են՝ իրենց որդիներն ադրբեջանական գերության մեջ են, Ալիևը նրանց թաքցնում է՝ քաղաքական նպատակներով։
Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձել են Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, արդյո՞ք անհետ կորած տղաների ծնողները փորձել են հանդիպել նրանց հետ, հետաքրքրվել տղաների ճակատագրի մասին, արդյոք տղաներից որևէ մեկին ադրբեջանական բանտում տեսե՞լ են։
«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, ասաց՝ որևէ մեկի հետ չի զրուցել, որևէ տեղեկություն չունի։
«Բոլորս էլ գիտեք, իրենք արդեն «վերբովկա» եղած են, իրենք որևէ բան մեզ չեն ասելու։ Ունենք ծնողներ, որ փորձել են մոտենալ գերությունից վերադարձած անձանց ընտանիքներին, ովքեր գերեվարվել են 2020 թվականից, սակայն իրենք չեն ուզել, կտրականապես հրաժարվել են։ Այդ ընտանիքները մոռացել են, որ մեզ հետ 5 տարի շարունակ քայլել են, իսկ հիմա մեզ հետ որևէ շփում չեն ուզում ունենալ։ Նույնիսկ իրենց հեռախոսահամարներն են փոխել, կարևորը՝ իրենց ընտանիքի անդամը վերադարձել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Ադոյանը։
Տիկին Անահիտը նշեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱԱԾ տնօրենի հետ անձամբ չի հանդիպել, իսկ այն ծնողները, որոնք հանդիպել են՝ որևէ բան նրանց չի ասվել։
«Կհիշե՞ք, երբ մենք փակեցինք Բաղրամյան պողոտան ու հանդիպում պահանջեցինք ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ, այդ մարդը չեկավ ու ծնողների հետ չհանդիպեց։ Դրանից հետո հարկ չեմ համարել նրան տեսնելու»,- հավելեց Անահիտ Ադոյանը։
Նա ցավով արձանագրեց, որ տարիների ընթացքում անհետ կորած տղաների ծնողները, հարազատներն այլևս որևէ մեկին ո՛չ հավատում են, ո՛չ էլ վստահում։ Բայց դրանով հանդերձ՝ տարբեր կառույցներ են գնում, որտեղից նրանց խաբելով հետ են ուղարկում։
«Ասում են՝ քչքչան գետից մի վախեցեք, մարմանդ գետից խուսափեք։ Կան ծնողներ, որոնք այս ընթացքում բավականին զուսպ են եղել, փորձենք այդ տղաների ծնողներից որևէ բան սպասել, որովհետև այս իշխանությունների գործողությունները բերում ու հանգեցնելու է դրան։ Երբ մենք բորբոքվում ենք, մտածում են՝ անշառ են, բայց երբ հանդարտ ենք՝ պիտի սպասեն վտանգի»,- հավելեց Անահիտ Ադոյանը։
Մեր զրուցակիցը որոշակի հույսեր է կապում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, ասելով՝ գուցե իշխանության փոփոխությունից հետո տղաների հարցով սկսեն ակտիվ զբաղվել։
«Չնայած այս իշխանություներից ի՞նչ խերվեցինք, որ եկողներից ինչ խերվենք։ Բայց մեր տղաները ողջ են, իրենք վերադառնալու են, մեր տղաներին երկար չեն կարող պահել, որքան երկար պահեցին, այդքան վտանգավոր է լինելու։ Իմ երեխուն ով բերի իմ տուն, ես ու իմ թիկունքին կանգնած ժողովուրդը նրա կողքին ենք լինելու»,- ընդգծեց Անահիտ Ադոյանը։
Նշենք, որ 2025 թվականին Քննչական կոմիտեն լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 191 մարդ համարվում է անհետ կորած։
