Արդյո՞ք Ադրբեջանը զորավարժության անվան տակ սահմանին մոտ բերած զինտեխնիկան հետ քաշել է

Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երեկ կայացած հանդիպմանը զեկուցեց, որ մայիսի 18-22-ն Ադրբեջանի ԶՈՒ անցկացրած օպերատիվ-մարտավարական զորավարժությունները հիմնականում հարձակողական բնույթի են եղել, ներգրավված են եղել բավական քանակությամբ հրթիռահրետանային սպառազինություն, զրահատեխնիկա, անձնակազմ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զորքեր:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններին մասնակցելու են մինչև 10 հազար զինծառայող, շահագործվելու է շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև` տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

ՀՀ ՊՆ-ն արձագանքելով զորավարժությունների անցկացման փաստին՝ զգուշացրել էր Ադրբեջանին` զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի՝ որպես սադրանք, և կունենա համապատասխան հետևանքներ։

Հավելենք, որ մայիսի 18-22-ն Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել նաև Նախիջևանում:

168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշել էր, որ ժամանակակից պայմաններում լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսումն անհնար է գաղտնի պահել, և, որ դրա անսպասելիությունն ապահովելու համար առավել շատ օգտագործում են զորավարժությունների քողի տակ զորքերի տեղաշարժը և կուտակումը որոշակի շրջաններում։

Փորձեցինք թույլատրելիության սահմանում պարզել՝ արդյո՞ք հարձակողական զորավարժության ընթացքում օգտագործված տեխնիկան Ադրբեջանը հետ տարե՞լ է, թե՞ թողնվել է կամ կուտակվել համապատասխան հատվածում, որոշակի շրջանում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը 168.am-ին վստահեցրեց, որ Ադրբեջանի չհայտարարված զորավարժությունները նշված ժամանակահատվածում ավարտվել են և վտանգի նվազում կա:

«Թե՛ ՀՀ ԶՈւ-ն, թե՛ Արցախի բանակն ուշադիր հետևում են հակառակորդի ուժերի և միջոցների տեղաշարժին, հակառակորդի գործողությունները սահմանին այս պահին որևէ անմիջական սպառնալիք կամ լարվածություն չեն ստեղծել»,- նշեց նա:

168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասաց, որ առաջնագծին մոտ բերված տեխնիկան այնպես չէ, որ խորը թիկունքից էր տարվել:

«Դրանց թվում կար թե՛ առաջնագծային բրիգադի տեխնիկա, և թե՛ երկրորդ էշելոնի զորամասի տեխնիկա, օրինակ, տանկային գումարտակից, որոնք սովորական ժամանակ էլ շատ հեռու չեն տեղակայված, մասնավորապես, Ֆիզուլիի ուղղությամբ: Կոնկրետ այն տեխնիկան, որ ես տեսել եմ, կարծում եմ՝ առաջնագծում դրանք պահելու անհրաժեշտություն չունեն, քանի որ դրանց մշտական տեղակայման վայրերն առաջնագծից շատ հեռու չեն: Իհարկե, այնտեղ կարող են առանձին գումարտակային դիրքերում ինչ-որ բաներ ոչ մեծ քանակի պահել, կա նման պրակտիկա, բայց դա մի քիչ այլ դեպք է»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս