
Վերջին օրերի ընթացքում 2000 քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել

Ոստիկանապետ Արման Սարգսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վերջին օրերի ընթացքում Ոստիկանությունն իրականացրել է ռեյդեր, ստուգայցեր մի շարք շրջաններում:
«Դավթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, Նուբարաշեն և Նորք-Մարաշում՝ 124 քաղաքացի: Տեսչական մարմինների կողմից կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն»,- ասաց նա։
Այսօր Ոստիկանությունն ուսումնասիրություններ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում: Եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ: Արման Սարգսյանը նշեց, որ միջմարզային ճանապարհներին անցակետեր են տեղադրվել՝ մշտադիտարկելու համար այն տրանսպորտային միջոցները, որոնցից օգտվում են քաղաքացիները: Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները ստուգում են, թե արդյոք հանրային տարածքում անձի մոտ առկա՞ է դիմակ, անձը կանգառում դիմակ կրո՞ւմ է, թե՞ ոչ:
«Տաքսիում ուղևորների պարագայում դիմակի կրումը պարտադիր է, պետք է բացառել կողքի նստատեղին ուղևորների առկայությունը։ Տրանսպորտային միջոցներում, դրանք ընկալելով՝ որպես փակ տարածք, մեկից ավելի ուղևոր լինելու դեպքում դիմակի կրումը պարտադիր է, ընդ որում, վարորդն արդեն համարվում է ուղևոր»,- ասաց նա։
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ այս օրերին ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն։
«Այս գործընթացը լինելու է շարունակական։ Նշված ստուգայցերը կրկնվելու են նաև այն տարածքներում, որտեղ դրանք արդեն իսկ իրականացվել են»,- ասաց նա: