Ինչո՞ւ Ռուսաստանը չխուսափեց Հայաստանի հետ գազային փակուղուց, և արդյո՞ք Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ավելի խորն ինտեգրացիայի

Օրերս տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ԵԱՏՄ ղեկավարներն անդրադարձան վերջին ամիսներին ինտենսիվացած  գազային դիսկուրսին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս ելույթից օրեր առաջ ասել էր, թե կարելի էր ակնկալել, որ գազի հարցի բարձրացման ամենահարմար ժամանակը չէ, իր ելույթում, ի թիվս այլ հարցերի,  կրկին  նշեց, որ  համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը:

«Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ՝ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ: Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Իր հերթին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ միության անդամ երկու երկիր` Հայաստանն ու Բելառուսը, չեն ընդունում գազի գնագոյացման եվրասիական բանաձևը:

Պուտինը համարում է, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա:

Նրա խոսքով` Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում գազի գնի ձևավորման ԵԱՏՄ երկրների ընդհանուր բանաձևը։ «Նախագիծը հիմնականում համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին, կա բանաձև, որին աջակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարելի է որոշել ավելի ուշ` «ԵվրԱզԵս»-ի գազի ընդհանուր շուկայի ձևավորման շուրջ բանակցություններում: Այդ բանաձևը դեռևս չեն ընդունում մեր հայ և բելառուս գործընկերները»,- նշել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ, եթե Մինսկն ու Երևանը կարողանային համաձայնել այս բանաձևին, ապա ռազմավարության հաստատման ճանապարհին այլ խոչընդոտներ չէին մնա: Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է.

«Եթե Հայաստանն ու Բելառուսը չփոխեն գազի սակագների ձևավորման վերաբերյալ դիրքորոշումը, ապա տրամաբանական կլինի բացառել այդ կետը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծից», ու սրանով կարծես փակել գործընկերների բարձրացրած թեման։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին ելույթներով ավելի ամրապնդվեցին գազային տարաձայնությունները։ Նրա համոզմամբ՝ դրանք երկարաձգվելու են, քանի որ թեմայում ներգրավված ոչ մի կողմ չի պատրաստվում զիջել իր համոզմունքը և բանակցային այլ լուծման հանգել։

«Ռուսաստանը հայկական շուկայից, բնականաբար, չի փորձում և չի էլ կարող գերշահույթներ ապահովել իր համար, ինչպես գուցե որոշ վերլուծաբաններ կարծեն և պնդեն։ Այստեղ եղել է քաղաքական համաձայնություն որոշ ծրագրերի շուրջ, իսկ էներգետիկ շուկայում իրավիճակ է փոխվել, և Ռուսաստանի գործընկերները պահանջում են հաշվի առնել այս իրավիճակը և իջեցնել գները՝ խոսելով զուգահեռաբար ավելի խորը և իրական ինտեգրացիայի մասին, սակայն հետաքրքիր է՝ արդյո՞ք պատրաստ են դրան, և ի՞նչ ասել է՝ իրական ինտեգրացիա։

Եթե դա այն է, ինչին փորձում են հասնել Ռուսաստանն ու Բելառուսը, ապա դա հեշտ ճանապարհ չէ և միանշանակ լուծում չէ։ Թեև ես կասկածում եմ, որ Հայաստանը հենց դա է ցանկանում, քանի որ խորն ինտեգրացիան դա միայն էներգետիկ շուկային վերաբերող հարց չէ, դա քաղաքական, արժեքային, քաղաքակրթական ինտեգրացիայի հարց է, ես կարծում եմ, որ պարզապես  քաղաքական ճնշման մի ձև է՝ խոսել կառույցի ապակառուցողականության, ոչ լիարժեքության մասին և լուծել սեփական խնդիրները։

Ոչ ոք չի ասում, որ նոր ձևավորված կառույցում ամեն բան հարթ է և լիարժեք, բայց այդ կառույցի զարգացման համար ներդրում պետք է անեն անդամ բոլոր երկրները, և նման միությունների կայացման համար հարկավոր են տասնյակ տարիներ, այն էլ՝ հստակ փոխադարձ շահերի ու իրական գործընկերային հարաբերությունների առկայության դեպքում։ Այստեղ խնդիրները շատ են այդ ինտեգրացիան կայացնելու այն ձևով, ինչպես ձեռնտու է Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին և մյուսներին։

Ռուսաստանը մշտապես տրամադրել է արտոնություններ իր գործընկերներին, բայց իր եվրասիական հարաբերությունները ՌԴ-ն սկսել է այլ մոդելով դիտարկել, քանի որ բոլոր խնդիրները հրապարակային են դարձել»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ, եթե ԵԱՏՄ անդամ երկրները ցանկանում են ներքին գներ, ապա դա ենթադրում է Ռուսաստանի պատկերացմամբ ավելի խորը ինտեգրացիա, ինչի մասին խոսում են նաև Հայաստանն ու Բելառուսը, բայց երևի թե լիովին չպատկերացնելով, թե դա ինչ է և որքանով է հնարավոր։

«Կարծում եմ՝ այս հարցը փակուղի է մտնելու, և այդ փակուղին Ռուսաստանը կանխատեսում է, դրան պատրաստ է և այդ հնարավոր փակուղու հետևանքների պատասխանատվությունը թողնում է պահանջող կողմերի վրա։ Ռուսաստանն այսօր բազում ներքին և արտաքին խնդիրներ ունի և տեսնում է, որ այդ ընթացքում իր ռազմավարական գործընկերները սեփական խնդիրներն են փորձում լուծել, ինչը բնական է, բնական է նաև, որ Ռուսաստանն էլ իր առաջնահերթ խնդիրները պետք է լուծի։ Կարծում եմ՝ գազային խնդրին ժամանակավոր լուծում կտրվեր, եթե հարցը չմտցվեր նման սուր և հրապարակային փուլ»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս