
Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի․ «Հետք»

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել: Այս մասին գրում է «Հետք» պարբերականը:
Փետրվարին տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր խոսքի մեջ Ռ. Կալինյակը որպես օրինակ նշել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրույցը Smer-SD կուսակցության ու Կալինյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրվել է փետրվարի 21-ին:
Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրություններ անցկացվել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամետ կառավարության ներկայացուցիչ Կալինյակն ասել է. «Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»:
ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլավ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրավիրվել, նրանից բացատրություն չի պահանջվել, Սլովակիայի կառավարությանը հայկական կողմը բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանությունը լռություն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Հովհաննիսյանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Ավստրիայում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում):
Սլովակիայի հայ համայնքում վրդովված են, որ ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել սլովակ բարձրաստիճան պաշտոնյայի շարունակական ստերին: Համայնքում «Հետքի» աղբյուրը նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի ներկայացնում Սլովակիայի իշխանություններին, եւ Ռոբերտ Կալինյակը շարունակում է ադրբեջանական կեղծ թեզերի տարածումը:
Կարծել, թե ՀՀ կառավարությունը կամ ԱԳՆ-ն չի իմացել այս հայտարարությունների մասին, միամտություն կլինի, քանի որ հայ համայնքը դրանց արագ է արձագանքել, հետեւաբար անտեղյակության մասին խոսք չի կարող լինել: