
«Եթե այդ տրամաբանությամբ շարունակվի, բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն սնանկության եզրին, հետևանքները շատ ծանր կլինեն»

Օրեր առաջ կառուցապատողներն ահազանգել էին՝ պետությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս կառուցապատման փուլում գտնվող, կիսակառույց շենքերի համար, ինչը մեծ խնդիրներ է առաջացրել կառուցապատման շուկայի համար։
Այս նպատակով ոլորտի ներկայացուցիչները նաև հանդիպել են Կառավարության ներկայացուցիչների հետ՝ առաջարկով՝ չեղարկել գույքահարկի գծով կառուցապատողներին պարտավորություններ առաջադրող օրենքը։
Ինչպիսի՞ հնարավոր հետևանքներ են սպասվում ոլորտին՝ նման հարկային քաղաքականության շարունակականության պայմաններում, և արդյո՞ք մեկ անգամ արդեն հուսախաբ արած պատկան մարմիններն այս անգամ կլսեն կառուցապատողներին․ այս հարցերի շուրջ 168․am-ը զրուցել է Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։
Նրա կարծիքով՝ այս մեխանիզմի շարունակականության դեպքում հետևանքները շատ ծանր կլինեն ոլորտի վրա։
«Կառավարության ներկայացուցիչների հետ ունեցել ենք քննարկումներ, հանդիպում, ամենօրյա կտրվածքով բարձրաձայնում ենք խնդիրները և ակնկալում՝ խնդրի լուծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում,- հավելեց Գուրգեն Գրիգորյանը՝ մանրամասնելով,- Տեղեկացրել ենք՝ եթե այդ տրամաբանությամբ շարունակվի օրենսդրական գործողությունը, ապա բազմաթիվ կառուցապատողներ պարզապես կհայտնվեն սնանկության եզրին։ Արդար չէ, որ գույքահարկը հաշվարկվի ու հարկվի դեռևս չկառուցված կամ կառուցման փուլում գտնվող գույքի համար»։
Անդրադառնալով նախապատմությանը՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը նկատեց, որ այս նախագիծը քննարկելիս նշում էին, որ նպատակը չվերջացող շինարարությունների խնդիրը լուծելն էր, սակայն այդ ժամանակ չկային տեղական տուրքեր սահմանող համայնքային իշխանության մարմինների հնարավորությունները։
«Իսկ ներկայումս կա այդ իրավակարգը․ այսինքն՝ եթե կառուցապատողը չհասցնի ժամանակին ավարտել կառուցապատման ծրագիրը, պետք է դիմի համայնքին, երկարաձգի շինթույլտվությունը և դրա համար վճարի մի քանի տասնյակից՝ ընդհուպ մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ տեղական տուրք՝ կախված ծավալներից։ Եվ ստացվում է, որ այդ տուրքը վճարելուց զատ՝ դեռ մի բան էլ պետք է վճարի գույքահարկ դեռևս չկառուցված գույքի համար։ Ի դեպ, այս առումով, կա նաև այլ կարգավորում, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով է նախատեսված․ ժամկետը խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն»,- պարզաբանեց նա։
Գուրգեն Գրիգորյանը շեշտեց՝ որպես մասնագիտացված ասոցիացիա՝ իրենք դեմ չեն անավարտ շինարարությունների, անբերախիղճ կառուցապատողների վարքագծի դեմ պայքարի համար պետության կողմից մեխանիզմների նախաձեռնմանը, բայց նաև հիշեցրեց, որ չի կարելի փոքր խումբ կազմող անբարեխիղճ կառուցապատողների պատճառով շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել վատթարացող կարգավորումներ։
«Ըստ էության, ստացվում է միատեսակ վարչարարություն թե՛ բարեխիղճ, թե՛ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։ Բացի այդ՝ այս կարգավորումներին տրվել է նաև հետադարձ ուժ․ կարգավորումները տարածվում են նաև մինչև 2023 թվականը տրված շինթույլտվությունների հետագա երկարաձգումների վրա ևս։
Սա լուրջ մտահոգություն է, որովհետև կորոնավիրուսի կամ պատերազմի փուլում մեկնարկած, իրականացվող քաղաքաշինական ծրագրերն են, որ մոտենում են ավարտին, և դրանք են, որ կարիք են ունենում մի քանի ամիս կամ մինչև մեկ տարի երկարաձգման։ Փաստացի, վատթարացնող նորմին տրվել է հետադարձ ուժ, ինչը հաշվարկված չի եղել որևէ կառուցապատման ծրագրի ինքնարժեքի մեջ և լրացուցիչ նոր ֆինանսական բեռ է, որին բիզնեսը, առանց այն էլ՝ ներկայիս, մեղմ ասած՝ ոչ բարենպաստ պայմաններում, պատրաստ չէ»,- ասաց հ/կ նախագահը։
Նա նաև հիշեցրեց՝ 2022 թվականի աշնանը, երբ որոշումը դեռևս նախագծային փուլում էր, քննարկումներ են եղել, իրենք ներկայացրել են այն հիմնավորումները, թե ինչու չպետք է ընդունվի նման կարգավորում։
«Այդ ժամանակ մեզ խոստացան, որ չի ընդունվի, բայց պարզվում է՝ ընդունվել է, ու ոչ միայն ընդունվել է, այլև մոռացության էին մատնել և միայն 2025 թվականի մարտից են վերհիշել, որ կա նման օրենսդրական լծակ, փորձում են դա օգտագործելով՝ կառուցապատողներից գանձել գույքահարկ,- հավելեց Գուրգեն Գրիգորյանը՝ սա համարելով տնտեսության համար լուրջ մարտահրավեր,- Մեր ոլորտը երկրի ՀՆԱ-ի գրեթե 1/5-ն է ապահովում, իսկ կառուցապատողներն այսօր թիրախավորված են։
Անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում՝ եկամտահարկի հետվերադարձի ծրագրի դադարեցման և շուկայում այլ գործիքների բացակայության առկա պայմաններում, վաճառքի տեմպերի նվազումը լինելու է շարունակական, ինչը հանգեցնելու է տնտեսության այս կարևորագույն ճյուղի անկմանը»։
Այս համատեքստում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը նշեց՝ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումը մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ բարձրաձայնվել ու քննարկվել են բոլոր մտահոգությունները։
Հարցին, թե կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո ի՞նչ խոստումներ են տրվել, և արդյո՞ք վստահ են, որ այս անգամ էլ նույն սցենարով չի գնա կառավարությունն ու հուսախաբ չի անի, նա պատասխանեց․
«Մեզ խոստացան, որ կփորձեն օրենսդրական ճանապարհով հարցին լուծում տալ։ Ապրիլի 10-ին ստացել ենք օրենսդրական փոփոխության մասին հուսադրող նախագիծը, որը մեր դիտարկումներով՝ հետ կուղարկենք կառավարության ներկայացուցիչներին՝ ապավինելով նրանց հաստատակամությանը, որ օրենսդրական նախագիծը կտանեն ԱԺ։
Խաղի կանոնները պետք է արդարացի լինեն, ու բիզնեսի համար ամեն ինչ պետք է լինի կանխատեսելի․ անկանխատեսելիությունը բիզնեսի համար հղի է ծանր վտանգներով։ Չի՛ կարելի սթրեսներ ստեղծել բիզնեսի համար, փոխարենը՝ պետք է պարարտ հող, իսկ հակառակ դեպքում բիզնեսի ախորժակը կփակվի»։