Ինչ էինք սպասում, ինչ ունենք

Այս տարվա համար կառավարությունը նախատեսել էր ապահովել 4,9 տոկոս տնտեսական աճ։ Այդ ցուցանիշը հեղափոխական կամ թռիչքային չէր, այնուհանդերձ աճ էր։ Նախորդ տարվա 7,6 տոկոսից հետո ժամանակին շատերը դա նահանջ և համեստ ցուցանիշ էին համարում։ Բայց հիմա նույնիսկ 4,9 տոկոս աճի մասին մտածելն է անիմաստ։ Կառավարության միակ հույսը հնարավորինս քիչ անկում թույլ տալն է։

Այս պահին խոսքը 2 տոկոսի մասին է։ Թեև մասնագետները դա չափազանց լավատեսական սցենար են համարում՝ ներքին տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին։

5 ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը գրեթե 4 տոկոսի սահմաններում է։ Այսինքն՝ կրկնակի ավելի, քան կառավարության կանխատեսումն է։ Չնայած դա դեռ հիմք չէ ասելու, որ անկումը կմնա 4 տոկոսի սահմաններում։ Բազմաթիվ տնտեսագետներ անգամ երկնիշ անկման հավանականություն են տեսնում։

Հիմա դա գուցե քիչ հավանական է թվում։ Բայց Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի լավատեսական հիմքեր չեն տալիս։

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ունենք խորն անկման երևույթներ։ Միակ բացառությունն այս պահին արդյունաբերությունն է, որը թույլ է տալիս որոշ չափով զսպել տնտեսական անկման տեմպը։ Այլապես այն շատ ավելի մեծ կլիներ։

Արդյունաբերության մեջ ոչ շատ, բայց աճ դեռևս կա։ Այն էլ՝ գերազանցապես հանքարդյունաբերության կամ ընդերքի հաշվին է։ Վերջին տվյալներով՝ արդյունաբերության այս ճյուղում արտադրության ծավալների ավելացումը հասնում է գրեթե 26 տոկոսի։

Իրան արտահանման հաշվին որոշ չափով ավելացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Արդյունաբերության մյուս հատվածներում անմխիթար վիճակ է։ Մշակող արդյունաբերությունը, որը կառավարությունը դրոշակ էր դարձրել՝ իր տնտեսական ձեռքբերումների մասին թափահարելու համար, անկում է ապրում։ Նվազել է նաև ճյուղի կշիռն արդյունաբերության մեջ՝ ի հաշիվ հանքարդյունաբերության։

Ոչ մի կասկած չկա, որ այս միտումն առաջիկայում դեռ խորանալու է։ Մինչ ընդերքի շահագործումը մեծ քայլերով առաջ է գնում, մշակող արդյունաբերությունը հետընթացի մեջ է։ Մայիսին այստեղ գրեթե երկնիշ անկում է գրանցվել։

Մշակող արդյունաբերությունը շուտով նոր դժվարությունների կհանդիպի՝ կապված գազի սպասվող թանկացման հետ։ Նոր սակագները կսկսեն գործել հաշված օրեր հետո։ Որքան էլ փոքր լինի գազի գնի բարձրացման բեռը, դա, միևնույն է, թողնելու է իր հետևանքը։ Եվ ոչ միայն՝ մշակող արդյունաբերության վրա։

Պատահական չէ, որ իր վերջին կանխատեսումներում Կենտրոնական բանկն արդյունաբերության մեջ տարվա կտրվածքով աճ չի ակնկալում։ Սպասվում է 2,2 տոկոս նվազում, չնայած 5 ամսվա ցուցանիշը դրական է։

Իսկ ամենամեծ հարվածներն ակնկալվում են շինարարության և ծառայությունների ոլորտներում։

Շինարարության մեջ չափազանց տխուր պատկեր է։ Ունենք 23-24 տոկոսանոց անկում, որի վերականգնվելու ոչ մի հույս չկա։ Ռիսկերն այս ոլորտում շատ են։ Չհաշված, որ անկման գործում մեծ է հատկապես բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալների կրճատման ազդեցությունը, կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք հետո կարտահայտվեն։

Տարիներ անհրաժեշտ կլինեն բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալների վերականգնման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ուղղակիորեն կապված է մարդկանց եկամուտների հետ։ Հիմա Հայաստանում եկամուտների նվազում է տեղի ունենում, ինչը սկսել է դրսևորվել նաև շինարարության ոլորտում։ Պատկերացնելու համար ասենք, որ մայիսին բնակչության կողմից իրականացված շինարարության ծավալները գրեթե կիսով չափ կրճատվել են։

Շինարարության վրա բացասական ազդեցություն կունենա նաև անշարժ գույքի գների նվազումն ու պահանջի կրճատումը։

Տնտեսության այս ճյուղում սպասվող անկման վերաբերյալ կան տարբեր գնահատականներ։ Բայց բավարարվենք՝ մեջբերելով Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումը, որի համաձայն՝ շինարարության ծավալների անկումը կլինի երկնիշ։

Գաղտնիք չէ, որ տնտեսական ճգնաժամերը սովորաբար մեծ ազդեցություն են թողնում առևտրի և սպասարկման ոլորտների վրա։ Իսկ քանի որ Հայաստանի տնտեսության աճերը հիմնականում կապված են այդ երկու ոլորտների հետ, բնական է, որ հետևանքներն էլ մեծ պիտի լինեն։ Որքան էլ իշխանությունները հպարտանան անցած տարվա 7,6 տոկոս աճի ցուցանիշով, փաստը մնում է փաստ, որ դրա մեջ չափազանց մեծ էր առևտրի և սպասարկման բաժինը։

Հիմա, երբ տեղի է ունենում մարդկանց եկամուտների նվազում, նվազում է նաև առևտրի և սպասարկման ծավալը։ Մանրածախ առևտուրը, որն ուղղակիորեն կապված է բնակչության հետ, կրճատվել է երկնիշ թվերով։ Թեև այնպես չէ, որ մեծածախ առևտրի ոլորտում իրավիճակը բարվոք է։

Իսկ, որ համավարակից ամենաշատը տուժած տնտեսական ճյուղերից մեկը սպասարկումն է, հայտնի իրողություն է։ Չնայած արտաքուստ դա գուցե չի երևում պաշտոնական ցուցանիշներում. հնգամսյա տվյալներով՝ անկումն ընդամենը 4-4,2 տոկոս է։ Սակայն դա չէ, որ բնորոշում է սպասարկման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները։

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդտեղ, բավական է նայել վերջին ամսվա ցուցանիշները. մայիսին ծառայությունների անկումը հասնում է գրեթե 20 տոկոսի։

Համավարակի ազդեցությունը սպասարկման առանձին հատվածների վրա ահա այսպիսին է. կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում ունենք 35 տոկոս նվազում։ Մայիսին անկումը կազմել է 70 տոկոս։

Սա ծառայությունների այն հատվածն է, որն առնչվում է հյուրանոցային և հյուրատնային ծառայություններին, ռեստորաններին ու սննդի այլ օբյեկտներին։

Անիմաստ է սպասել, որ առաջիկայում այս հատվածներում էական տեղաշարժեր կլինեն։ Դրանք մեծապես կախված են զբոսաշրջությունից, որի վերաբացման հավանականությունը նույնիսկ մինչև տարեվերջ շատ քիչ է։

Տնտեսության մեջ տեղի ունեցող այս պրոցեսներն էապես ազդում են տնտեսական աճի պոտենցիալի վրա։ Տնտեսությունը խթանելու, առավել ևս՝ զարգացման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ կառավարության հայտարարություններն առայժմ գործնական տեսք չեն ստանում։

Համավարակի սկզբնական փուլում խոսվում էր զարգացման ծրագրերին 80 մլրդ դրամ հատկացնելու մասին։ Հետո այն դարձավ 50 միլիարդ։ Բայց դա էլ դեռ ոչինչ։ Ծրագրերի իրականացման առումով տեղաշարժ չկա։ Ամեն ինչ շատ դանդաղ է առաջ գնում։ Շուրջ 2 ամիս առաջ կառավարությունը Հայաստանում կորեական արտադրության ավտոբուսների թողարկման հետ կապված ինչ-որ համատեղ ծրագիր հաստատեց, դեռ չենք խոսում այդպիսի ծրագրի իրականացման նպատակահարմարության մասին, սակայն այդպես էլ մինչև հիմա հայտնի չէ, թե ի վերջո ի՞նչ եղավ այդ ծրագիրը կամ ո՞ր փուլում է գտնվում։

Այս տեմպերով գնալու դեպքում դժվար է լուրջ հույսեր փայփայել, որ կկարողանանք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ տնտեսական ճգնաժամից։ Զարմանալի չէ, որ տնտեսության հեռանկարները գնալով հոռետեսական են դառնում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս