
Սամվել Կարապետյանին փողերի լվացման մեջ մեղադրում են, որ կուսակցություն չկարողանան ֆինանսավորել. Հրանտ Միքայելյան
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորելուց հետո օրերս իրավապահ մարմինները Կարապետյանի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրեցին՝ «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացում»:
Այս մասին հայտնեց արդեն մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ հայտարարելով.
«Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում։ Պաշտպանական խորհուրդը պնդում է նաև, որ «այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել» գործարարին կալանավորելիս առաջադրված իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքի՝ «ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքի մասին, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ընդգծեց՝ այդ մեղադրանքի առաջադրման դրդապատճառը քաղաքական է.
«Սամվել Կարապետյանի կալանավորումն այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանը համարում է թշնամի։ Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ էլ Կարապետյանին կապեց Ռուսաստանի հետ՝ իր արտահայտություններով ցույց տալով, որ Կարապետյանի կալանավորումն ուղիղ իր հրահանգով է կատարվել։ Դրանով Փաշինյանը նաև փաստեց՝ Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության ենթակայության ու հրահանգման տակ»,- ասաց Միքայելյանը՝ ընդգծելով՝ Արևմուտքի դրդմամբ ՀՀ իշխանությունն ավելի հեռուն գնաց և Կարապետյանին առաջադրեց նոր մեղադրանք։
«Փողերի լվացման մասին են խոսում։ Ուզում եմ փակագծեր բացել. Արևմուտքի դրդմամբ այս իշխանությունը Կարապետյանի փողի վրա տարածեց «փողերի լվացման» մեղադրանքը, որպեսզի այդ եղանակով թույլ չտա, որ Կարապետյանը կուսակցություն ֆինանսավորի։
Փողերի լվացման մեղադրանքն առաջադրել են, որ, եթե Ռուսաստանից Հայաստան քաղաքական փող մտնի, դա դիտարկվի՝ որպես լվացված փող։
Ի դեպ, այս դեպքում թող ԱՄՆ դեսպանատունը, որը Հայաստանում տարեկան ծախսում է 100 միլիոն դոլար, բացահայտի, թե ինչի՞ վրա է ծախսում, թող բացահայտեն նաև, թե ի՞նչ նպատակով են տալիս այդ դրամաշնորհները։ Եթե չեն ուզում Հայաստանում լինի օտար փող, ապա չպետք է լինի նաև ամերիկյան կամ արևմտյան փող։ Ավելին, եթե չլիներ այդ օտար փողը՝ Փաշինյանը ո՛չ իշխանության կգար, ո՛չ իշխանություն կպահեր։ Փաշինյանը հիմա էլ է իր իշխանությունը պահում օտարների աջակցությամբ»,- շեշտեց Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է հունիսի 17-ից, երբ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու մասին իր հայտարարությունից հետո։
Կարապետյանը ոչ միայն չի ընդունում մեղադրանքը, այլև հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։