Կլինի՞ արդյոք հայ-վրացական դիվանագիտական սկանդալ
Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշ հայտարարություններ զարմանքով են ընդունվել վրացական որոշ շրջանակներում։ Վրաստանին հատկապես մտահոգել է այն հանգամանքը, որ ՀՀ Առողջապահության նախարարը ՀՀ հակահամաճարակային համակարգն ավելի լավն է որակել։
Հարկ է նշել, որ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակը Արսեն Թորոսյանի մեկնաբանություններից հետո իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տեղադրել՝ նշելով․ «Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակահամաճարակային համակարգերի մասին, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցին. «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը»։
Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգերի միջև տարբերությանը, ինչը, տեղական և վրացական ԶԼՄ-ներով կտրվել է կոնտեքստից և ամբողջական իմաստից։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է նախարարը նկատի ունեցել՝ մեջբերում եմ խոսքն ամբողջությամբ։ «Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է, և ես դա չեմ ասում՝ որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական»։
Դեռ հասկանալի չէ, թե այս ամբողջական կոնտեքստը, ինչպես ՀՀ ԱՆ-ն է պնդում, որքանո՞վ է մեղմում վրացական կողմի զարմանքը, իսկ այն արտահայտվել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի կողմից, ով «ոչ դիվանագիտական» է որակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեկնաբանությունները։ Նա նաև կասկած է հայտնել, որ Արսեն Թորոսյանն իրականում խոսել է այդ մասին։ Այնուամենայնիվ այս թեման շարունակում է շրջանառվել հայ-վրացական մամուլով և ոլորտի շրջանակներով։
Մեզ հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ նման բարդ իրավիճակում կարիք չկա նման մեկնաբանություններից «մեծ պատմություն սարքել»։ Ըստ նրա՝ թեման դիվանագիտական աղմուկի չի վերաճի։ Ցինցաձեի խոսքով՝ ոլորտի պատասխանատուները միմյանց պատասխանել են, և դրանով թեման պետք է որ ավարտվի։
«Այդպես ճիշտ կլինի, քանի որ խոսքը նախ՝ Հայաստանի և Վրաստանի մասին է, որոնք հարևան և խիստ բարեկամական երկրներ են։ Հայաստանը երբեք ոչ բարեկամական և հարաբերությունները վատթարացնող հայտարարություններ չի արել, իսկ եթե եղել են անհարմար դիտարկումներ, ապա վստահաբար՝ ոչ միտումնավոր։ Եվ երկրորդ՝ խոսքն արտակարգ իրավիճակի մասին է, բոլորը պայքարում են մեկ խնդրի դեմ, բոլոր երկրներն էլ պատրաստ չեն և ունենում են անհաջողություններ, հիվանդության զարգացման պատմությունները համեմատելը ոչ միշտ է տեղին, վստահաբար բոլոր երկրները ներդրված են լիովին, սակայն համեմատություններն առաջ են բերում սխալ մեկնաբանություններ, սխալ արձագանքներ, որոնցից այս լարվածության պայմաններում պետք է հնարավորինս խուսափել։ Եթե կարիք լինի, կարծում եմ՝ այլ խողովակներով ևս Հայաստանն ու Վրաստանը կարող են թեման քննարկել, սակայն, ըստ իս, նույնիսկ նման անհրաժեշտություն չի լինի։ Վստահաբար, հրապարակային որևէ աղմուկ չի լինի, դրանից պետք է խուսափել, դա հարիր չի լինի հայ-վրացական հարաբերություններին»,- ասաց Ցինցաձեն։