Իշխանությունը պահելու մոլուցքը

Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանն իր ելույթների ու հայտարարությունների սկզբնամասում, հատկապես, եթե դրանք ինչ-որ պաշտոնական և կարևոր թեմայի վերաբերյալ են լինում, որպես կանոն, առանձին շեշտադրում է կատարում, որ «Հայաստանում հեղափոխություն է եղել», որ «հասարակության մեջ և քաղաքական օրակարգում հեղափոխության նոր դրույթներ ու թեզեր է հարկավոր ներդնել», պարբերաբար շեշտում է, որ «երկրում նոր իրավիճակ է», «պետք են հեղափոխական մոտեցումներ, որոնք չկան», և այլն, այլ կերպ ասած՝ Հայաստանում ամեն ինչ «աննախադեպ» է։ Սա Փաշինյանին հատուկ գործելաոճ է, քանի որ նա իրավիճակային քաղաքական գործիչ է, և ամեն քայլ ու հայտարարություն անում է բացառապես սեփական քաղաքական ամբիցիաների ու կրքերին տուրք տալու նպատակով։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, աղետից բացի, այլ ձևակերպում տալ չի կարելի, քանի որ իշխանությունների հանցավոր անգործությունը պետությունը կանգնեցրել է կրախի առաջ, երբ ամենուր ստեղծվածի համար քաղաքական ղեկավարությունը փնտրում է մեղավոր։

Հայաստանում համաճարակն առնվազն 5 ամսից ավելի տևողությամբ գտնվում է հետևողական զարգացման փուլում, իսկ ձեռնարկված գործողությունները՝ համաճարակաբանական տեսակետից խնդրահարույց էին։ Ակնհայտ է, որ մինչ օրս ընտրված գործելաոճով՝ վարակի զարգացման ու հիվանդության տարածվածության իրական մասշտաբների պայմաններում, թեստավորումն այլևս չունի իր նշանակությունն ու արդյունքը: Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել։

Ըստ էության համաճարակային այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ունեցել է ընդամենը երկու մտահոգություն՝ բարձր պահել վարկանիշն ու չեզոքացնել բոլոր հնարավոր հակառակորդներին։

Այսինքն՝ պետությունը, կառավարելու և ռեֆորմներ իրականացնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը մտածել է միայն սեփական իշխանության կյանքը երկարացնելու հնարավոր բոլոր տարբերակների մասին։ Հենց դրանով էր պայմանավորված նախկին իշխանությունների նկատմամբ բացահայտ գրոհը, նրանց անընդհատ քննադատության թիրախ դարձնելն ու ամենօրյա ռեժիմով դեմոնիզացնելը։ Ընդհանրապես ապացուցված ճշմարտություն է, որ դեմոնիզացման գործընթացն ունենում է մուլտիպլիկատիվ էֆեկտ, և ինչքան էլ այն լինի արհեստական, միևնույն է, թողնում է բավականին լայն հետևանք․ ահա այս ամենը փայլուն իմանալով էլ՝ Նիկոլն իշխանության գալու առաջին օրվանից սկսած լծված էր այդ գործին։

Թիրախներն այդքան էլ շատ չէին․ նոր հրաժարական ներկայացրած ՀՀԿ թիմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Փաշինյանն իր թիրախում ուներ դեռևս 2011-12 թթ.-ից, իսկ արդեն իր ողջ պատգամավորական գործունեությունը կառուցեց օրվա իշխանությունների քննադատության համար տարբեր միֆեր ու լեգենդներ քաղաքական օրակարգ բերելով։ Փաշինյանի թիրախում բացահայտորեն հայտնվում էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (սա մի առանձին էպոպեա էր), Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը և այլք։

ՀՀԿ թիմի նկատմամբ բավարար չափով ատելությունն ապահովված էր, և առաջիկա մի քանի տարիներին որևէ աջակցություն չունենալու և քաղաքականապես հզորանալու շանս չունենալու հույսով՝ Փաշինյանը լծվեց իր վաղեմի երազանքի իրականացմանը․ նա շատ արագ լիկվիդացրեց և քաղաքական արենայից փորձեց հեռացնել իր համար առանցքային թիրախ հանդիսացող Ռոբերտ Քոչարյանին, և բոլորս ականատես եղանք, թե ինչպես ՀՀ երկրորդ նախագահը ձերբակալվեց, ավելին՝  մինչ օրս անհասկանալի ու անապացուցելի մի գործի շրջանակներում շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։

Ըստ էության ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ կառավարությունն ամեն առիթով և անընդհատ վարկանիշը փրկելու տենդագին քայլեր է իրականացնում ու փորձում է ժողովրդին ներքաշել չվերջացող հրավառության մեջ, որտեղ գերակայող է ամբոխային փառաբանությունն ու գոհունակությունը։ Այլ կերպ ասած՝ բոլորս միասին հայտնվում ենք հավերժական տեղապտույտի մեջ։

Ամփոփելով՝ պետք է արձանագրենք, որ յուրաքանչյուր ազգային շահերով առաջնորդվող կառավարություն և իշխանություն, ում համար կարևոր է սեփական ժողովուրդը, ում համար պետության ապագա ճակատագիրը մտահոգիչ է, պետք է նույնիսկ իր ինքնաոչնչացման գնով պաշտպաներ ազգաբնակչությանը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս