
Մութ խաղ, որը տարածվում է դպրոցներում. ինչու «Կարմիր դուռ, դեղին դուռ»-ը պետք է անհանգստացնի ծնողներին

«Կարմիր դուռ, դեղին դուռ» (անգլ.՝ Red Door, Yellow Door) խաղը, որը հայտնի է նաև՝ որպես «Դռների խաղ», այսպես ասած՝ հոգեբանական/մեդիտատիվ խաղ է, որը շատերը խաղում են ինչպես զվարճանալու, այնպես էլ «գերբնական» կամ «հոգեվիճակային» փորձառություններ ապրելու համար։
«Կարմիր դուռ, դեղին դուռ»-ը տարածվել է հիմնականում TikTok-ով ու YouTube-ով՝ որպես «սպիրիտուալ» կամ «միստիկ» փորձառություն։ Խաղը նման է մեդիտացիայի ու հիպնոսի խառնուրդի, և նրան մասնակցող երեխաները կամ դեռահասները ընկղմվում են երևակայական միջավայր, որտեղ բացում են տարբեր գույնի դռներ ու հանդիպում տարօրինակ էակների կամ տեսարանների։
Տարածման փուլերը՝
1. Սկիզբ՝ համացանցի մութ խորքերում։ Խաղը ի սկզբանե հայտնի դարձավ 2010-ականների սկզբին Reddit-ի, creepypasta-ի և սարսափ հարթակների շրջանակում՝ որպես «mental game»։
2. Վերածնունդ TikTok-ում՝ մոտ 2019-2020 թվականներին։ Տարբեր օգտատերեր սկսեցին տեղադրել խաղի իրականացման տեսանյութեր՝ իրենց իսկ վախենալու ռեակցիաներով, ինչն էլ խաղը դարձրեց վիրուսային։
3. Կրկին տարածում դեռահասների շրջանում: Քանի որ խաղն «անվնաս» է թվում՝ առանց ֆիզիկական վտանգի, շատ երեխաներ ու դեռահասներ սկսեցին փորձել այն տանը՝ չհասկանալով, որ դա կարող է հոգեբանական ծանր ազդեցություն ունենալ։
Ինչպե՞ս է խաղը ընթանում
Երեխան կամ պատանին պառկում է՝ գլուխը մեկ ուրիշի ծնկների վրա։
«Տիրակալը» (հայտնի է՝ որպես առաջնորդ) սկսում է կամաց-կամաց հանգստացնել խաղացողին, կրկնելով բառեր, օրինակ՝ «կարմիր դուռ, դեղին դուռ, ցանկացած դուռ, բացվիր»։
Հիպնոսանման վիճակի մեջ ընկնելուց հետո խաղացողը սկսում է «տեսնել» տարբեր սենյակներ ու դռներ՝ փակ աչքերով։
Նա պետք է ընտրի դռներ ու «մտնի» սենյակներ՝ նկարագրելով, ինչ է տեսնում։
Ինչո՞վ է խաղը վտանգավոր
1. Հոգեբանական ազդեցություն. Խաղը նման է ինքնահիպնոսի։ Կարող է առաջացնել սարսափ, պանիկա, ուժեղ անհանգստություն կամ նույնիսկ վնասել հոգեկան առողջությանը։
2. Տրավմատիկ պատկերներ. Մարդիկ հաճախ պատմում են, որ «տեսել են» մութ, սարսափելի կերպարներ՝ սև մարդ, մուրճով ստվերներ և այլն, ինչը կարող է երկարաժամկետ վախ առաջացնել։
3. Իրականության զգացողության կորուստ. Հատկապես շատ զգայուն երեխաների մոտ խաղը կարող է խառնել իրականությունն ու երևակայությունը։
4. Անքնություն և մղձավանջներ. Շատերը նշում են, որ խաղից հետո վատ են քնել կամ անընդհատ հիշել են սարսափելի պատկերներ։
5. Խորհրդավոր կերպարների վտանգ. Խաղի «կանոններով», եթե խաղացողը հանդիպում է սև հագուստով մարդու կամ նստած մարդու, չպետք է մոտենա, քանի որ կարող է «մնալ» այնտեղ՝ այդ վիճակից դուրս չգալով։
Խաղը երեխաների համար անպետք և վտանգավոր է, հատկապես, եթե երեխաները տարվում են միստիկայով կամ սարսափ ֆիլմերով։ Այն կարող է լուրջ վնասել նրանց հոգեկան վիճակը։ Լավ է խոսել երեխաների հետ նման խաղերի մասին և բացատրել՝ ինչու պետք է հեռու մնալ։
Երեխաներին «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի նման վտանգավոր հոգեբանական խաղերից պաշտպանելու համար կարևոր է միաժամանակ թե՛ կանխարգելիչ քայլեր անել, թե՛ երեխաների հետ բաց ու վստահելի հարաբերություններ կառուցել։
1. Զրույց երեխայի հետ՝ առանց վախեցնելու
Պատմեք, որ որոշ խաղեր, թեև խաղալի են թվում, կարող են վնասել հոգեբանությանը։
Բացատրեք, որ նման խաղերը կարող են առաջացնել վախ, անհանգստություն, մղձավանջներ, ու նույնիսկ խուճապ։
Ասեք, որ նույնիսկ, եթե «ոչինչ չպատահի», մարդու ուղեղը կարող է հիշել այդ երևակայությունները և տանջել գիշերներով։
2. Տեղեկացված եղեք՝ ինչով են հետաքրքրված երեխաները
Հետևեք՝ ինչ են դիտում YouTube-ում, TikTok-ում կամ խաղում։
Եթե լսում եք, որ խոսում են «միստիկ» կամ «սև մարդ» թեմաներով խաղերից, զրուցեք։
Հետաքրքրվեք՝ դպրոցում, ընկերների մոտ արդյո՞ք խաղացել են նման բան։
3. Արգելելը՝ խելամիտ սահմաններում
Եթե պարզապես ասեք՝ «չի կարելի», երեխան կարող է հետաքրքրվել ավելի շատ։
Փոխարենը բացատրեք՝ ինչու է խաղը վտանգավոր։ Տվեք օրինակներ, անգամ ուրիշ երեխաների փորձառություններից։
Կարող եք դիտել միասին համացանցում դեպքեր, երբ երեխաները տառապել են այդ խաղից հետո (առանց սարսափեցնելու)։
4. Առաջարկեք հետաքրքիր ու անվտանգ այլընտրանքներ
Խրախուսեք ստեղծագործական խաղեր, ինտելեկտուալ զբաղմունքներ, ֆիզիկական ակտիվություն։
Առաջարկեք հանելուկներ, զվարճալի խմբային խաղեր, դասական խաղեր կամ գիրք ընթերցելու արկածային ձևեր։
5. Ստեղծեք վստահության միջավայր
Եթե երեխան գիտի, որ կարող է ձեզ պատմել ամեն ինչ՝ առանց դատապարտվելու, նա կկիսվի՝ եթե ինչ-որ բան անհանգստացնի։
Հետաքրքրվեք ոչ միայն՝ «ինչ ես արել», այլև՝ «ինչ ես զգացել», «ինչ խաղեր խաղացիք»։
Սիրարփի Աղաբաբյան