«Ուզում եք՝ այդ կարանտինի անունը հրաշք դրեք, միևնույն է` բան չի փոխվում». Գևորգ Գրիգորյան
«Վերջին օրն է՝ 6 ամիս տևած, ամենաերկար, թերևս, արտակարգ դրության Հայաստանի պատմության մեջ, որը, կարելի է ասել, այդքան էլ արդյունավետ չէր, որովհետև մենք ունեցանք բավականաչափ շատ վարակված մարդիկ, զոհեր, մենք գրավեցինք առաջին տեղը եվրոպական երկրների մեջ 100.000 բնակչի շրջանում տարածվածության առումով կորոնավիրուսի, մենք տարածաշրջանում առաջին տեղ ենք գրավում թե՛ տարածվածության. և թե՛ մահացության առումով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան, փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության 6 ամսվա ընթացքում ի՞նչ բացթողումներ ու ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել:
Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ այսօր առկա վիճակը առիթ չի տալիս հուսալու, որ մենք կհաղթահարենք կորոնավիրուսի առաջին ալիքը:
Ըստ մեր զրուցակցի՝ մենք մեր սխալների վրա չենք սովորել, որովհետև այսօր առողջապահական համակարգը շարունակում է իր արատավոր քաղաքականությունը, նույն սխալներն է անում և «նույն փոցխի վրա երկրորդ անգամ է կանգնում»:
Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա Գևորգ Գրիգորյանը վստահ է, որ նրանք դասեր քաղել են ու հիմա կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի հմուտ են, քան 6 ամիս առաջ:
Փաստահավաք խումբը, որը սկսել էր գործել 2020 թվականի մարտի 20-ից, նպատակ ուներ հավաքագրել և համապատասխան կերպով խմբագրել տվյալները, փաստերը ստուգել, ապա տրամադրել պարետատանը:
Գ․ Գրիգորյանի խոսքով՝ 3 առողջապահական, իրավական և սոցիալ-տնտեսական ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում շատ բացթողումներ են նկատել: Ըստ նրա՝ արձանագրումների մեծ ծավալ կա, որոնք պետք է իրավական հետևանքներ ունենան:
«Մեր խմբի գործունեությունը ոչ միայն եղել է, այսպես ասած, բացթողումների հավաքագրում, այլ մենք քննադատությամբ և այդ բացթողումները լայն հասարակությանը մատուցելով՝ պարտադրել ենք իշխանություններին աշխատել: Եվ կարող ենք ասել, որ մասնակի մեզ մոտ դա ստացվել է»,- ասաց Գևորգ Գրիգորյանը՝ նշելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացնեն իրենց հավաքագրած տեղեկությունը:
Փաստահավաք խմբի ներկայացուցչի խոսքով՝ գործունեության ողջ շրջանում պարետատան հետ համագործակցել չեն կարողացել՝ իշխանության ներկայացուցիչների «թերարժեքության բարդույթի» հետևանքով:
Հարցին, թե որպես բժիշկ՝ ինչպե՞ս է վերաբերվում արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու փաստին, Գևորգ Գրիգորյանը պատասխանեց.
«Եթե արտակարգ դրություն բառերը մենք փոխարինենք կարանտին բառով, դրանից իմաստային ոչ մի բան չի փոխվում: Նույն սահմանափակումները գրեթե մնում են, և նույն վարվելակերպը մնում է, մարդկանց կրկին դիմակներ են հագցնում, էլի տուգանելու են, էլի տնտեսությունը կանգնած է մնալու: Հիմա ուզում եք՝ կարանտինի անունը հրաշք դրեք, միևնույն է՝ բան չի փոխվում: Եվ մեր երկրի բնակիչների բախտն ուղղակիորեն չբերեց, որ մենք ունեցանք ապիկար կառավարիչներ, որ 6 ամիս արտակարգ դրություն պահելով, միևնույն է՝ նրանց պետք է նաև կարանտին: Դա խոսում է այդ մարդկանց և կառավարիչների ապիկարության և տգիտության մասին, որովհետև եթե երկրները դիմակայել են առաջին ալիքը, հիմա արդեն երկրորդ ալիքի դեմ են սկսում պայքարել, մեր երկիրը նույնիսկ առաջինը չի մարել: Մեր մոտ նոր-նոր թվերը գնում են դեպի նվազում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում