Բաժիններ՝

Աստղաբաշխական՝ շուրջ 372 միլիոն դրամաշնորհ՝ նորաստեղծ ՊՈԱԿ-ին, որ, ըստ պաշտոնական պարզաբանման, լինենք ավելի անկախ

Նախորդ տարի մարտ ամսին պարզ դարձավ, որ կառավարության որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար առաջարկվել էր ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:

Նշվում էր նաև, որ այս ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ:

Այսպիսով, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ այս տարի հունիսից մայրաքաղաքի Հակոբ Հակոբյան 3 հասցեում այս ՊՈԱԿ-ն արդեն սկսել է իր գործունեությունը։ Իսկ էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված մի պայմանագրի համաձայն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացում միջոցառման իրականացման նպատակով ՊՈԱԿ-ին է հատկացրել 371 միլիոն 840.000 դրամ` 97.2681.75 դոլար աստղաբաշխական դրամաշնորհ։

Նախարարությունը պայմանագիրը կնքել է ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Արման Դարբինյանի հետ։

Կարդացեք նաև

Դեռ նախորդ տարի տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ Կենտրոնը, համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ, կիրականացնի պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումներ:

Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իր իրավասությունների շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմինների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային (իրավասու) կազմակերպությունների հետ:

Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների մշակումը: Այն կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:

Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս