«Առաջարկում եմ՝ սպասենք Վենետիկի հանձնաժողովին ուղարկած հարցման արձագանքին, այնուհետև կներկայացնենք մեր դիրքորոշումը». Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ԱԺ-ում և այլուր դիմակ կրելու պարտադիր պահանջը պայմանավորված է պարետատան որոշմամբ` հաշվի առնելով վարավածների վիճակագրությունը և որոշակի հետազոտությունների արդյունքներ:
«Վարակվածների թվերի առակայությունը խոսում է այն մասին, որ մենք` բոլորս, անկախ այն հանգամանքից` մենք մեզ համարո՞ւմ ենք վարակակիր, թե՞ ոչ, անհրաժեշտ է, որպեսզի բոլոր միջոցները ձեռնարկենք՝ վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար: Առողջապահության նախարարության և պարետատան ունեցած տվյալներով՝ դիմակները կատարում են կանխարգելիչ միջոցներ, ուրեմն՝ ինքներս այդ պատասխանատվությունը պետք է ստանձնենք և թույլ չտանք վարակի ավելի տարածման»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:
Ըստ նրա՝ այս պահին դժվար է խոսել համավարակի պայմաններում կառավարման ձախողումից կամ հաջողությունից, որովհետև կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, հետևաբար՝ տեղին չէ խոսել ձախողումների կամ հոջողությունների մասին:
«Կարծում եմ՝ նմանատիպ հարցերում չպետք է լինի որևէ տարանջատում ընդդիմության և իշխանության մոտեցումների միջև, որովհետև բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի այն, որ ՀՀ-ում այս իրավիճակում՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, բոլորս հաջողենք»,- հավելեց Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ դիմակ չկրելու համար Արարատ Միրզոյանը նախազգուշացում տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, Լիլիթ Մակունցն ասաց, որ կան թվեր, որոնք մտահոգիչ են բոլորի համար, և բոլորի ուշադրությունը պետք է սևեռված լինի այդ հանգամանքի վրա:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ էլիտան Արցախ այցի ժամանակ, նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը հաջորդած միջոցառմանը չէր պահպանում այդ պահանջը, և դիմակ չէր կրել, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Արցախում հետևել են այնտեղի իրավական ռեժիմին.
«Մենք ընդունել ենք, որ այդուհանդերձ, արժեր, որ դիմակներ կրեինք, ինչի համար անձամբ հայցում եմ բոլորի ներողամտությունը»:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի ու հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ դրա հետ կապված՝ շատ տարբեր կարծիքներ կլինեն, այդ թվում՝ իրարամերժ:
«Չեմ բացառում, որ կլսենք տեսակետներ, որոնք հակասում են նախկինում նույն մարդկանց կողմից արած հայտարարություններին: Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում և աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված՝ կան սահմանափակումներ, և այստեղ մեր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ որևէ կերպ չվտանգենք ՀՀ քաղաքացու կյանքը: Ինչ վերաբերում է խնդրի հանգուցալուծման ճանապարհներին, ապա ես առաջարկում եմ՝ նախ և առաջ, սպասենք Վենետիկի հանձնաժողովին ուղարկած հարցման արձագանքին, այնուհետև մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք առաջ շարժվում»,- հավելեց նա:
168.am-ի հարցին՝ բազմիցս իշխանությունները հայտարարել են, որ ժողովուրդն է պահանջում ՍԴ հարցի հրատապ լուծումը, ժողովրդի, այդ պահանջն այսօր որտե՞ղ է լսելի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ հանրաքվեի օրը նշանակելուց առաջ հնչեցրել են հետևյալ տեսակետը, որը շարունակում է մնալ նույն տրամաբանության մեջ:
«2015 թվականին ընդունված Սահմանադրությունը և գործող իրողությունը պետք է համապատասխանեն միմյանց, խոսքը սրա մասին է: Այս համապատասխանությունն ապահովելու համար հանձնառություն ունի այն իշխանությունը, Կառավարությունը, որն այդ պահին գործում է: Մենք գործում ենք հենց այդ տրամաբանության շրջանակներում»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը: