«Ոչ, պարոն Արսեն»․ Թբիլիսիում ոչ դիվանագիտական են որակել Արսեն Թորոսյանի հայտարարությունները
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն «ոչ դիվանագիտական» է որակել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը կորոնավիրուսի վրացական վիճակագրության վստահելիության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է վրացական apsny.ge լրատվական կայքը։
Կայքը մեջբերում է հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած Թորոսյանի հայտարարությունը, որ Վրաստանի հակահամաճարակային ու առողջապահական համակարգը տարբերվում է Հայաստանից ոչ դրական առումով։ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Գամղրելիձեն ասել է, որ զարմացած է այդ գնահատականներից։ Նա նույնիսկ կասկածել է, որ Թորոսյանը նման հայտարարություն է արել իրականում։ Ըստ նրա, բացառված չէ, որ լրագրողները ճիշտ չեն ներկայացրել նախարարի խոսքը։
«Ես անձամբ եմ ճանաչում Արսեն Թորոսյանին։ Մի փոքր զարմացնում է, եթե այդ հայտարարությունն արվել է նրա կողմից այդ դիտանկյունից։ Հիշեցնեմ, որ մենք շատ մոտ ժողովուրդներ ենք, հարևաններ, մենք ունենք մեծ ընդհանուր պատմություն։ Մի փոքր զարմանալի է նրա կողմից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,- ասել է Գամղրելիձեն։ Վրացական կայքի մեջբերմամբ՝ Թորոսյանը նաև պնդել է, որ Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների շրջանում հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդացության շատ դեպքեր, այդ թվում՝ բեռնատարների վարորդներ։ Գամղրելիձեն, պատասխանելով այս պնդմանը, հիշեցրել է, որ նման դեպքերի համար գոյություն ունի ԱՀԿ կանոնակարգ, որի անդամ են Վրաստանն ու Հայաստանը։ Ինչպես NCDC ղեկավարն է նշել, եթե Վրաստանի տարածքում վիրուսը հաստատվում է արտասահմանցիների շրջանում, ապա իշխանությունները տեղեկացնում են ԱՀԿ-ին, ինչպես նաև այն երկրին, որի քաղաքացին է տվյալ անձը։ «Ելնելով այս հանգամանքից, եթե եղել են նման դեպքեր, ապա պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին, ինչպես նաև մեզ»,- ասել է Գամղրելիձեն։
Նա նաև մեկնաբանել է Թորոսյանի այն հայտարարությունները, որոնք վերաբերել են Վրաստանում մահերի գրանցման մեթոդոլոգիային։ Ի դեպ, վրաց պաշտոնյան նշել է, որ ներկայումս Վրաստանում թեստավորվում են բոլոր հիվանդանոցներում թոքաբորբ ունեցող բոլոր հիվանդները և բոլոր ամբուլատոր դիմումները, երբ դրվում է թոքաբորբի ախտորոշում։ Նա նաև առաջարկել է Թորոսյանին ծանոթանալ կազմակերպության էջում անգլերենով հրապարակվող տվյալներին:
«Մենք չունենք, այսպես կոչված, «ավել մահացություն», որը համարվում է այս համաճարակի ընթացքում ամենակարևոր [ցուցանիշներից] մեկը: Դա եղել է և կա Իտալիայում, ինչպես նաև շատ երկրներում, որտեղ բարձր մահացություն է գրանցվել»,- ասել է Գամղրելիձեն՝ վստահեցնելով, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի ավել մահացություն Վրաստանում չկա, այդ թվում՝ թոքաբորբի պատճառով։ Ի դեպ, Գամղրելիձեն Թորոսյանին վստահեցրել է, որ, երբ իր ղեկավարած կենտրոնը կորոնավիրուսի թեստերի վիճակագրություն է կազմում, ապա ավելի պակաս հստակություն ունեցող էքսպրես թեստերը հաշվի չեն առնվում։
«Ոչ, պարոն Արսեն։ Այդ 46 կամ 47 հազար թեստերը, ես հստակ չեմ հիշում մեր այսօրվա տվյալները, որոնք մենք անում ենք երկրում՝ դրանք ՊՇՌ թեստերն են։ Դրանում մենք չենք ներառում մի քանի հազար արագ թեստերը, որոնք կիրառվում են բուժհաստատություններում»,- ասել է Գամղրելիձեն։