20-րդ դարասկզբին Երևանում մոլեգնող հիվանդությունների ու առողջապահական համակարգի բացակայության մասին
Կորոնավիրուսի պանդեմիան հերթական անգամ մարդկությանը դրդեց աչք ուղղել դեպի անցյալ, թերթել նախորդ դարերի համաճարակների պատմություններն ու վիճակագրությունը, հասկանալ խնդիրներն ու բացթողումները։ Ոմանք գնացին այդ քայլին, սակայն արդյունքում աշխարհի ներկայիս կարգավիճակում ոչիչ չփոխվեց։ Մահացու վիրուսը շարունակում է աճել, զարգանալ, ընդգրկել նոր տարածքներ։ Այս համատեսքստում դեպի անցյալ հետքայլից զերծ չմնաց նաև Հայաստանը։
Շատ կտրուկ մամուլն ու պարբերականները սկսեցին վերհիշել 20-րդ դարասկզբի հիվանդությունները, որոնք մոլեգնում էին Երևանում և խլում շատ մարդկանց կյանքեր։ Հատկանշական է, որ դարասկզբի Հայաստանում շատ էին տարբեր ու զանազան հիվանդությունները։ Յուրաքանչյուր հիվանդություն ունենում էր իր կարգավիճակին համապատասխան հիվանդների ու զոհերի թվաքանակ։ Թերևս, մի շարք հուշերից զատ, 1920-ականների ու դրանից առաջ Երևանում մոլեգնած համաճարակների մասին մի շարք վիճակագրական տվյալներ մենք ստանում ենք 1920 թվականին Երևանում լույս տեսած «Առողջապահիկ» ամսագրից։ Ամսագրում փորձ է արվում քննել նախորդ տարիների համաճարակների հասցրած վնասներն ու մատնացույց անել այդ ամենի թիկունքում գտնվող խնդիրները, որոնք տեսականորեն նպաստեցին, որպեսզի այդ թվականների համաճարակներից մահացածների թվերը լինեն զգալի բարձր։ 1900-ականների սկզբին Երևանում մի շարք վարակիչ հիվանդությունների կողքին առատ հունձ էր իրականացնում մանկական ամենահայտնի հիվանդություններից մեկը՝ քութեշը (սուր վարակային հիվանդություն)։ Քութեշի հասցրած վնասների մասին տվյալներ մենք ստանում ենք վերոնշյալ ամսագրից․
«1906 թվականին Երևանի նահանգում քութեշով հիվանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիվանդներից 1/3-ից ավելին։ Դիֆտերիայով հիվանդացել է 506 հոգի և մեռել 158, այսինքն հիվանդացողներից մեկ քառորդից ավելին մեռել է։ 1907 թվին նահանգում առատ հունձ էր անում քութեշը․ այդ տարում նահանգում քութեշով հիվանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թվին քութեշով հիվանդացել է 900 հոգի և մեռել 252։ 1909 թվին քութեշից մեռնողների թիվը ավելի է բարձրանում․ 549 հիվանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ» ամսագիր։ Երևան, 1920 թվականի մարտ)։
Սրանք լոկ թվեր են, որոնք ներկայացնում են համաճարակի հասցրած վնասները։ Եթե միայն թվերով դատենք, ապա անհասկանալի կլինի, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ մահերի թիվը շատ բարձր էր։ Առաջին հայացքից այդ ամենի հիմքում ժամանակաշրջանի վատ վիճակն էր, բժշկության ոչ այդքան զարգացած լինելը։ Սակայն նույն ամսագիրը մեզ ներկայացնում է նաև հետաքրքիր վիճակագրական տվյալներ, թե որքա՞ն բժիշկ կար այդ տարիների Երևանի գավառում։ Այս ցուցանիշներից հետո պարզ է դառնում, որ 1910-ականների Երևանում, մեղմ ասած, չկար բժշկություն և առողջապահական համակարգ․
«1910 թվին Երևանում 31 հազար 297 հոգուն ընկնում էր միայն 15 բժիշկ, այսինքն յուրաքանչյուր 2086 հոգուն գալիս էր մեկ բժիշկ։ Ալեքսանդրապոլում 35 հազար 865 հոգուն կար 8 բժիշկ, այսինքն մեկ բժիշկը 4482 հոգուն։ Երևանի գավառում 53 հազար 656 հոգուն միայն 2 բժիշկ։ Ալեքսանդրապոլի գավառում 46 հազար 476 հոգուն 3 բժիշկ։ Նորբայազետի 69 հազար 297 հոգուն 2 բժիշկ․․․ ընդամենը ամբողջ նահանգում 1910 թվին եղել է միայն 49 բժիշկ, մոտ 900 հազար բնակիչ։ Նահանգի հակաառողջական դրությունը, ազգաբնակության տգիտությունը, գյուղական կյանքի պայմանները, վարակիչ ախտերի համար հատուկ հիվանդանոցների և ախտահանոցների բացակայությունը․ այս բոլորը նպաստում են նահանգում ամեն տեսակի վարակիչ հիվանդություններ երևալուն և մանավանդ մանուկների վարակիչ հիվանդությունների տարածվելուն»։ (Նույն տեղում՝ «Առողջապահիկ» ամսագիր)։
Հետագա տարիներին ևս տարբեր հիվանդություններ գրանցվում են։ Հատկապես թոքաբորբի բարձր ցուցանիշ է նկատվում 1919-20 թվականներին՝ զինվորների և սպաների մոտ։ 1919-1920 թվականների ընթացքում Հայաստանի զինվորական հոսպիտալ է մտել 19 հազար 681 հիվանդ զինվոր և սպա, որից 1243-ը մահացել է։ Նույն ժամանակաշրջանում հոսպիտալացվել է նաև 960 վիրավոր զինվորական։ Պետք է ընդգծել, որ այդ շրջանում զորքում շատ էր տարածված թոքաբորբը։ Նույն ժամանակահատվածում հոսպիտալացվել է թոքաբորբով հիվանդ 11 հազար 986 զինվոր, որոնցից 11 հազար 730-ն առողջացել է, իսկ 256-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ հիվանդություններից և վիրավորումից 1919 թվականին մահացել է սպաների 2,7 տոկոսը, իսկ զինվորների 6,1 տոկոսը։ Հետաքրքրական է, որ այդ տարիներին Երևանում լույս տեսնող մի շարք թերթերի հայտարարությունների բաժնում տեսնում ենք, որ մի շարք անհատ բժիշկներ հիվանդ զինվորականներին ընդունում էին բուժելու անգամ իրենց բնակարաններում։ Այս փաստերը կարդալով՝ հերթական անգամ հասկանում ենք, որ տարբեր ժամանակներում՝ անկախ պետական քաղաքականությունից, բժիշկներն անձնվիրաբար կատարել են իրենց գործը։
Այս տվյալները գրանցվեցին մեզանից 100 տարի առաջ։ Հիմա այլ ժամանակներ են։ 100 տարի առաջ անհամեմատելի ծանր վիճակում գտնվող պետությունը կարողացավ հաղթահարել համաճարակը, սովը ու պատերազմ հաղթել, կերտել պետություն։ Հիմա այլ ժամանակներ են։ Եվ դատելով մեր շուրջն օրեցօր աճող թվերից, տեսնելով, որ ամեն օր 10 մարդուց ավելի է մահանում, մնում է միայն լռել ու սպասել։ Իրականում կարելի էր և կարելի է հաղթահարել այս հիվանդությունը։ Պարզապես պետք են գիտակից մարդիկ։ Պետության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր գործը։ Պլատոնն այդ ճշմարտության մասին խոսեց դեռ 2300-2400 տարի առաջ։
Զ․Շուշեցի