Բաժիններ՝

«Եթե հստակություն չլինի, շատ ընկերություններ կգնան սնանկացման». Ռեստորատորը պարետին կոչ է անում գնահատական տալ Արսեն Թորոսյանի գռեհիկ ու ցինիկ պահվածքին

Մայիսի 20-ին մի շարք ռեստորանների աշխատակիցներ, միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի պարետն իրենց ևս  թույլատրի գործունեություն ծավալել:

168.am-ի հետ զրույցում հասարակական սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով բողոքի ակցիային և այնտեղ բարձրաձայնված խնդիրներին՝ նշեց, որ բողոքողների պահանջը մեկն է եղել, որի մասին անձամբ բարձրաձայնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Խնդիրն այն է, որ այս բնագավառն ունի սեզոնային բնույթ, այսինքն՝ մարդիկ իրենց գումարը վաստակում են հենց այս եկող սեզոնին, այսինքն՝ հունիսից սեպտեմբեր ներառյալ: Այդ ընթացքում բնագավառը մեծ շրջանառություն է իրականացնում, և եթե հստակություն չլինի՝ այդ բնագավառի աշխատանքի թույլտվության ժամկետների հետ կապված, ապա ամբողջ ոլորտը ռիսկի գոծոն ունի գնալու սնանկության: Այս բնագավառն աշխատում է կանխավճարային հիմունքներով, այսինքն՝ անցած տարի մարդիկ մեծ կանխավճարներ են կատարել, որպեսզի այդ տարի ունենան իրենց միջոցառումները՝ մեծ կամ փոքր, կապ չունի: Կազմակերպիչներն ինչ-որ ծախսեր են իրականացրել, որպեսզի կազմակերպեն այդ միջոցառումները:

Հստակություն չկա ժամկետների հետ կապված, թե երբ են թույլատրելու, որ մարդիկ աշխատեն, որովհետև, դեռ բավական չէ, որ մարդիկ ստիպված են գումարներ վերադարձնելու, նաև պետք է ստիպված լինեն ևս ծախսեր կրել, որպեսզի հերթով նախատեսված միջոցառումները չեղարկեն: Այսինքն՝ ոլորտն ուզում է հասկանալ, թե երբ է պետությունը թույլատրելու բնագավառի գործունեությունը»,- նշեց Աշոտ Բարսեղյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ կա բազմաթիվ երկրների փորձը, որը պարզ ցույց է տալիս, որ էպիդեմիայի կառավարումն իրականացրել են ռացիոնալ և ճիշտ, ուստի այսօր գիտեն, թե երբ են բացելու իրենց ավիաընկերությունների աշխատանքը, երբ են օդանավակայաններն ընդունելու չվերթեր, կամ երբ է սկսելու աշխատել այս կամ այն բնագավառը:

Աշոտ Բարսեղյանը վկայակոչեց Վրաստանի օրինակը, որն արդեն հստակ գիտի՝ հուլիսի 1-ից ընդունելու է զբոսաշրջիկների, այսինքն՝ երկիրը պլանավորել է իր անելիքը և իր ծրագրածով առաջ է շարժվում:

«Այսինքն՝ այնտեղ, ինչպես որ ճիշտ ձևով էին անցկացրել կարանտինը, հակահամաճարակային միջոցառումները, այնպես էլ գիտեն, որ հուլիսի 1-ից վերադառնալու են բնականոն կյանք: Հիմա մեզ մոտ այս մարդիկ էլ են ուզում հասկանալ, թե պետությունն ինչպես է պլանավորել, որ փակ մնացած այդ միակ ոլորտը սկսի աշխատել: Մենք տեսնում ենք զավեշտի վերածվող օրինակներ, երբ հերթեր են գոյանում Ճանապարհային ոստիկանության մոտ, սուպերմարկետներներում և այլն, այստեղ անհամապատասխանություն կա, էլի: Այս ամենը տեսնելով՝ այս մարդիկ ասում են՝  հիմա միայն իրենք են մնացել, մի բնագավառ, որը 10-12 հազար մարդու գործ է տալիս՝ խոհարարներ,  հանդիսավարներ, երգիչներ, պարային խմբեր, դիջեյներ, հնչյունային օպերատորներ, ռեժիսորներ և այլն, հենց այդ սեզոնին է, որ այդ մարդիկ գումար են աշխատում»,- շեշտեց նա:

Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանում վարակվածների օրեցօր ավելացող թիվը և դրան զուգահեռ՝ Առողջապահության նախարարի չհուսադրող հայտարարությունները՝ իրավիճակի հետ կապված, իրատեսակա՞ն է, որ պարետը կարող է բավարարել բողոքողների պահանջները, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց.

«Հնարավոր է, որ, եթե հստակություն չլինի, շատ ընկերություններ ծախսերի ճնշման տակ գնան սնանկացման, ինչն ամենաանցանկալի սցենարն է:

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարին, արդեն ո՛չ ծիծաղելու է, ո՛չ տխրելու, արդեն հասկանալի չէ այդ մարդու գռեհիկ պահվածքը, ցինիկ արտահայտությունները և գործունեությունը:

Մեծ հույս ունեմ, որ, օրինակ, նույն պարետի գրասենյակը գնահատական կտա նրա գործունեության վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում՝ ծաղրել ու հեգնել վիրուսը, իրավիճակը, այնուհետև ընդունել հակառակ կեցվածք ու սկսել մարդկանց վախեցնել 500.000 վարակվածներով: Կոչ եմ անում պարետատանը գնահատական տալ նման պահվածքին, նախարարն այս իրավիճակում պարետից հետո երկրորդ դերակատարություն ունեցող անձն է: Հասարակությանն ուղղած նրա մեսիջները խիստ մտահոգիչ են և խիստ կասկածելի: Այս պահին որևէ մեկը չի հասկանում, թե մեր հանրապետությունն էպիդեմիայի կառավարման ո՛ր էտապում է գտնվում: Ամբողջ աշխարհում տեսնում ենք, որ միջոցները թուլացնում են, իսկ մեզ մոտ Առողջապահության նախարարն անում է հակառակ հայտարարությունը»,- ընդգծեց նա:

Հաջորդ հարցին՝ իշխող թիմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հասկացե՞լ է, թե իրավիճակին ինչ լուծում են ցանկանում տալ, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց, որ հանդիպմանը ներկայացրել են իրենց կարծիքները, և այժմ նրանցից սպասում են տեղեկատվության, թե ինչ լուծում է հնարավոր տալ հարցին:

«Մտահոգիչ է, որ այդքան մարդ կարող է մնալ առանց աշխատանքի, մյուս կողմից՝ նժարի վրա առողջապահական խնդիրներն են, դրա համար արդեն կառավարող մարմինների արձագանքին ենք սպասում: Կոնկրետ գործողությունների ու հայտարարությունների մենք սպասում ենք, դեռ որևէ բան չկա»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս