
6 երկրի արվեստագետներ միավորվել են «Փրայմ Թայմ» մյուզիքլի շուրջ. «սիրով և ոչ սվիններով»

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Մոսկվայի մյուզիքլի թատրոնի միջև ստորագրված մշակութային համագործակցության հուշագիրն արդեն տվել է իր արդյունքը։ Երկու թատրոնների համագործակցության արդյունքում ծնվել է «Փրայմ Թայմ» մյուզիքլը, որի առաջնախաղն օրերս տեղի ունեցավ Պարոնյանի անվան թատրոնում։ Բեմադրությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանինն է, ներկայացման գաղափարի հեղինակը Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է, ով հայաստանյան պրեմիերան դիտելու համար տիկնոջ հետ եկել էր Երևան։
«Փրայմ Թայմ» մյուզիքլի գործողություններն ընթանում են հայաստանյան հեռուստաընկերություններից մեկում, որտեղ հեռուստաշոուների փայլուն դիմակի տակ թաքնված են իսկական խարդավանքներ։ Հեռուստաշոուների մասնակիցներից ոչ բոլորին է վիճակված ունենալ հեշտ հաղթանակներ, իսկ գլխավոր հերոսուհուն՝ Աննային, առավել ևս։ Սակայն նա չի վհատվում ու մարտահրավեր է նետում բոլորին, որի հանգուցալուծումն անակնկալ է բոլորի համար։
Ներկայացման պրեմիերայից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ այս նախագիծը վերածվել է լայնածավալ մշակութային համագործակցության՝ համախմբելով 6 երկրի արվեստագետների։
«Թատրոնների միջև ստորագրված հուշագիրը հիմք է հետագա համագործակցության խորացման և նոր համատեղ նախագծերի իրականացման համար՝ ներառյալ ստեղծագործական փոխանակումներ, համատեղ հյուրախաղեր և փորձի փոխանակման ծրագրեր»,- ասաց Կարո Շահբազյանը։
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն էլ նշեց, որ ի սկզբանե Միխայիլ Շվիդկոյի հետ որոշել էին Հայաստանում բեմադրել «Դոն Կիխոտը», բայց այն բեմադրելու համար պետք է գրեին նոր երաժշտություն ու լիբրետո, ինչի համար պիտի սպասեին 3 տարի, ուստի որոշել են առայժմ չբեմադրել։
«Պարոն Շվիդկոյն առաջարկեց այս մյուզիքլը, վստահ էր, որ սյուժեն հետաքրքիր կլինի նաև Հայաստանում: Ցույց տվեց բեմադրության հոլովակը, նայեցի ու որոշեցի՝ անելու ենք, և այդպես մյուզիքլի վրա աշխատեցինք 4-5 ամիս։
Ներկայացման գործողությունը կատարվում է Հայաստանում, կերպարները հայեր են։ Ամեն ինչ արել ենք բացառապես թատրոնի ուժերով»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:
Միխայիլ Շվիդկոյը նախ շնորհակալություն հայտնեց Պարոնյան թատրոնի ողջ անձնակազմին՝ շեշտելով, որ այս մյուզիքլը ԱՊՀ տարածքում նմանատիպ առաջին աշխատանքն է։
Նրա խոսքով՝ հայաստանյան տեղայնացված մյուզիքլը ռուսական տարբերակից ամբողջությամբ տարբերվում է, ինչը ռեժիսորական ինքնուրույն աշխատանքի արդյունք է:
Միխայիլ Շվիդկոյի դիտարկմամբ՝ մշակույթը միայն երկխոսություն չէ, այն մարդկանց բացատրում է, թե ինչ կարելի է անել և ինչ չպետք է անել:
«Մենք չենք հայհոյում, փոխարենը՝ ստեղծում ենք այսպիսի բեմադրություններ: Համարում եմ, որ նմանատիպ գործերն իրականանում են սիրո շնորհիվ: Բայց մշակութային երկխոսությունը կարող է տալ միայն այն, ինչ դուք պատրաստ եք ընդունել։ Այս իմաստով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դարավոր են, մենք միմյանց հետ միշտ եղել ենք սիրով, ոչ թե սվիններով: Կարծում եմ՝ այսօր աշխարհում ամենակարևորը սերն է, որը մեզ փրկելու է։ Այն առնվազն հակադրվում է ատելությանը։ Ըստ էության, արվեստը կյանքում չի ավելացնում ուրախությունը, բայց այն ավելացնում է հորմոններ։ Ու եթե դրանք պատշաճ քանակի են, արդեն իսկ լավ է»,- նշեց նա:
Նշենք, որ ներկայացման բնօրինակ երաժշտությունը հեղինակել է կանադացի կոմպոզիտոր Մաքսիմ Լեպաժը։ Ներկայացումն ուղեկցվում է կենդանի նվագակցությամբ՝ դիրիժոր Կարեն Լավչյանի ղեկավարությամբ։ Իսկ նկարչական ձևավորումն իրականացրել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի բեմանկարիչ Աննա Նինուան, զգեստների ձևավորումը մոլդովացի դիզայներ Տատյանա Պոպեսկուինն է։