«Ի վերջո, բանկերը չեն աշխատում, որպեսզի ազգադավ իշխանությունների աթոռները պահպանեն». Տնտեսագետ
Տնտեսագետների գնահատմամբ, 2020 թվականը Հայաստանի տնտեսության ամենաանկումային տարիներից էր: Տնտեսության մեջ տարեսկզբից ի հայտ եկած բացասական միտումները շարունակվում են, իսկ վերականգնման հեռանկարները՝ անորոշ են:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ տնտեսական սպասումներին:
Նրա գնահատմամբ՝ առկա քաղաքական, աշխարհաքաղաքական, առողջապահական ռիսկերի պարագայում՝ տնտեսական բացասական միտումներն ակնհայտորեն շարունակվելու են և խորանալու.
«Եվ մենք շատ կարճ ժամանակ անց՝ մոտ մեկ-երկու ամիս հետո արդեն ունենալու ենք համատարած տնտեսական- սոցիալական խորը ճգնաժամ՝ իր բոլոր հետևանքներով՝ աղքատության մակարդակի ավելացում, ծայրահեղ աղքատների թվի աճ, տնտեսական անկման խորացում, ազգային արժույթի արժեզրկման շարունակություն, գնաճ և այլ բացասական հետևանքներ: Անհրաժեշտ է արմատական փոփոխություններով անցնել ռազմականին մոտ կարգապահությամբ տնտեսական կարգավորման և հակաճգնաժամային կառավարման»:
Արդյո՞ք բանկային համակարգը կկարողանա դիմակայել իրավիճակին՝ մեր հարցին ի պատասխան՝ տնտեսագետը նշեց.
«Էական ռիսկեր կան բանկային համակարգի համար, և դրանք բավականին խորն են և ունեն նաև առնվազն միջնաժամկետ դրսևորում: Խոսքը վերաբերում է և քաղաքացիների ու բիզնես միջավայրի կողմից վարկերի սպասարկման բարձր ռիսկերին՝ հայտնի օբյեկտիվ պատճառներով՝ մարդիկ կորցրել են իրենց եկամուտները, մի մասը՝ նույն մեր Արցախի Հանրապետության հայրենակիցները, կորցրել են իրենց բնակավայրը, գույքը, հաշվի առնենք, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասը վարկառուներ են, այսօր պատերազմում ստացել են հաշմանդամություն, և հազարավոր քաղաքացիներ նահատակվել են, և այսպիսի իրավիճակում, մանավանդ սոցիալական խորացող ճգնաժամի իրավիճակում, ահագնանում է ռիսկը վարկերի սպասարկման:
Հաջորդը՝ արժույթի փոխարժեքի արժեզրկումն է, որն իր մեջ ևս պարունակում է ռիսկ. մարդիկ իրենց դրամային ավանդները, խնայողությունները դուրս կբերեն և կփոխանակեն ավելի կայուն արտարժույթով: Այսպիսի պարագայում նաև այդ ավանդների սպասարկման ռիսկայնությունն է բարձրացող»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ, բացի ռիսկերն ու մտահոգությունները, արդեն կան կոնկրետ իրողություններ, որոնք բանկային համակարգի համար ճգնաժամի բերող գործոններ են.
«Ի վերջո, մեր տնտեսական բացասական ընթացքի կասեցումը, և հակառակը՝ վերականգնման փուլ մտնելն էապես կախված է ներկայիս քաղաքական իրավիճակից և ներկայիս ապիկար կառավարության անգործությունից, իրավիճակին ոչ համարժեք գործողություններից:
Եթե ամփոփելու լինենք, այո, ֆինանսական համակարգն ունի էական ռիսկ ճգնաժամում հայտնվելու՝ հատկապես բանկային համակարգի մասին է խոսքը: Որքան էլ ասեն՝ ապահով է, կան ռեզերվներ և այլն, մենք պետք է գիտակցենք, որևէ բան, այդ թվում՝ բանկային ռեզերվներն անսպառ չեն, և խնդիրը միայն ժամանակի մեջ է, թե որքան կդիմակայեն: Ի վերջո, բանկերը չեն աշխատում, որպեսզի ազգադավ իշխանությունների աթոռները պահպանեն, նրանք գործում են հանուն շահույթի, և այն պահից սկսած, երբ կունենան վնասներ, բնականաբար, տեսանելի կլինի ճգնաժամը՝ իր բոլոր հետևանքներով»:
Թե ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի քաղաքացին այս տնտեսական իրավիճակում՝ հարցին ի պատասխան՝ տնտեսագետը մի քանի խորհուրդներ տվեց.
«Ծախսեր իրականացնելիս, ժողովրդի լեզվով ասած, հարյուր պետք է չափեն՝ մեկ կտրեն, և այո՛, պետք է անցնեն գերխնայողության ռեժիմի, որովհետև ապագայում ևս սպասվում են ճգնաժամային երևույթներ՝ իրական եկամուտների կրճատում, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, գործազրկության կամ աշխատանքը կորցնելու բարձր ռիսկ: Պետք է հնարավորինս շատ աշխատել և նաև պատրաստ լինել աշխատել, որպես կանոն, ավելի քիչ եկամտի դիմաց»:
Այս անորոշությունների պայմաններում նա չբացառեց, որ նման ռեժիմում կլինենք ողջ հաջորդ տարվա ընթացքում. «Իսկ եթե պահպանվեն այս անորոշությունները և քաղաքական, առողջապահական, աշխարհաքաղաքական ռիսկերը, նույնիսկ մասնագետի լեզուն չի պտտվում գնահատումներ անելու»: