«Ջրային ռեսուրսների վատ կառավարումն ավելի ակնհայտ դարձավ պատերազմից հետո, եթե չանցնենք ճիշտ կառավարման՝ շատ վատ է լինելու». Սիլվա Ադամյան

Արդեն բազմաթիվ ահազանգեր են հնչել այն մասին, որ ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը, ինչի հետևանքում Սարսանգի ջրամբարը կցամաքի։ Ավելին՝ թշնամին այս օրերին մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա է տեղափոխում գետի հունը փոխելու համար։

168.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադառնալով այս ամենի հետևանքով սպասվող էկոլոգիական հնարավոր աղետին ու ջրային ռեսուրսների հետ կապված վտանգներին՝ նշեց, որ ջրային ռեսուրսի ակունքներն այս պահին գտնվում են թշնամու վերահսկողության տակ, ինչն արդեն իսկ մեծ խնդիր է, որովհետև հնարավոր է, որ այդ ակունքները ոչ միայն ցամաքեն, այլև էկոլոգիական մեծ աղետ հասցնեն Հայաստանին ու Արցախին։

«Եթե խոսենք կոնկրետ Թարթառ գետի հունը փոխելու խնդրից, ապա դա լուրջ խնդիրների է հանգեցնելու Հայաստանում, մենք ունենք ջրամբար, որտեղ այդ գետից է ջուր լցվում, եթե այդպիսի բան անեն, այդ ջրամբարը ցամաքելու է։ Մենք այդ դեպքում ջուր չենք ունենալու, առանց այդ էլ տեսնում եք, որ ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, տեսաք, թե Արմավիրի մարզում ինչ է կատարվում։ Շատերն ասում են, թե վերջին երեք տարվա ընթացքում Սևանա լճից ջուր բաց չի թողնվել, դրա համար ջրային խնդիր ունենք, սակայն պետք է բոլորին հիշեցնեմ, որ այն տարիներին, երբ Սևանից ջուր էին բաց թողնում, Արմավիրում կրկին ջրի խնդիր կար»,- ասաց Սիլվա Ադամյանը։

Նրա կարծիքով՝ այն, որ մարզերում ջրի խնդիր կա, պատճառը մեկն է՝ ջրային ռեսուրսները լավ չեն կառավարվում, նախ՝ տարբեր գետերի հուներին կառուցված են հիդրոկայաններ, որոնք բոլորովին չեն նպաստում ջրի առատությանը։

«Ջրային ռեսուրսների վատ կառավարումն ավելի ակնհայտ դարձավ այս պատերազմից հետո, երբ մեր ջրերի ակունքները մնացին թշնամու օկուպացիայի տակ։ Թշնամին շատ լավ գիտի՝ ինչ է անում, որ նման ինֆորմացիա է տարածում, նա ասում է՝ լավ իմացեք, որ Թարթառ գետի հունը փոխվելու է, ինչը ձեզ համար շատ վատ կարող է լինել։ Ջրահավաքման բազմաթիվ մեթոդներ կան, որի համար պատրաստում են հատուկ տարածքներ և հավաքում են ջուրը, այս ամենը չի արվել, ամբողջ երկիրն անտերության է մատնված, որևէ ոլորտում չեն աշխատում, պրոֆեսիոնալները հնարավորություն չունեն աշխատելու, իսկ ոչ պրոֆեսիոնալներն էլ չեն աշխատում»,- շեշտեց բնապահպանը։

Նա նաև հավելեց, որ այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ազգաբնակչությանը պատշաճ չեն կարողանում ապահովել ջրով, էլ չի խոսում մարզերի մասին, որտեղից մշտապես ահազանգեր է ստանում, որ ջուր չունեն։

«Ջրաբաններ, ջրագետներ, նախարարություն, բոլորն այս հարցի շուրջ պետք է աշխատեն, նաև Առողջապահության նախարությունը, Կառավարության տարբեր օղակներ։ Բայց քանի որ պետական մարմինները չեն աշխատում, մենք կանգնել ենք կատաստրոֆիկ իրավիճակի առջև։ Դեռևս 44-օրյա պատերազմը չէր սկսվել, մենք զգուշացրեցինք, որ ջրային ռեսուրսների հետ կապված շատ զգույշ եղեք, քանի որ թշնամին դա կարող է օգտագործել՝ որպես կենսաբանական զենքի տարածման հնարավորություն։ Այսինքն՝ Ադրբեջանը տեսնելով, որ մեզ մոտ չեն աշխատում, անկայուն վիճակ է, նա անընդատ նման բաներ է մեջտեղ բերում, որպեսզի վախեցնի։ Եթե կառավարությունը չլծվի աշխատանքի, իր աշխատանքներում չներգրավի համնպատասխան լուրջ մասնագետների, ես չգիտեմ, թե վերջն ինչ է լինելու»,- ասաց նա։

Նա իր զարմանքն արտահայտեց առ այն, որ կառավարությունը չի տեսնում այն վտանգները, որոնք կան ջրային ռեսուրսների հետ կապված։

Բնապահպանը նաև շեշտեց՝ ստեղծված իրավիճակում կառավարության առաջին ու կարևոր քայլը պետք է լինի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը։

«Եթե չանցնենք ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման, մեզ համար շատ վատ է լինելու, իսկ կառավարության անելիքների մեջ ի՞նչ է մտնում՝ գետերի ուսումնասիրություն, ջրամբարների կառուցում, ջրի որակի ստուգում և այլն, սակայն հարցն այն է, թե այս պայմաններում ո՞վ պետք է այս ամենն անի»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։

Տեսանյութեր

Լրահոս