Պոլսո Պատրիարքի վերջին հայտարարությունը Թուրքիայի իշխանությունների հայտարարությունն է՝ Պոլսո պատրիարքի միջոցով. թուրքագետ

Օրերս Պոլսո հայոց պատրիարք Գերաշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը hայտարարություն է տարածել՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցած իրավիճակի վերաբերյալ։

«Խնդիրը լուրջ է և հետզհետէ աւելի կը խորանայ: Ընդդիմադիր քահանաներ եւ եպիսկոպոսներ հանդէս կու գան եւ անոնցմէ ոմանք կարգալոյծ ըլլալով հանդերձ կը շարունակեն իրենց պաշտօնները պետական նեցուկով: Կալանաւորուած եպիսկոպոսներ ունինք աքթիւ քաղաքականութիւն վարելու պատճառաբանութեամբ: Այս բոլորին դիմաց մենք սփիւռքահայերս մեծաւ մասամբ դիտորդի դիրքին մատնուած ենք եւ շփոթած: Հայ ազգի երկու սրբութիւնները՝ Եկեղեցին եւ Պետութիւնը, որոնք ուխտ ունին միասին ընթանալու հայոց պատմութեան ուղիներու վրայ՝ ազգին լաւագոյնը տալու նպատակով. իրար մաշեցնելու եւ տկարացնելու արարքներ կը ցուցաբերեն այսօր: Երկկողմանի գրգռիչ արարքներ եւ արտայայտութիւններ խրամատները կ’ընդլայնեն եւ յարաբերութիւնները ալ աւելի անել վիճակի կը մատնեն: Մայր Աթոռը ամենէն շատ այս օրերուն պէտք ունի երկնային իմաստութեան»,- նշել է Պոլսո պատրիարքը և Մայր Աթոռին կոչ արել գնալ բարեփոխումների:

Մինչդեռ ամռանը Պոլսո պատրիարքը բոլորովին այլ հայտարարություն էր արել, թե ինչպե՞ս կարող է պատահել, որ Առաքելական եկեղեցին ու պետությունը բախում ունենան.

«Հայը հային թշնամի է. ինչպե՞ս կարելի է, որ պետականությունն ու եկեղեցին բախում ունենան»,- ասել էր նա։

Կարդացեք նաև

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքը չի կարող կարող լինել այդ աթոռին՝ առանց Թուրքիայի իշխանությունների հաստատման։

«Պոլսո պատրիարքը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք զուգահեռված չեն Թուրքիայի իշխանություններին, նա չի կարող գործել առանց տեղի իշխանությունների համաձայնության։ Այս պարագայում շատ հնարավոր է, որ նա հայտարարությունն արել է՝ հետևելով Թուրքիայի իշխանություններին՝ նրանք միջամտել են, ստիպել Մաշալյանին անելու այնպիսի հայտարարություններ, որոնք ձեռնտու են հենց թուրքական իշխանություններին։

Կրկնում եմ՝ այդ պաշտոնին չի կարող նշանակվել այնպիսի մարդ, որը Թուրքիայի իշխանությունների սրտով չէ կամ չի կարող գործել առանց նրանց ցանկությունների՝ դա բացառվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Խուդավերդյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանություններն աջակցում են Հայաստանի գործող իշխանությանը, այդ մասին բացահայտ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Հետևաբար, չեն բացառվում Թուրքիայից հնչող նոր սատարող հայտարարություններ, որոնք ուղղված կլինեն իշխանություններին, կարող են լինել նոր գործողությունների։

«Եթե Թուրքիայի իշխանությունները հարկ համարեն, կարող են ճնշում գործադրեն Պոլսո պատրիարքի վրա, որպեսզի նա նոր հայտարարություններ անի։ Այլ կերպ ասած՝ Պոլսո Պատրիարքի վերջին հայտարարությունը Թուրքիայի իշխանությունների հայտարարությունն է՝ Պոլսո պատրիարքի միջոցով։ Թուրքիայում բոլոր կրոնական կազմակերպություններն իշխանությունների հսկողության տակ են, նրանց հսկողությունից դուրս որևէ բան չեն կարող անել»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս