«Կառավարությունը, «ունքը սարքելու տեղը, աչքն էլ տվեց-հանեց»». Դավիթ Խաժակյանը՝ բանկային բարձր երաշխիքի մասին
Երևանի ավագանու մայիսի 26-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում անդրադարձավ շինարարության ոլորտում առկա խնդիրներին:
«Ամեն անգամ, երբ այս ամբիոնից քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարության ոլորտում, անընդհատ հնչում են պատասխաններ, որ մենք ամեն ինչ ժամանակին արել ենք, ամեն ինչ հասցրել ենք, բայց էս գնումների մասին օրենքն էնքան վատն ա, որ ընթացքը նորմալ չի լինում: Կառավարությունն էլ, ինչպես հայտնի խոսքն է ասում, «ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ տվեց-հանեց», և հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ հսկողություն իրականացնողից և շինարարություն անողից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, և այս գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետև չեն ներկայացվում համապատասխան երաշխիքներ»,- ասաց Խաժակյանը:
«Լույս» խմբակցության ղեկավարը հարց ուղղեց, թե ո՞ւր են օրենքի բարեփոխումների այն ծրագրերը, որոնք պատրաստվում էին ներկայացնել, և ինչո՞ւ Քաղաքապետարանը չի առարկել բանկային երաշխիքի այսքան բարձր լինելուն: Խաժակյանի պնդմամբ՝ բանկային բարձր երաշխիքների ներկայացման պահանջը ենթադրում է նաև ոլորտների մոնոպոլիզացիա:
«Լինում են դեպքեր, երբ մասնակցում են մրցույթներին, լինում են դեպքեր, երբ միայն մեկն է մասնակցում ու կեղծ բանկային երաշխիքով: Մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է, այնպիսի ծավալի բանկային երաշխիք ենք պահանջում, որը կարող են ապահվել գլխավորապես խոշոր կազմակերպությունները»,- ասաց Խաժակյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայն էր ավագանու ընդդիմադիր անդամի հետ: Նա նկատեց, որ առաջարկություններ ներկայացվել են, սակայն չեն ընդունվել, ինչը բարդացնում է աշխատանքը:
«Ինչքան էլ զարմանալի է, ես համաձայն եմ Ձեզ հետ: Մենք այս կարգավորմանը կողմ չենք եղել, մեր առաջարկությունները չեն ընդունվել: Մեր առաջարկը եղել է, որ մինչև 100 տոկոս լինի երաշխիքը, և, որ ամեն մրցույթի համար հանձնաժողովը որոշի, մրցույթները տարբեր են, գները տարբեր են, պատասխանատվությունը տարբեր է, որ չմոնոպոլիզացվի ոլորտը: Բայց մրցույթների ամենամեծ խնդիրն այն է, որ այսօր մասնակից չունենք»,- ասաց Մարությանը: