«Ասում են՝ պոստերի ուղղությամբ գիշերը կրակոցներ եղել են, բայց մենք գյուղում չենք լսել». Կութի նախկին ղեկավար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմից կրակոցներ են եղել՝ ուղղված իրենց դիրքերին։ ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր այս տեղեկատվությունը հերքող հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մինչև այսօր չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի դիրքորոշումը՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն, նմանատիպ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում հատկապես գիշերներն անկանոն կրակ է արձակում։

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի նախկին վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ համացանցից են տեղեկացել, որ ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով է կրակում, այդ կրակոցների ձայները գյուղերում բնակիչները լսել են։ Կութում կրակոցների ձայները լսում են հեռվից, գյուղում դրանք գրեթե չեն լսվում։

Կարդացեք նաև

«Այս պահին իրավիճակը նորմալ է, ասում են՝ մեր պոստերի ուղղությամբ գիշերը կրակոցներ եղել են, բայց մենք գյուղում չենք լսել։ Ինչ լինում է, պոստերում է լինում»,- 168.amի հետ զրույցում նշեց Սիմա Չիտչյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական դիրքերի մոտ միայն գյուղացիների խոտհարքերն են, իսկ մշակովի հողատարածքները գտնվում են գյուղի ներքևի հատվածում, դրա համար բնակիչները մշակելիս խնդիր չեն ունենա։

«Խոտհավաքը դեռ չի սկսվել, չգիտեմ՝ ինչպե՞ս կլինի, կկարողանա՞նք հավաքել, թե՞ ոչ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է 2021 թվականի հունիսին ադրբեջանական կողմից Կութ գյուղից 80 անասուններ գողանալու դեպքին, Սիմա Չիտչյանն ասաց, որ բնակիչները, որոնց անասուններին ադրբեջանցիները գողացել էին՝ փոխհատուցում են ստացել։

«Իմ օրոք է եղել, որ Ադրբեջանի կողմից մեր գյուղից անասուններ են գողացել, փոխհատուցում ստացել են գյուղացիները, բոլորին տվեցինք։ Այդ փոխհատուցումը ստացան ու անասուններ առան, որ պահեն»,- ընդգծեց Սիմա Չիտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս