ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ԷՍ Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ… ՍԱ ՊԻՏԻ ԱՌՆՎԱԶՆ SOS ԼԻՆԻ. ԷՍ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԲԱՐԴԱԿ. ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Միայն այս մի փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, դա մեր ժողովրդի համար առնվազն պիտի ահազանգ լինի, SOS լինի, խելքի գալու հրահանգ պիտի լինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Խոսելով հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ՀԱԿ կուսակցության մասնակցության և ընդդիմադիր ուժերի համախմբման հնարավորության մասին՝ նա համոզմունք հայտնեց, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի համախմբումը ոչ թե հնարավոր է, այլ ցանկալի է և անհրաժեշտ։ Քաղաքական ուժերը պետք է առանց ամբիցիաների համախմբվեն։

Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ խնդիրն այսօր ոչ թե պարզապես իշխանափոխությունն է, այլ Հայոց պատմության այս խոտոր ընթացքը շեղելը։

Կարդացեք նաև

«Այսօր Նիկոլ Փաշինյանի հեռացումն արդեն շատ հեռու է իշխանափոխություն կոչվելուց։ Իշխանափոխություն չէ դա ամենևին։ Խնդիրը պատմության այս խոտոր ընթացքը շեղելու մասին է, որն ուղիղ գծով տանում է մեզ դեպի սուվերենության կորուստ, և խորհրդարանական ընտրությունները, որպես այդպիսին, ըստ իս՝ կորցրել են իրենց իմաստը։ Հիմա խնդիր պետք է դրվի Հայաստանի ինքնիշխանության կործանումը կանգնեցնելը, և այդ կործանումը կանգնեցնելու նպատակով քաղաքական ուժերը, մտավորականները, բոլորը պետք է եզրակացություն անեն։ Եթե այդ եզրակացությունը լինի, քաղաքական ուժերը կարող են կոնսոլիդացվել այս խնդրի շուրջ»,- իր խոսքում նշեց Արամ Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահն ընդգծում է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը փրկելը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահպանելը վերկուսակցական է, և դրա շուրջ առաջին հերթին պետք է լինի հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիա։

Նրա խոսքով՝ եթե հանկարծ այս առիթն էլ մեր ժողովուրդը բաց թողեց, հետևանքները լինելու են շատ ավելի վատ, քան մինչ այս էր, քանի որ ակնհայտ երևում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հրահանգները շատ ավելի անթաքույց են, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված։

«Նրանց աջակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բացահայտ է։ Չի եղել այսպիսի բան պատմության մեջ, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանություններն աջակցություն հայտնեն Հայաստանի ընտրություններում գործող իշխանությանը։ Եթե ուրիշ ոչինչ չլինի, եթե ասենք՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը վարկաբեկված են, միայն այս մի փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, դա մեր ժողովրդի համար առնվազն պիտի ահազանգ լինի, SOS լինի, խելքի գալու հրահանգ պիտի լինի, որ՝ ժողովո՛ւրդ, էս ո՞ւր ենք հասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ աջակցելու են Նիկոլ Փաշինյանի ընտրությունների հարցում»,- նշում է զրուցակիցը։

Արամ Մանուկյանը հարց է տալիս՝ էս պետությո՞ւն է, թե՞ բարդակ, մեր երկիրն ուրիշ խնդիր չունի՞, քան Եկեղեցու հետևից ընկնելը։

Նա նաև հավելեց հետևյալն իր խոսքում. «Ցանկացած բույս, երբ կործանման վտանգի առաջ է, ներքին ռեսուրսներ է միացնում և պայքարում է, ցանկացած մարդ, որը հիվանդ է, դեղերը չեն օգնում, սնունդը չի օգնում, ներքին ռեսուրսներ կան, որոնք միանում և բարձրանում են վերև և օրգանիզմի հարցը կարգավորում են։ Ազգն էլ ունի այդ մեխանիզմը. բոլոր ազգերը, երբ ճնշվում են, խեղճանում են, բռնաճնշումների են ենթարկվում, ջարդվում են, արտագաղթի մեջ են, ու դա բնության օրենք է, որը տարածվում է նաև մարդկության զարգացման օրինաչափությունների վրա։ Մեր ժողովուրդն ունի՛ այդ ներուժը։ Ախր, ես շփվում եմ բոլորի հետ։

Բոլորն, ում հետ խոսում ես, իրենք գիտեն պրոբլեմը, բայց լուծումից վախենում են, իրենք գիտեն՝ ինչ է կատարվում, բայց իշխանությունների կողմից տարածված անհուսությունն ավելի ուժեղ է, քան իրենց գիտենալն ու մոտեցումները, այսինքն՝ ներքին ռեսուրսով մեր ժողովուրդը գիտի՝ ինչ է անում, ուզում է անել։ Մեր խնդիրն այդ ուզելը կազմակերպելն է։ Թե ինչ պետք է անել, բոլորը գիտեն, բայց ինչպես պետք է անել՝ դեռևս չկա։ Եթե այս երկու ամսվա ընթացքում այս բանը ստացվի՝ այդ ռեսուրսը տակից բլթբլթալով դուրս գա ջրի երես և ակտիվ լինի, դա արդեն կարող է հրդեհ բռնկել, հեղափոխություն լինի, ջրհեղեղ անի, մաքրի այս ամենը»։

1988-ի Արցախյան համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ Արամ Մանուկյանը մեծ ակնկալիքներ չունի, որ Արցախյան շարժման սկսվելու օրը՝ փետրվարի 20-ի խորհրդանշականությունը կխթանի ազգային նոր զարթոնք կամ քաղաքական ու հանրային ակտիվություն առաջիկա շաբաթներին։ Իր ասած «բլթբլթոցը» դեռ պղպջակների չափ է, դրա համար մի քանի ամիս դեռ պիտի տաքանա ու եռ գա։

«Վանոն ասում էր՝ գարուն կգա, մի բան կստացվի։ Տեսնենք դեռ։ Չափավոր լավատեսություն կա, որ մեր ժողովուրդը պայթելու է, ոգևորվելու է, փողոց է դուրս գալու, և այս չարիքից, այս փորձանքից ազատվելու ենք, և դրա նպատակն ամենևին բացասական չէ՝ ոչնչացնել ինչ-որ մեկին, քշել, ո՛չ, փրկել երկիրը՝ սա է իմ ուզածը»,- հավելեց Արամ Մանուկյանը։

Ուղիղ 28 տարի առաջ՝ 1998 թ. փետրվարի 3-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստատեսային եթերով հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականը։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը մեր խնդրանքով հիշեց նաև պատմական այս դրվագը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը դեկտեմբերի 26-ին հայտարարել էր 2026-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով մասնակցելու մասին։ Կոնգրեսի վարչապետի թեկնածուն ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս