Առաջին տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» երկրորդ հորիզոնականում է: Այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
Երրորդ տեղում է Վահան Թոթովենցի «Բաքու»-ն: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ…
Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» գիրքը չորրորդ տեղում է։ Վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցող շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին:
Հինգերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը վեցերորդ տեղում է: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:
Յոթերորդ տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: Պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի…»:
Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն իններորդ տեղում է: Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց բանաստեղծի բարեկամներ՝ սահյանագետ Շչորս Դավթյանի ու Հովհաննես Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպը տասներորդ տեղում է: Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի…»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։
Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները: