Առանց քերականական որոշակի գիտելիքների՝ անհնար է հայերեն սովորեցնել. Յուրի Ավետիսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի կարծիքով՝ ինչքան էլ նորարարական գաղափարներով տոգորված լինեն առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի անդամները կամ նրանք, ովքեր ուզում են նոր գիրք կազմել՝ պետք է անպայման անցած փորձը, ազգային, կրթական համակարգի դրական կողմերը պահեն, իսկ այդ դրական կողմերն արտացոլված են նախորդ դասագրքերում:
«Դասագրքեր կան, որ տասնամյակներ շարունակ ծառայել են դպրոցին, սերունդներ կրթել, իսկ հիմա իրենք մեկ հարվածով այդ ամբողջը դնում են մի կողմ, օգտվում են օտար ծրագրերից ու նախագծերից ու փորձում են մոռացության տալ մեր ազգային, կրթական ավանդույթները, արժեքները: Հիմքում մերը պետք է լինի: Կրթությունն ավանդապահ ասպարեզ է, այսպիսի հեղափոխական ծրագրեր չի սիրում: Ինչքան էլ դրսինը լավը լինի՝ պետք է անպայման հենվի մեր ունեցած փորձի վրա, որովհետև այն կենսագրություն ունի, փորձառություն է անցել մեզ մոտ: Իսկ իրենք չեն ուզում այդ ճանապարհով գնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Ավետիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայոց լեզու առարկայի ծրագրի նախագծում քերականությունն ամբողջապես աղճատված է ներկայացված:
«Մեր լեզվի ուսուցումը շատ յուրահատկություններ ունի, դրանցից ամենակարևորը քերականության որոշակի պաշար ունենալն է: Դժգոհում են, թե քերականություն ենք ուսուցանում, քերականախեղդ ենք անում, դա այդպես չէ: Առանց քերականական որոշակի գիտելիքների՝ անհնար է հայերեն սովորեցնել՝ լինի լեզվակիրառող սովորական հայը, թե օտարը: Այսպիսի հանգամանքները հաշվի չեն առել: Օրինակ, հնչյունական համակարգը թողել են տարրական դպրոցին կամ ցածր դասարաններին, ընդհանրապես չեն անդրադառնում միջին դպրոցում, իսկ ավագ դպրոցում 3 տարի շարունակ նույն թեմաները կրկնում են նույն բովանդակությամբ:
Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը, իհարկե, «ազնիվ է»՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանն ըստ ամենայնի տիրապետելը։ Սակայն և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրն այս խնդիրը լուծում է մասամբ։
Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ:
Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դ.) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումն անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։ Օրինակ՝ չափորոշչո՞վ, թե՞ չափորոշիչով. այս գործի հեղինակները օգտագործել են առաջին տարբերակը, կամ՝ Լոռով/Լոռիով, Դավթի/Դավիթի, մշակութային/մշակույթային, վերնաշապկի/վերնաշապիկի, եզրափակչում/եզրափակիչում և այլն։
Անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։
Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կառուցելու համար»,- նշեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։
Յուրի Ավետիսյանը ընդգծեց՝ քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։
«Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պիտի ուսուցանվի ավագ դպրոցում։
Համակարգված և ամբողջական ներկայացված չէ ոճաբանություն կամ, ինչպես հեղինակներն են ասում, ոճերին վերաբերող բաժինը։
Չի պահպանված թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.)։
7-8-9-րդ դասարանների ամբողջ գործնական նյութը խարսխված է գեղարվեստական գրականության վրա։ Միջառարկայական կապերի մատուցումը ավելի շատ ձևական բնույթ է կրում: Ծրագիր կազմելու համար փորձ ունեցող, ոլորտի առավել գիտակ մարդկանց պետք է ընդգրկել: Իմ մասին չէ խոսքը, առաջարկ լինի էլ՝ չեմ գնա, դա իմ գործը չեմ համարում, բայց պետք չէ արհամարհել գիտնականի կարծիքը: Հո դպրոցը միայն ուսուցչինը չէ: Ի՞նչ է նշանակում՝ հեռու պահեք գիտնականներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը: