Բաց մի թողեք հեռանկարը․ Telcell-ը մեկնարկում է 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով 3.850.000 բաժնետոմսերի թողարկում
Հրապարակային, թափանցիկ և հեռանկարային՝ Telcell-ը հայտարարում է ռազմավարական նոր փուլի մասին․ վճարահաշվարկային ընկերությունն այսօրվանից մեկնարկում է շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով 3 850 000 բաժնետոմսերի թողարկում, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։
«17 տարի անց՝ մենք դիրքավորվում ենք որպես Հայաստանի ազգային ֆինանսական էկոհամակարգ, որը ոչ միայն կփոխի ոլորտը, այլ կանխիկ գումարից անցում կկատարի դեպի թվային լուծումներ»,- «Թելսելլ» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն է լրատվամիջոցներին ներկայացնում նոր նախագիծը, վստահեցնելով՝ բիզնեսի 17 տարիների դինամիկ զարգացումը ենթադրում է, որ ժամանակի ընթացքում շարունակելու են գրանցվել ֆինանսական աճեր` կանխատեսելով բաժնետոմսերի գնաճը։
«Մեր պատմական ընթացքը բավական երկար ու բազմաբովանդակ ճանապարհ է անցել․ 2007 թվականից մինչ օրս ամեն տարի ինչ-որ նորույթ ներմուծվել է շուկա, և վերջին տարիները նույնպես բացառություն չեն եղել։
Այժմ հերթն է՝ այս 17 տարիների բարձունքից նայել և մի հարց հնչեցնել՝ արդյո՞ք հնարավոր է դառնալ «Թելսելլ» ընկերության բաժնետեր 2024 թվականին․ այսուհետ հնարավոր է դառնալ բաժնետեր, և այսօրվա մեր հավաքի հիմնական նպատակը հենց դա է, որ մենք ազդարարում ենք ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին»,- հավելեց Արտյոմ Ղազարյանը։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը շեշտեց՝ «Թելսելլ»-ն ընձեռում է գրավիչ ներդրումային հնարավորություն։
«Կարծում ենք՝ այսօր կարևոր օր է կապիտալի շուկայի համար․ «Թելսելլ» ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի՝ իր առաջին հրապարակային առաջարկը։ Ինչո՞վ է առանձնանում նաև այս թողարկումը․ ինչպես գիտեք՝ նախկինում մի քանի այլ թողարկումներ ևս եղել են, IPO-ներ հիմնականում բանկերի կողմից, բայց սա առաջին դեպքն է, երբ ֆինտեխ ընկերությունն է իրականացնում այս թողարկումը, և առաջին դեպքն է, որ այսպիսի նորարարական բեքրաունդ ունեցող ընկերությունն է հայտնվելու արժեթղթերի շուկայում, որի համար մենք շատ ուրախ ենք»,- նշեց նա։
«Թել-Սելլ» ԲԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանն ամփոփեց ընկերության արդի մեգանախագծերը, իսկ Ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը «Թելսելլ»-ի հաջողության պատմությունը ներկայացրեց նաև թվերով։
«Առաջին հերթին կուզեի նշել, որ ֆինտեխ ոլորտում առաջինն ենք եղել, որ թողարկել ենք վիզա քարտեր, դա գուցե բանկերի համար սովորական գործառույթ է, բայց ֆինտեխ ընկերության համար ձեռքբերում է, մենք 2023 թվականին բանկի հետ համատեղ թողարկեցինք քոբրենդային վիզա քարտը։
Երկրորդ նախագիծը տրանսպորտային պրոյեկտն է․ գաղտնիք չէ, որ 2022 թվականից ընկերությունը մասնակցել է մի խոշոր պրոյեկտի, պետական պրոյեկտի, որտեղ մենք փորձել ենք մեր կարողությունները, գիտելիքն ու հմտությունն օգտագործել ի նպաստ պետության՝ թվայնացնելով մեր տրանսպորտային համակարգը, որպեսզի մեր քաղաքացիների համար այդ համակարգը դառնա ավելի մատչելի, հարմարավետ ու ժամանակակից։ Այս պահի դրությամբ այդ պրոյեկտի իրաործման համար «Թելսելլ» ընկերությունը շուրջ 1, 5 միլիարդ ներդրում է իրականացրել և շարունակում է ներդրումներն ավելացնել»,- մանրամասնեց Լիանա Հունանյանը։
«Ինչպես տեսնում եք մեր դինամիկայից՝ 2017 թվականից սկսած՝ տերմինալները քանակապես գրանցել են եռապատիկ աճ, 2023 թվականի վերջին ունեինք արդեն 4500 տերմինալ, ընկերությունը շարունակելու է այս քաղաքականությունը, ամրապանդելու է իր դիրքերը, ավելացնելու է իր մասնաբաժինը։
«Թելսելլ» ընկերությունը շատ հպարտ է իր ցուցանիշներով, քանի որ, ընդհանուր առմամբ, ընկերության շրջանառությունը վերջին տարիների ընթացքում գրանցել է միջինում տարեկան 28 տոկոս աճ, ինչը տպավորիչ թիվ է»,- տեղեկացրեց Թամարա Սարգսյանը։
Իսկ մինչ «Թելսելլ» ընկերության բաժնետոմսերի ապագա բաժնետերերը կկատարեն իրենց ընտրությունը, ընկերության տնօրենը հիշեցում ունի․ «Բաց մի թողեք հեռանկարը․ սա այն հեռանկարն է, որի մասին մենք այսօր ենք խոսում, և միգուցե տասը տարի հետո հետ նայենք և ասենք՝ ինչ լավ է, որ մենք այդ հնարավորությունը բաց չթողեցինք»։