Շարունակենք համեմատել անտառի թվերը

Մեր վիճակագիրների «ամենատխուր» հրապարակումներից կարելի է համարել «Պարենային անվտանգություն և աղքատություն» վերնագրով հաշվետվությունները (վերջինը հրապարակվել է մայիսի 22-ին):

Դրանք իրենց մեջ ներառում են նաև մի բաժին, որի անունն ինքնին խոսուն է` «Անտառպահպանության, անտառպաշտպանության և անտառավերականգնման միջոցառումներ»: Այս փաստը, ամեն ինչից զատ, կարելի է ընդունել՝ որպես հուշում: Հուշում, որ մեր երկրի անտառների վիճակն ամենաուղիղ իմաստով պայմանավորող գործոններ են պարենի ապահովության մակարդակն ու աղքատությունը:

Մեր երկրի անտառային տարածքների բնակչության համար անտառը բառացիորեն ապրուստի ու աղքատության դեմ պայքարի միջոց է: Չնայած, որ այս տեսանկյունից չէ անտառտնտեսության վիճակագրությունը մասամբ ներառվում «պարենա-աղքատային» հաշվետվություն: Երբ երկրի 2019թ. սոցիալ-տնտեսական վիճակի տարեկան հաշվետվությունն արձանագրեց, որ անտառաբուծությունն աճել է, իսկ փայտամթերումը նախորդ տարվա համեմատ՝ նվազել (կազմելով 65-76 տոկոս), կարելի էր կարծել, որ ոլորտում դրական տեղաշարժեր կան: Հատկապես, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքար էր սկսվել, իսկ ծառատունկի լայնածավալ պլաններ էին հռչակվել:

Բայց նկատելի էր, որ անտառահատումների դեմ պայքարն ակցիայի բնույթ ունի` իրականացվում է ժամանակ առ ժամանակ: Իսկ ծառատունկի խոստումները շատ լայնածավալ են իրականության հետ աղերս ունենալու համար: Ու հիմա այդ զգուշավոր մտավախությունները կամաց-կամաց «հայտնվում» են պաշտոնական վիճակագրական տեղեկատվության մեջ:

Ամենատարօրինակ փաստն այն է, որ անցած տարի շատ ավելի մեծ տարածքի վրա է պաշտոնական անտառհատում թույլատրվել: Զուտ թվերը սրանք են: 2017թ. թույլատրված անտառահատումներ կատարվել են 2010.4 հա-ի (հեկտարի) վրա, 2018թ.` 2014.7 հա-ի, իսկ անցած տարի՝ 2239.6: Տարածքի ընդլայնումը, բնականաբար, մեծացրել է մթերված փայտի ծավալը: Վիճակագրությունն այն հաշվարկում է «խիտ խորանարդ մետրով»: 2017թ. թույլատրվել է հատել մոտ 33.470 խիտ խմ փայտ: 2018-ին թույլատրված ծավալը շատ կտրուկ աճել է` 43.290 խիտ խմ, ապա 2019-ին մի փոքր նվազել է՝ կազմելով մոտ 41.283 խիտ խմ (այսինքն՝ 7813-ով ավելի, քան 2017-ին): Իսկ ապօրինի ծառահատումների ծավալը 2019-ին ավելի ցածր է, քան 2017-ին:

Բայց այս դրական փաստով շատ ոգևորվել պետք չէ: Որովհետև 2019-ի ցուցանիշն ավելի բարձր է, քան 2018-ինը: 2018-ին ապօրինի հատվել է 12.821 ծառ, իսկ 2019-ին` 16.818 ծառ: Բոլոր ժամանակներում անտառային հրդեհներն ապօրինի ծառահատումները թաքցնելու «արդյունավետ» հնարք են եղել: Բոլորս` իշխանություններից մինչև պարզ քաղաքացի, միշտ էլ «ձևացրել» ենք անտառների ինքնաբուխ հրդեհվելու սովորությունը: Ուստի հարգելով անտառների հրդեհվելու անմեղության կանխավարկածը, դիտարկենք դրանց թվային պատկերը:

2017թ. հրդեհվել է մոտ 1111.8 հա անտառապատ տարածք: 2018թ. այս տարածքները կտրուկ նվազել են`ընդամենը 239 հա: Բայց ցնծության առիթ այս պարագային էլ չկա, որովհետև անտառածածկ տարածքների 2019թ. ցուցանիշը գերազանցել է վերջին երկու տարիների թվերը միասին վերցրած: 2019-ին հրդեհված անտառապատ տարածքը կազմում է 1880.8 հա:

Այ, այսպիսի «նուրբ» ու անհասկանալի փաստեր:

Նախավերջին երկու տարում գրանցվել էր ուղիղ 100 հրդեհ: Իսկ միայն 2019-ին՝ 106: Հիմա դառնանք անտառատունկի խոստումներին ու բուն տնկիների պաշտոնական քանակին: Հատկապես, որ անտառները վերականգնելու մասին վաղուց են խոսում: Մոտ երկու տարի: Իսկ պաշտոնական վիճակագրությունը երկրի տնտեսություններում աճեցրած տնկիների քանակը վիճակագրական հաշվառման տակ է վերցրել 2017 թվականից: Այդ տարի աճեցվել էր 445.2 հազար տնկի, 2018-ին ցուցանիշը՝ հակառակ պաշտոնական պլան-խոստումների, նվազեց: Նվազեց՝ կազմելով 33.2 հազար տնկի:

Անցած տարի մի քիչ ավելի մեծ քանակ արձանագրվեց: Բայց ավելի մեծ, քան 2018-ին, և ավելի քիչ, քան 2017-ին:

2020-ի բազմամիլիոնանոց ծառատունկ-խոստումին 2019-ին պատրաստվել էինք՝  աճեցնելով 36.000 տնկի: Բայց մեր այս պլան-ծառատունկը համավարակը «սրբագրեց»: Ուստի սա արդեն վշտանալու առիթ չէ:

Տեսանյութեր

Լրահոս