ԱՄՆ-ում կտրուկ ավելացել է էլեկտրակայանների թունավոր արտանետումների ծավալը․ WSJ
ԱՄՆ-ում 2025թ․ կտրուկ ավելացել է էլեկտրակայանների արտանետումների ծավալը՝ մասամբ երկրի էներգահաշվեկշռում ածխի բաժնի ավելացման հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) տվյալներին։
WSJ-ի հաշվարկներով՝ 2025թ․ ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդի եւ ածխաթթու գազի արտանետումներն էլեկտրակայաններում 2024թ․ համեմատ ավելացել են 18, 7 եւ 4 տոկոսով համապատասխանաբար։ Ծծմբի երկօքսիդի արտանետումների ծավալը նախկինում 2000 թվականից բարձրացել էր ընդամենը երկու անգամ՝ 2003թ․ (+4 տոկոս) եւ 2021թ․ (+20 տոկոս)։ Թերթն այդ միտումը կապել է 2025թ․ ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրման գործում 13 տոկոսով ածխի բաժնի ավելացման հետ, միաժամանակ 3 տոկոսով պակասել է բնական գազի բաժինը։
«Այժմ ապացույցներ կան, որ էլեկտրակայաններն ավելի քիչ են օգտագործում մաքրող կայանները»,- թերթին ասել է Natural Resources Defense Council ոչ կառավարական կազմակերպության վերլուծության բաժնի տնօրեն Ամանդա Լեւինը: Նա ավելացրել է, որ թունավոր արտանետումների աճը պայմանավորված է էլեկտրաէներգիայի պահանջարկի աճով եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ածխի օգտագործմանն աջակցող քաղաքականությամբ։
EPA-ն ավելի վաղ հրաժարվել էր էլեկտրակայաններից եւ այլ օբյեկտներից սնդիկի, մկնդեղի եւ այլ տոքսինների արտանետումները սահմանափակող ավելի խիստ չափանիշներ սահմանելու ծրագրերից, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ընդունվածների համեմատ: Բացի այդ, գործակալությունը չեղյալ է հայտարարել իր 2009թ․ որոշումը, որ վեց ջերմոցային գազեր հանրային առողջության համար հիմնական սպառնալիքն են: Այս որոշումը դարձել է գործակալության կլիմայական կանոնակարգերի մեծ մասի իրավական հիմքը, որոնք սահմանափակել են էլեկտրակայաններից թույլատրելի արտանետումները եւ խստացրել վառելիքի խնայողության չափանիշները տրանսպորտային միջոցների համար՝ «Մաքուր օդի մասին» օրենքի համաձայն:



