Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։ Մեր տեղեկություններով, սակայն, մինչ այս պահն իշխանությունների հույսերը չեն արդարացել՝ Մանուկյանը թե՛ մինչեւ կալանավորվելը, թե՛ դրանից հետո ցուցմունք չի տվել։ Հիշեցնենք․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել է նրան կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Մանուկյանը տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Համաձայն մեղադրանքի՝ 2017-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է ԲՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Պողոսյանին եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ մարզում պետք է 9 հազար ձայն ապահովի։
Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար Պողոսյանը դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարական դրամներից բաղկացած տրցակ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։
Ձայների ապահովման համար գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։ Բայց ինչն է ուշագրավ․ որ Վազգեն Պողոսյանն առաջին, երկու անգամները հստակ ցուցմունք չի տվել Մանուկյանի դեմ, միայն երրորդ անգամ՝ հունիսի 8-ին է ասել, որ Մանուկյանից գումար է ստացել, մեկ շաբաթ հետո կրկին հետ է վերցրել խոսքերը՝ ասելով, որ հստակ չի կարող ասել՝ դա կաշառքի,՞ թե՞ շտաբի օրինական ծախսերի գումարն է եղել: Առերեսման ժամանակ էլ նա չի պնդել, որ Մանուկյանից որպես կաշառք գումար է ստացել։
Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանը «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահն է, մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ, ըստ իրավապահների՝ հենց այդ գործի շրջանակներում են դեռեւս փետրվարին ԲՀԿ-ին վերաբերող փաստաթղթեր գտել Պողոսյանի մոտ, բայց այդ ժամանակ նա չի ցանկացել խոսել դրանց մասին։ Հիշեցնենք, ապրիլի 1-ին Պողոսյանի կալանքի միջոցը 3 մլն դրամ գրավով փոխեցին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: