Բաժիններ՝

Մեր հայ ստեղծագործական ֆոնդը լցված է ոչ թե արտիստներով, այլ ծաղրածուներով, ովքեր զվարճացնում են հանդիսատեսին հանուն մի կտոր հացի. Նարեկ Գևորգյան

Մեկ տարի առաջ էր, երբ YouTube-ով դիտում էի «Թքած»-ի թողարկումները, ծանոթանում իմ հասակակից ստեղծագործողների առօրյա և աշխատանքային խնդիրներին: Այսօր նախագծի հեղինակ-մասնակիցներից մեկի՝ ռեժիսոր Նարեկ Գևորգյանի հետ զրուցել ենք պատերազմի հասցրած հարվածների, ստեղծագործական ճգնաժամի և վերջինիս նոր՝ հեղափոխական գաղափարների մասին:

Պատերազմը գեղեցկություն վառող չարիք է, և, իհարկե, երբ դու սրտացավ, կարեկցող մարդ ես, այս ամենը զգալը շատ ծանր բան է

Պատերազմի ժամանակ շատ ծանր էր ամեն ինչ, ստեղծագործող մարդու համար պատերազմը մահ է, որովհետև ստեղագործելու, արարելու իմաստը նրանում է, որ մարդու միջից հանես հնարավորինս կենդանականը և զարգացնես գիտակցականը: Իսկ գիտակից մարդը երբեք չի սպանի: Սպանություն գործելը ավելի շատ կենդանական բնազդի արգասիք է, երբ տարածքի կռիվ ես անում, ուտելիքի, գոյատևման, իսկ մերօրյա աշխարհում այդ ամենի համար կռվի կարիքն ընդհանրապես չկա, որովհետև մարդու կյանքը գիտության շնորհիվ ահավոր հարմարավետ է դարձել: Աշխարհում հիմա 7 մլրդ մարդ չի ապրում, բայց երկիր մոլորակը ունակ է ապահովել 25 մլրդ մարդու բարեկեցիկ կյանք, ու այդ պայմաններում սովը, աղքատությունը, պատերազմը լրիվ ապացույցն են նրա, որ մարդը դեռևս չի հասել Homo sapiens կոչվելու իրավունքին: Գիտակից մարդ կոչվելու իրավունքին դեռևս չի հասել: Ինչի՞ էր ծանր պատերազմը, որովհետև բացի այն, որ մարդիկ էին մահանում, բացի այն, որ հայրերն ու մայրերը զրկվում էին իրենց երեխաներից, ու առհասարակ ստեղծագործող մարդու համար այդ ամեն ինչն էր շատ բարդ, որովհետև երբ նայում ես իշխանությունների, նախկին իշխանությունների դեմքերին, երբ նրանք խոսում են զոհերի մասին, հասկանում ես, որ նրանց համար դրանք ընդամենը թվեր են, էսքան մարդ մահացել է, էսքան մարդ զոհվել է, էսքան մարդ հաշմանդամ է դարձել… Սակայն դա երբեք թվեր չեն արվեստագետի համար, որովհետև արվեստագետի համար կարևորագույն հիմք է էմոցիան, և երբ դու խոսում ես զոհված զինվորի մասին, դու տեսնում ես ամեն ինչ:

…Դու տեսնում ես՝ ինչպես է նրա մայրը անքուն գիշերներ անցկացրել կողքը, մեծացրել, ամեն նոր արած քայլի համար ուրախացել, երբ ատամ է դուրս եկել, ակրահատիկ են արել, նա ընտրել է իր մասնագիտությունը, նրա ծնողները հպարտացել են իրենց երեխայով, երազել են, որ մեծանա՝ ինչ պիտի անի, և նույնիսկ երբ օտար, անգամ կենդանի դու պահում ես, ինքը քեզ ահավոր հարազատ է դառնում, երբ դու նրան կերակրում ես ու հոգ ես տանում, ուրեմն պատկերացրեք՝ ինչքան հարազատ է դառնում սեփական մարմնից դուրս եկած երեխան, որը քեզ նման է, որը սիրում է քեզ, ու դու նրա զարգացման ու կատարելագործման մեջ մեծ լումա ունես դրած, ու ամեն անգամ, երբ քեզնից ինչ-որ բան կտրում ու տալիս ես նրան, դու այն երազանքն ունես, որ այդ մարդը պիտի մեծանա, պիտի հասնի իր երազանքներին, պիտի ապրի, պիտի լավ ապրի, պիտի կայունանա: Ու սկսվում է պատերազմ, քո որդուն, քո սիրածին, քո ընկերոջը, քո հարազատին, քո հորը, քո եղբորը, քո հորեղբորը կանչում են բանակ, ու մի պայթյունի, մի կրակոցի շնորհիվ այդ ողջ տիեզերքը փլվում է: Ամեն մարդ մի տիեզերք է, ու այդ ողջ պատմությունը միանգամից կորչում է, հողին է հավասարվում: Ու բացի այն, որ այդ մարդը կորցնում է իր ամենաթանկը՝ իր կյանքը, նաև իր բոլոր հարազատների կյանքից մի մեծ կտոր պոկվում, չորանում է: Դա նույնն է, որ ծառի մի սաղարթախիտ ճյուղ չորանա իր տերևներով հանդերձ ու այլևս երբեք ծաղկելու հույս չլինի: Դա մի մեծ վերք է մարդու համար, որ իր ողջ կյանքի ընթացքում պիտի կրի այդ ցավը ներսում: Եվ երբ այս ամեն ինչը ստեղծագործող, արվեստագետ մարդը զգում է, մի մարդու մասին է խոսքը, իսկ երբ դու սա պրոյեկտում ես հազարավոր մարդկանց վրա, հասկանում ես` ինքան մարդու վրա է անդրադառնում այս պատերազմը, այս ցավը չի կարող քեզ չկոտրի, չփչացնի, չփլուզի: Ու գումարած սրան` հասկանում ես, որ այս պատերազմը լրիվ անիմաստ էր, անհիմն էր, այսինքն՝ շատ հեշտությամբ կարելի էր խուսափել, եթե մեր վերջին 20 տարվա կառավարությունը խոհեմ լիներ: Խոսքը թալանածի ու ոչնչացրածի մասին չի, գռփածի մասին չի, ժողովրդի գրպանը քերելու մասին չի, ժողովրդին ֆինանսապես դժբախտացնելու ու մուրացկան դարձնելու մասին չի, խոսքը արվեստագետի ինքնասիրությունը ոչնչացնելու մասին չի, ինչ արել են մեր իշխանությունները, այլ հենց նրա մասին է, որ պատասխանատվության զգացում չեն ունեցել, խոհեմություն չեն ունեցել և չեն կարողացել խուսափել պատերազմից, ինչը լրիվ անհիմն էր ու անիմաստ էր ու կարիքը չկար:

Կարդացեք նաև

Երբ հասկանում ես, որ անիմաստ տեղը 5 հազար ընտանիք փչացել է, ոչնչացել է, կոտրվել է, խախտվել է, 10 հազարից ավելի երիտասարդ հաշմանդամ են դարձել, այսինքն՝ նրանց կյանքը նույնպես բարդացել է, նրանք էլ կորցրել են իրենց մարմնի մասերը, խեղվել են, ու այդ ամենը` լրիվ անիմաստ: Պատերազմը գեղեցկություն վառող չարիք է, և իհարկե, երբ դու սրտացավ, կարեկցող մարդ ես, այս ամենը զգալը շատ ծանր բան է: Ու ես պատերազմի օրերին, պատերազմից հետո դեռևս երկար ուշքի չէի գալիս, ոչնչացված էի, կյանքս լրիվ կորցրել էր իմաստը, դառնացել էր, ջարդված էի և այլևս հույս չունեի, որ ոտքի կկանգեմ: Որովհետև էս ամեն ցավին միանում է ևս այն, որ պատերազմի օրերին ես անիմաստ համարեցի արվեստը: Ինձ թվաց, թե արվեստը այս գոյատևման պայքարի մեջ անիմաստ երևույթ է: Իսկ լինելով մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է մասնագիտությանը, երբ որ հասկանում ես, որ ողջ կյանքդ անիմաստ ես ապրել, ներդրում ես արել մի գործի մեջ, որը օգուտ չի կարող բերել մարդկանց, չի թեթևացնի նրանց կյանքը, չի բուժի ցավերը, կրկնակի հարված է, ու պատերազմը բերեց իր արհավիրքը ոչ միայն քաղաքներում, գյուղերում, մարզերում, ուրիշների ընտանիքներում, այլ նաև իմ հոգու մեջ:

…Իմ հիմքը խարխլվեց, տարիների փորձը, կայունությունս ամբողջությամբ ջարդուփշուր արեց: Բայց հետո սկսվեց նոր փուլ, երկար մտածելուց, խորհելուց, հասկանալուց, ցավալուց, լացելուց, խմել-հարբելուց հետո վերջապես հասա նորից այն մտքին, որ ոչ թե արվեստը ոչինչ չի փոխում և արվեստը չի կարող օգնել մարդկանց, այլ լրիվ հակառակը, ես հասկացա, որ այդ արվեստի շնորհիվ է, որ մարդը կապիկից դարձել է այն, ինչ որ կա այսօր: Իհարկե, իդեալական վիճակում չի, բայց այն կարեկցանքը, որ զգում է այսօրվա մարդը և որը չի զգացել 100 տարի առաջվա մարդը, 1000 տարի առաջվա մարդը, դա միայն արվեստի շնորհքն է: Արվեստն է, որ քեզ բացատրում է աշխարհը, արվեստն է, որ քեզ բացատրում է, որ մարդը քո հակառակորդը չի, որ մարդը թշնամին չի, որ մարդը քեզ նման արարած է, նա էլ է զգում այն ամենը, ինչ զգում ես դու, ու այսօրվա դրությամբ արվեստը հասել է նաև նրան, որ մարդկանց մեջ նաև հասցնում է, որ կենդանիները նույնպես զգում են, և կենդանիների հետ նույնպես պետք չի վարվել դաժանաբար, մտածելով, որ նրանք ցավ չեն զգում, և նրանց կարելի է ոչնչացնել:

Մի խոսքով, արվեստը այն լեզուն է, որով Աստված խոսում է մարդկանց հետ: Արվեստագետները Աստծո խոսքի թարգմանիչներն են, ըստ երևույթին, որովհետև Աստված, երբ իր կերպարով ստեղծեց մարդուն և տվեց այն բոլոր առավելությունները, որ մենք ունենք մնացած բոլորի հանդեպ, նա մեզնից ավելին էր սպասում, քան մենք անում ենք:

Եվ մենք երբեք չեղանք տեր այնպես, ինչպես Աստված է տեր լինում մեզ, այսինքն՝ մենք չհարգեցինք մեր տիրության տակ գտնվող ամբողջը, այնպես, ինչպես Աստված է հարգում մեզ:

May be an image of 1 person, dog and outdoors

Իսկ արվեստը այն ճանապարհն է, այն ուղղությունն է, որով մարդ պիտի դաստիարակվի, աշխարհը տեսնի այնպես, ինչպես Աստված է տեսնում, ընկալի բոլոր նրբությունները, բոլոր մանրուքները, և այնժամ հաստատ կարեկցանքը կհասնի ամենավերին մակարդակին ու մարդը կլինի իսկապես գիտակից ու պատասխանատու և իր արարքների համար, և այն ամենի համար, ինչը գտնվում է իր տիրության ներքո:

Այդ ամենը հասկանալուց հետո ինձ մոտ սկսվեց նոր ստեղծագործական փուլ, երկրորդ շնչառությունս բացվեց, հասկացա, որ ամեն ինչ նոր-նոր սկսվում է: Պատերազմից հետո նկարահանել եմ փոքրիկ ֆիլմ՝ «Հայելու առաջ»: Ֆիլմը նրա մասին է, որ մարդը երբ մենակ է մնում, ու աշխարհի աղմուկը մի պահ լռում է իր ականջներում, ինչի մասին է մտածում, ինչում է իրեն մեղադրում, ինչ է հասկանում, ինչի հետ չի հարմարվում, ինչի դեմ է պայքարում, մի խոսքով՝ ինչ է խոսում ինքն իր հետ հայելու առաջ կանգնած: Ֆիլմը ցուցադրվել է «Թքած»-ի շրջանակներում, և դա իմ ռեժիսորական վերջին աշխատանքն է և պատերազմից հետո՝ առաջին աշխատանքը:

Մտավորականը այն երեխան է, որ պարզ և միամիտ ու անկեղծ ձևով կանգնում ու գոռում է, որ թագավորը մերկ է

Մեր հայկական իրականության մեջ այնպես է ստացվել, որ ստեղծագործող մարդիկ ընկել են երկրորդ, երրորդ պլան: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև ստեղծագործող մարդը, մտավորականը նա է, ով սթափեցնում է ժողովրդին, երկիրը և նրա կառավարությանը: Արվեստագետի, մտավորականի ձայնը պետք է հնչի մի կետից, որն ամբողջովին անկողմնակալ է տեղի ունեցող իրականության մեջ:

Ի՞նչ է դա նշանակում: Արվեստագետի, ստեղծագործող մարդու, մտավորականի համար չկան նյութական արժեքներ: Այսինքն, երբ մնացածն ընկել են գոյատևման պայքարի մեջ, նրանց համար կարևոր է փողը, և դրա արդյունքում, բնականաբար, հասարակության մեջ իրենց դիրքը ապահովելու համար, ավելի շատ փող աշխատելու, ավելի հարմարավետ տեղ քնելու, ապրելու և գործունեություն ծավալելու համար նրանք ինչ-որ կոմպրոմիսների գնում են, լինի դա կառավարության հետ, լինի միմյանց հետ, և ճշմարտությունից հետ կանգնելով` այդ խավարը դու անընդհատ տարածում ես:

Ինչո՞վ է զբաղվելու մտավորականը, ինչո՞ւմ է լինելու նրա գործունեության հիմնական նպատակը և իմաստը:

Մտավորականը այդ խավարի մեջ լույս սփռողն է:

Մտավորականը այն երեխան է, որ պարզ և միամիտ ու անկեղծ ձևով կանգնում ու գոռում է, որ թագավորը մերկ է:

Մտավորականը ճշմարտությունն ասող մարդն է, այն ճշմարտությունը, որը բոլորին է հայտնի, բայց մնացածը վախենում են խոստովանել դա:

Այսօրվա դրությամբ, սակայն, մեր նախկին իշխանությունների շնորհիվ մտավորականը դարձավ պնակալեզ: Ընդհանուր լափամանից սնվող մի արարած, որը գնաց կոմպրոմիսների: Դա նույնն է, որ հոգևորականը սկսի փողով ներել մարդկանց մեղքերը: Մտավորականը չմնաց իր դիրքում, իր կետում և, բնականաբար, կորցրեց իր հարգանքը, որովհետև նման մարդուն ոչ պիտի սիրի ժողովուրդը, ոչ պիտի հարգի, ինչի համար, եթե մի կտոր հացի համար պատրաստ է գնալ կոմպրոմիսի ամենամեծ չարիքի հետ:

Իհարկե, ինձ շատերը կասեն՝ շատ մեծ-մեծ ես խոսում, բա մարդիկ ուզում էին ապրել, մարդիկ էլ են ընտանիք պահում, և այլն, և այլն: Բայց այստեղ կա մի մեծ ԲԱՅՑ: Եթե դու ուզում ես փող աշխատես, փող աշխատելու տարբեր ազնիվ մեթոդներ կան, լինի դա բանվորություն, լինի դա փոքրիկ առևտուր, իսկ եթե դու արվեստի մեջ ես ու կորցնում ես բուն իմաստը արվեստի մեջ գտնվելու ու վաճառում ես այդ արվեստը, բնականաբար, քեզ պետք է մեղադրեն, որովհետև դու սխալ ես, որովհետև դու պղծել ես այն ամենամաքուրը, որ պետք է մնա անբիծ: Եվ մեր մտավորականության բացակայության ու պակասության արդյունքն է, որ այսօր Հայաստանում այսպիսի խելագար վիճակ է, լինի դա ընտրություններից առաջ ու հետո իրար բզկտոցները, լինի դա պատերազմը, երբ ժողովուրդը չուներ հեղինակային կարծիք, չկար, օրինակ՝ Շիրազ, ով կկանգներ ու կասեր իր խոսքը, ու բոլորը կհասկանային, որ ճիշտը դա է:

Ես Հայաստանի վերջին մտավորական եմ համարում Սիլվա Կապուտիկյանին, ով իր հեղինակային խոսքը ասաց և իրեն անպատժելի մեծ միապետ համարող Ռոբերտ Քոչարյանի պորտը տեղը դրեց՝ հրաշագեղ իր բանաստեղծությամբ ու մեդլաները վերադարձելու շնորհիվ: Թեպետև Վարդան Պետրոսյանը նույնպես երբեմն-երբեմն փորձում է խոսել, փորձում է պայքարել, բայց ինձ թվում է, նա նույնպես գնում է կոմպրոմիսների, ինչի իրավունքը չունի մտավորականը:

Եթե խոսենք Ռուբեն Հախվերդյանի մասին, Հախվերդյանը քրֆում է միշտ իշխանություններին, բայց մեծ հաճույքով մասնակցում է վարչապետի կազմակերպած համերգին, խոնարհվում է նրա առաջ: Այսինքն՝ իշխանությունների նպատակը նրանում է, որ արվեստագետին ստորացնի, աղքատացնի և հետո մի քանի կոպեկով առնի, և նրանց մոտ դա ստացվեց: Դա ճղճիմ ու ստոր պլան էր, ու նրանց մոտ դա փաստորեն ստացվել էր:

Եվ ահա գալով այն հարցին, թե ինչպե՞ս է փոխվում ստեղծագործողը պատերազմից հետո: Պատերազմը պետք է սթափեցնի բոլոր ստեղծագործողներին: Նրանք պետք է հասկանան, որ պատասխանատվություն ունեն այս ժողովրդի հանդեպ, որ իրենց ապրելակերպից, իրենց գործունեությունից է կախված՝ այս մարդիկ ինչ վիճակի կհասնեն: Կլինեն նոր պատերազմներ, կլինեն նոր զոհեր, կլինեն նոր դիկտատորներ, նոր միապետներ, որոնք կկեղեքեն այս ազգը, թե իրենք կպայքարեն ժողովրդի համար, կպայքարեն նրա համար, որ մարդիկ իրենց կուռքեր չսարքեն, լինեն գիտակից, լինեն խելացի: Ինձ թվում է՝ պատերազմից հետո ստեղծագործողի առաջին քայլը պետք է լինի այն, որ սթափվի ու հասկանա, որ մեծ պատասխանատավության զգացում ունի ինքը, և պատասխանատու լինի այն ամենի հանդիպ, ինչ անում է: Որովհետև մի տեսակ հարգանքդ էլ ես կորցնում այն ստեղծագործողների հանդեպ, որոնք այդ անունը դրել են իրենց վրա, արվեստագետի պիտակը վերցրել են իրենց ու միայն փող են աշխատում ու զբաղացնում են հանդիսատեսին: Կա ծաղրածու, ով զբաղեցնում է, զվարճացնում է հանդիսատեսին, ու կա արտիստ, ով սովորեցնում է հանդիսատեսին, սովորեցնում է սիրել, ապրել, խղճալ, կարեկցել, սովորեցնում է այն ամենը, ինչը դուրս է գոյատևման միջավայրից: Այսինքն, ծաղրածուները կարող են ձև բռնել, որ իրենք արտիստ են, բայց երբեք արտիստ չեն դառնա: Ու ի՞նչ է դա նշանակում, որ մեր հայ ստեղծագործական ֆոնդը լցված է ոչ թե արտիստներով, այլ ծաղրածուներով, ովքեր զվարճացնում են հանդիսատեսին հանուն մի կտոր հացի:

ՄՆԱ-ն պիտի դառնա հարթակ, որտեղ ջրի երես դուրս կգան արվեստի այն բոլոր գործերը, որոնք մինչև հիմա արհամարհված են եղել

Չես կարող դու մի օր որոշել, որ դու այսօրվանից ստղծագործող ես, ու հաջորդ օրը մի բոմբ անես, որ աշխարհը հիանա: Լինել արվեստագետ, լինել ռեժիսոր՝ նշանակում է՝ ապրել այդպես: Դա ոչ թե մասնագիտություն է, այլ ապրելակերպ, դու չես կարող լինել արվեստագետ, ու առավոտից իրիկուն բամբասես: Դա նույնն է, որ քահանան խաչակնքվելուց հետո հայհոյի: Արվեստագետը չի կարող լինել չարալեզու, չի կարող լինել նախանձ, որովհետև նա ստեղծագործող մարդ է, նա ինչ-որ բանի արարիչ է, իսկ արարիչն այդ վատ էմոցիոնալ դաշտից, այդ մեղքերի շարանից զերծ պետք է պահի իր մարմինը ու իր հոգին: Պիտի ապրես այդպես, ոչ թե փող աշխատես: Եվ, այո, եթե դու ապրում ես այսպես, ապա ունակ ես ստեղծել այնպիսի գործեր, որ կցնցեն ողջ աշխարհը: Հիմա Հայաստանում ավելի շատ մարդիկ կրկնօրինակում են արտասահմանյանը, կան մարդիկ, որոնք նույնիսկ կրկնօրինակում են հայկականը: Արվեստագետն ինքը հայտնաբերող է, ոչ թե կրկնօրինակող: Դու պիտի անընդհատ հայտնաբերես, դու գիտության աշխատող ես, դու գիտնական ես, որ պիտի նոր խոսք ասես, նոր բան հայտնաբերես, իսկ այսօրվա հայաստանյան արվեստը մեծ մասամբ, այն, ինչ երևում է եթերներում, կրկնօրինակման արվեստ է:

May be an image of outdoors and tree

Եվ երբ խոսում եք՝ արդյոք պատերազմից հետո հնարավո՞ր է արվեստի մեծ գործեր անել, ապա ասեմ, որ պատերազմից հետո իմ մեջ հղացավ միտք, որ պետք է համախմբել արվեստագետներին, պետք է արվեստագետներին հանել այն ստորացուցիչ վիճակից, որում, անկախ նրանից, ում մեղքով է դա, բայց գտնվում է արվեստագետը: Եվ ես սկսում եմ նոր նախագիծ, որը կոչվում է ՄՆԱ: Հապավում է, բացվում է՝ Մշակութային նոր ալիք, և իմաստը նրանում է, որ մնա այնտեղ, որտեղ կաս, որովհետև արվեստագետը իր երկրի, իր քաղաքի, իր գյուղի, իր տեղանքի երգիչն է: Դու չես կարող 30 տարի ապրել Հայաստանում, հետո գնաս Ամերիկա, մի տարի հետո նկարես ամերիկացիների մասին ֆիլմ, որովհետև այդ ուսումնասիրությունը շատ երկարաժամկետ բնույթ է կրում: ՄՆԱ-ն պիտի դառնա հարթակ, որտեղ ջրի երես դուրս կգան արվեստի այն բոլոր գործերը, որոնք մինչև հիմա արհամարհված են եղել:

Մի խումբ մարդիկ ծանոթների, փողի, բախտի կամ չգիտեմ ինչի շնորհիվ հայտնվել են ջրի երեսին, և մարդիկ նրանց տեսել են, միգուցե սիրել են, միգուցե հավանել են, բայց նրանք են այսօր հայ հանդիսատեսին մեծամասշտաբ կերպով զբաղեցնողները: Այո, հենց զբաղեցնողները, ոչ թե կրթողները, նրանք ոչնչով չեն կրթում: ՄՆԱ-ն պիտի դառնա հարթակ, որտեղ բոլորը, ով ստեղծագործում է, ով մտածում է, ով մտածելու վրա ավելի շատ ժամանակ է ծախսում, քան ուտելու, պառկելու, քնելու, վազելու կամ սեքսով զբաղվելու, գոյատևման ինչ-որ խնդիրներ լուծելու վրա կծախսեր, բոլորը կունենան հնարավորություն վերարտադրվելու: Եվ նրանց շատ հեշտ կլինի գտնելը հանդիսատեսի համար: Հանդիսատեսի մի քանի քլիքի շնորհիվ կարող է գտնել իր ուզած տեղանքում գտնվող, իր ուզած ոճում ստեղծագործող արվեստագետին, կամ արվեստագետների ցանկը, և անընդհատ ծանոթանալ նորերի հետ:

Իսկ արվեստագետին ի՞նչ է պետք: Արտիստին պետք են ծափահարություններ: Արտիստը չորանում է առանց ուշադրության, արհամարհանքը արտիստին սպանող երաշտն է: Եվ այդ հանդիսատես-արտիստ փոխադարձ կապի շնորհիվ թե արտիստը կուժեղանա և կհիմնավորվի իր գաղափարի ու ընտրած մասնագիտության ու ընտրած կյանքի, ապրելակերպի մեջ, թե հանդիսատեսը անընդհատ նոր բան կտեսնի, ընտրելու հնարավորություն կունենա, օգնելու հնարավորություն կունենա: Ինչպես նաև այստեղ մեծ գործոն կունենա հենց ֆինանսական պահը, ու արվեստ վաճառելը կդառնա, այսպես ասած, «պրեստիժնի» աշխատանք, ու պրոդյուսերների, կուրատորների համար ավելի հասանելի կլինեն բոլոր արվեստագետները, որովհետև նրանց գտնելը շատ հեշտ կլինի: Այսօրվա դրությամբ մարդկանց գտնելը մի քիչ բարդ է, պիտի ունենաս ծանոթներ, շատ խորանաս, հետաքրքրվես, իսկ այն, ինչ մտածել եմ ես, դրա շնորհիվ թե արվեստագետին գտնելը շատ հեշտ կլինի, թե քննադատներին, թե պրոդյուսերներին, թե կուրատորներին, ամեն ինչ հեշտանում է, և այս ամենը, երբ որ գրվել է ու մտածվել է, սա օդից չի եղել, ես հիմք եմ վերցրել բոլոր այն խնդիրները, ինչին ես հանդիպել եմ իմ ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, բոլոր այն խնդիրները, ինչին հանդիպել են իմ արվեստագետ ընկերները, և այն խնդիրներին, ինչին հանդիպել են իմ պրոդյուսեր և կուրատոր ընկերները, ում ես ճանաչում եմ: Էվոլյուցիոն բնույթ է կրում այս նախագիծը, և ուժեղ հիմքի վրա է կառուցված, այլ ոչ թե օդում գծագրված ինչ-որ բան է:

Եվ քանի որ հարթակը դեռ պիտի կազմավորվի, դրա համար ժամանակ է պետք՝ մի քանի ամիս, այդ ընթացքում, որպես փոքրիկ, դրա նման հարթակ, բայց ոչ վիրտուալ տիրույթում, կծառայի Վահագնաձորում գտնվող 500 քմ հողատարածք ունեցող և 150 քմ բնակելի տուն ունեցող տարածք, որտեղ նորից կհանդիպեն արվեստագետները, կշփվեն, կհանգստանան, կզրուցեն, հանդիսատեսը հնարավորություն կունենա ոչ միայն լսել համերգները, նայել նկարիչներին, խոսել գիտնականների հետ, այլ նաև շփվել նրանց հետ ոչ պրոֆեսիոնալ ասպարեզներում, ավելի հանգիստ, ավելի եթերային իրավիճակում: Արվեստագետ-հանդիսատես կապն ավելի կամրանա: Ինչպես նաև սրանով լուծվում է մի ուրիշ խնդիր նույնպես: Քանի որ հասարակությունը մեծ մասամբ անդաստիարակ է, և մարդիկ իրենց պահել չգիտեն հասարակության մեջ, անկիրթ են, չեն կարողանում գիտակցել, որ ուրիշի իրավունքները նույնպես պետք է պաշտպանել, պետք է հարգել դիմացինին, երբեք ոտնձգության չենթարկել նրա իրավունքները, այս տարածքը՝ ՄՆԱ տարածքը, կծառայի նաև որպես դաստիարակչական բնույթ կրող դպրոց, որտեղ մարդիկ կսովորեն իրենց ճիշտ պահել և դրսևորել:

May be an image of 2 people and outdoors

Դու երբեք չպիտի թույլ տաս, որ գումարի պակասությունը քեզ լռեցնի

Կինոն, իհարկե, մեծ ֆինանսների հետ է կապված, բայց մենք, երբ նկարահանում էինք «Թքած»-ը, իմաստը նրանում էր, որ մենք մեր կյանքի երկար փնտրտուքների ընթացքում չկարողացանք գտնել այդ ֆինանսական միջոցները, որպեսզի իրագործենք այն ֆիլմերը, որոնք պիտի նկարահանեինք, որոնց սցենարները գրել էինք, որ երազում էինք մեծ էկրաններին տեսնել: Եվ հենց դրա համար ընտրվեց «Թքած»-ը, որ` դե թխած, եթե չունենք այդքան փող, կնկարենք այնքանով, ինչքանով որ ունենք: Ու նկարահանեցինք այնպիսի ֆիլմեր, ինչի հնարավորությունն ունեցանք, մեկ տան սահմաններում նկարահանվեց ֆիլմ, նույնիսկ նկարահանվեցին ֆիլմեր, երբ ուղղակի նստած կամերայի առաջ պատմում ես սցենարը: Մի խոսքով, մենք գտանք ելքեր, որովհետև արվեստի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ, եթե դու ունես ասելիք, այդ ասելիքդ տեղ հասցնես: Բնականաբար, փողի շնորհիվ այդ ասելիքը ավելի լավ կարող է տեղ հասնել, բայց դու երբեք չպիտի թույլ տաս, որ գումարի պակասությունը քեզ լռեցնի: Այսինքն՝ նստել ու սպասել, թե երբ պիտի քեզ ֆինանսավորեն, դա, ըստ իս, սխալ է, մեղմ ասած, սխալ է, պիտի միշտ ստեղծագործես, միշտ պայքարես, որովհետև այդ ճանապարհն ես ընտրել:

Ի՞նչ թեմաներով պիտի ստեղծագործի հայ ռեժիսորը պատերազմից հետո

Ի՞նչ թեմաներով պիտի ստեղծագործի հայ ռեժիսորը պատերազմից հետո: Մարդկային: Ֆիլմը չի կարող ունենալ ընդամենը մի թեմա: Ռեժիսորը, անկախ ամեն ինչից, պիտի ստեղծագործի այն ոլորտում, այն ձևով և այն ասելիքով ներծծված, ինչը որ հիմնավորապես ինքը ցանկանում է և տեսել է: Ֆիլմի մեջ ցույց տալ հենց կյանքը՝ իր բոլոր գործոններով, դա արդեն իսկ կլինի այն, որ մարդկանց կհանդարտեցնի, հույզերը կհանգստացնի, և կկոտրի ատելության մթնոլորտը ու միգուցե սիրո սերմեր ցանի մարդկանց սրտերում:

«Թքած»-ը շատ կարևոր նախագիծ էր ինձ համար

Շարունակություն, ըստ երևույթին, չի ունենա «Թքած»-ը: Այն մեր կյանքի մի էտապ էր, մենք հավաքվեցինք, զրուցեցինք, ստեղծագործեցինք և բաժանվեցինք ու ամենքս գնացինք մեր ճանապարհով: Դա ձվի նման բան էր, երբ մենք զարգացանք, կոտրեցինք ու դուրս եկանք լույս աշխարհ: «Թքած»-ը շատ կարևոր նախագիծ էր ինձ համար, այն ամբողջ կյանքում և հոգեպես և ֆիզիկապես կլինի ինձ հետ, որովհետև ձեռքիս մեծ տառաչափով դաջած է «Թքած»-ի լոգոն, բայց չի շարունակվի: Սա մի ֆիլմ էր, մի նախագիծ էր, նման բոլոր այն բազում ֆիլմերին, որոնք ուղղակի մի օրինակից լինում են, դու կարող ես հետագայում այն վերանայել, բայց չի ունենում սիքվելներ:

May be an image of 1 person, flower and outdoors

Այլևս քաղաքական գործիչները չպիտի որոշեն ժողովրդի ճակատագիրը, երկրի ապագան

Շատ հիանալի եմ պատկերացնում ստեղծագործողի ապագան Հայաստանում: Արդեն ասացի՝ ինչի վրա եմ աշխատում: Մեր ՄՆԱ նախագիծը, Մշակութային նոր ալիքը հեղափոխություն պետք է մտցնի հայ մշակութային և քաղաքական գործունեության մեջ, որովհետև ես համոզված եմ, որ այլևս անցել են այն ժամանակները, որ քաղաքական գործիչները պիտի որոշեն ժողովրդի ճակատագիրը, երկրի ապագան: Երկրի ապագան պիտի լինի գիտնականների և արվեստագետների ձեռքերում, և քաղաքական գործիչներն ընդամենը միջանցիկ կարգավիճակ պետք է ունենային, որ մարդկանց ազատեին միապետությունից: Եվ այժմ մարդկությունը կամաց-կամաց հասնում է այն վիճակին, երբ կառավարություն ունենալը այլևս դառնում է անիմաստ: Հետևաբար, քաղաքական գործիչները նույնպես կորցնում են իրենց իմաստը: ՄՆԱ նախագծի շնորհիվ արվեստագետները կհամախմբվեն ոչ միայն իրար հետ, այլ նաև հանդիսատեսի, ոչ մի արվեստագետ իր քաղաքում, իր գյուղում, իր տարածքում իրեն մենակ չի զգա, որովհետև, երբ ես մեծանում էի, ես մեծանում էի կրիմինալ միջավայրում: Իմ բակի ողջ ժողովուրդը քրեական գործունեության մեջ էին, և, բնականաբար, իմ ընտրած մասնագիտությունը՝ ռեժիսորի մասնագիտությունը շատ ծիծաղելի էր այն հասարակության համար, որի հետ ես շփվում էի, ու ես դրա պակասությունը, կարիքը միշտ զգում էի, փոքր ժամանակ ես միշտ ուզեցել եմ գտնել գեթ մի ռեժիսորի, ով նույնիսկ ռեժիսոր չի դարձել, ֆիլմեր չի նկարել, բայց ինչ-որ ժամանակահատված ապրել է դրա մեջ, խոսեի նրա հետ, որովհետև ոչ մեկի հետ չէի կարողանում խոսել այդ թեմաներով ու բավարարվում էի միայն ֆիլմեր նայելով ու պատկերացնելով, թե այդ ռեժիսորի հետ նստած զրուցում եմ, ինձ ինքը ինչ-որ խոսքեր է ասում, նրանց գրքերն էի կարդում, և այլն, և այլն: ՄՆԱ-ի շնորհիվ այլևս ոչ մի երեխա իմ օրը չի ընկնի, որովհետև ինչքան էլ խուլ գյուղում դու որոշես բրեյքդանս պարես, ու քո շրջապատում չլինի մեկը, ով կհասկանա քեզ, ՄՆԱ-ի շնորհիվ դու կգտնես լիքը մարդկանց, ովքեր կոգևորեն քեզ, կհասկանան քեզ, կխոսեն քո հետ, ու դու էլ նրանց հետ կքննարկես քո ապագան, քեզ երբեք մենակ չես զգա ու չես մտածի, որ քո ընտրած ճանապարհը սխալ է: Կհաստատվես քո ցանկացածի մեջ, քո երազանքի մեջ ու կգնաս դեպի այն: Հայաստանին պակասում է նման բան, որովհետև Հայաստանում մարդիկ փոքր-ինչ ուրիշ կանոններով են ապրում, ավելի վայրենի, ավելի կենդանական վիճակների մեջ, և այդ ամենը նրա արդյունքն է, որ մեր ազգը ամբողջովին մեծ սթրեսի և ռեպրեսիայի է ենթարկվել, մարդիկ ընկել են գոյատևման պայքարի մեջ, կորցրել են իրենց հոգևոր արժեքները, սակայն արդեն ժամանակն է, որ մենք վերագտնենք մեր արժեքները և դուրս գանք գոյատևման այդ վիճակից, «պլինդուսից» ցածր այդ մակարդակից ու զարգացնենք մեր հոգևոր աշխարհը:

Անի Գաբուզյան

Լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի և ՄՆԱ-ի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս