Փաշինյանը կարող է «ժերտվա» տալ Ավինյանին կամ Թորոսյանին. ինչպե՞ս կդիմադրեն նրանք. Տիգրան Քոչարյան
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դուրս գա խմբակցությունից և իմքայլական որոշ պատգամավորների հետ ձևավորի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ՝ «ավինյանական թև»:
Թե որքանով է սա հնարավոր, առհասարակ, իշխանական ուժի ներսում ինչ «թևեր», խմորումներ կան, 168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ, երբ ձևավորվում էր գործող իշխանությունը, այն կազմված էր մի քանի խմբավորումից, որոնք միավորվել էին իշխանություն վերցնելու՝ հանուն ինչ-որ գաղափարի:
Ըստ նրա՝ դրանք, պայմանականորեն ասած, «նիկոլականներն» էին, «սորոսականները», բիզնես էլիտաները, որոնք, այսպես թե այնպես, նեղացած էին Սերժ Սարգսյանից, կամ ուզում էին ընդլայնել իրենց բիզնեսը և նախորդ իշխանության մեջ չէին տեսնում այդ հնարավորությունը:
«Եվ հիմա՝ երկու տարի անց, խմորումները զարգանում են, արդեն կարելի է տեսնել՝ լուրջ կոնֆլիկտներ են առաջանում և՛ խմբակցությունում, և՛ իշխանության ներսում, ինչ-որ խաղեր են գնում: Իսկ Տիգրան Ավինյանն էլ վերջին երկու տարվա ընթացքում «վաստակել» է «գորշ կարդինալի» հռչակը: Տեսեք՝ խնդիրն ինչումն է. Փաշինյանի ռեյտինգն ընկնում է, ում կարողացել է՝ կալանավորել է ռեյտինգը բարձրացնելու համար, ում նկատմամբ կարողացել է՝ հարուցել է քրեական գործեր, բայց հների հետ կապված արդեն այդ PR տարբերակը չի աշխատում, ըստ այդմ՝ մնացել է «ժերտվա» տալ սեփական թիմից: Եվ ներկա պահին կարծես թե հարմար թեկնածուներն Ավինյանն ու Թորոսյանն են՝ կապված կորոնավիրուսի հետ: Այսինքն՝ ցանկության դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է Ավինյանի վրա բարդել կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում, քանի որ նա է պարետը, թերացել է, և նրա պատճառով այսպիսի վիճակ ունենք: Կամ՝ թիրախավորի Արսեն Թորոսյանին՝ ասելով, որ նա սխալ է իրեն ներկայացրել իրավիճակը, կամ՝ բոլորովին այլ իրականություն է ներկայացվել, ինչի պատճառով այսպիսի վիճակ է»,- ասաց Քոչարյանը:
Միաժամանակ, մեդիափորձագետը նշեց, որ և՛ Ավինյանը, և՛ Թորոսյանն այն մարդիկ չեն, որ հանգիստ համակերպվեն «ժերտվա» լինելու գաղափարին, այդ անհամաձայնությունը զգացվում է, ինչով էլ, ըստ նրա՝ պայմանավորված են խոսակցությունները խմորումների մասով, և այն, որ որոշ պատգամավորներ, հնարավոր է՝ անկախանան, և ինչ-որ ուրիշ խումբ ձևավորվի:
«Որքան գնում է, նկատելի է դառնում այն, որ Փաշինյանը դառնում է ավելի անհավասարակշիռ: Շատ խոսակցություններ կան օդում կախված և չկախված, թե ինչ ձևով է նա խոսում իր ենթակաների հետ, անընդհատ լինում են ներվային պահեր, երբ կուտակված մաղձը Փաշինյանը թափում է կա՛մ պատգամավորների, կա՛մ նախարարների, տեղակալների վրա: Եվ շատ հնարավոր է, որ որոշ մարդկանց նյարդերը չդիմանան, և իրենք փորձեն իրենց սեփական արժանապատվության պահպանման համար կա՛մ հրաժարական տալ, կա՛մ բևեռներ ձևավորել իշխանությունում, որ կարողանան ինքնապաշտպանվել, որովհետև շատ դեպքերում հրաժարականը կարող է օգուտ չտալ, և քրեական գործեր հարուցվեն: Իսկ մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում բացարձակապես անմեղ մարդկանց գլխին կարելի է ինչ-որ գործեր սարքել, բանտ նստեցնել, երկար կալանքի տակ պահել: Այսինքն՝ իրենք դա տեսել են, զգում են, և փորձում են ուղղակի հարմար տարբերակներ գտնել նահանջի, եթե չստացվի, արդեն ինչ-որ քաղաքական պայքար ծավալեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Արդյոք այս ամենը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանի իշխանությունը չի գոյատևի մինչև սահմանված ժամկետը, այսինքն՝ կլինեն արտահերթ զարգացումներ, Տիգրան Քոչարյանն ասաց, որ նման կանխատեսումներ կարող են արվել, այսպիսի սցենար հնարավոր է:
«Փաշինյանը տապալել է երկու մեծ ոլորտ. առաջին՝ կորոնավիրուսի մեծ տարածում ունենք ՀՀ-ում, երկրորդը՝ գազի գնի հարցն է: Մենք տեսանք, որ Փաշինյանի երկու տարի առաջվա խոստումը՝ որ գազի գինը կիջեցվի, չկատարվեց, քանի որ ՀՀ-ի սահման բերվում է մի գնով, հետո արժեքն ավելացվում է նաև ներսում, ինչը տեղի է ունեցել «թալանչիների» պատճառով: Ավելին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները, որոնք փայլուն էին՝ ըստ Փաշինյանի, ՌԴ-ն անգամ ճգնաժամի պայմաններում հասկացրեց, որ չի պատրաստվում իջեցնել գազի գինը ՀՀ-ի համար, նույնիսկ՝ պատրաստվում է ավելացնել: Վերը նշված երկու ոլորտները բացարձակապես տապալված են, և դրա համար ևս պետք է պատասխան տալ: Իսկ քանի որ Փաշինյանի մոտ մոլուցք կա իշխանության մեջ մնալու, ինքը դա փորձելու է բարդել իր ենթակաների վրա՝ ինչ-որ շոուներով: Հավանականություն կա՝ նման մի սցենար զարգանա, որ Փաշինյանի իշխանությունը 4-5 տարի չձգի, այդ թվում՝ ԱԺ-ն: Կրկնում եմ՝ մինչև սահմանված ժամկետը, բայց եթե ինչ-որ բաներ լինի, պիտի լինի մինչև տարեվերջ: Այսինքն՝ եթե Փաշինյանը ցանկանում է մնալ իշխանությունում, ապա պետք է հետևություններ անի՝ ինչ սխալներ է արել: Իհարկե, ժողովրդական ասացվածք կա՝ ձուկը գլխից է փտում, և եթե անընդհատ պիտի բարդի իր ենթակաների վրա իր իսկ սխալները, Փաշինյանը երկար չի ձգի, քանի որ բավականին շատ մարդ հիասթափվում է, և ոչ միայն՝ ժողովուրդը, այլ՝ պետական աշխատողները»,- մանրամասնեց մեդիափորձագետը:
Այս համատեքստում նա հավելեց, որ շատ են «ստորացվում» նաև ուժային կառույցները. նրանցից պահանջվում է անել այնպիսի գործողություններ, որոնք նրանց գործառույթի մեջ չեն մտնում, ինչը կարելի է տեսնել և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի օրինակով: Այսինքն՝ մարդիկ ստիպված են անել այն, ինչն իրենց սրտով չէ:
Քոչարյանը շեշտեց նաև, որ արտաքին ֆրոնտում ևս Փաշինյանը որևէ լուրջ գրանցում չի ունեցել, չկա համագործակցություն որևէ ուժեղ կենտրոնի հետ: Եվ, ըստ նրա, նույնիսկ այն աջակցությունը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է ինչ-որ կերպ ցույց տալ, դա բավարար չէ, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ ՀՀ-ին այս պահին խոստումներ պետք չեն, այլ կոնկրետ ներդրումներ, գումարներ, որ չկան:
Տիգրան Քոչարյանի խոսքով, եթե Փաշինյանը մտածում է երկրի մասին, եթե իր մեջ մի փոքր պետականամետություն կա, պետք է իշխանությունն անցնցում փոխանցի տեխնոկրատ կառավարությանը, քանի որ իշխանությունը միայն ուրախ օրերի իշխանություն չէ, այլ նաև ծանր օրերի, և եթե այդ ժամանակ չես կարողանում կառավարել, պետք է փոխանցես այն:
«Լավագույն տարբերակը Փաշինյանի համար ճանապարհ գտնելն է՝ առանց ցնցումների իշխանությունը փոխանցելու, նույնիսկ՝ իմքայլականներին, որոնց մեջ գուցե ավելի լուրջ մարդիկ գտնվեն, քան ինքն է, այնուհետ պիտի հաջորդի ճգնաժամային կառավարության ձևավորումը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից, որից հետո պետք են արտահերթ ընտրություններ, քանի որ Փաշինյանը չի կարողանում կանգնեցնել այն գահավիժումը, որը կարող է պատահել երկրի հետ»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Փաշինյանի տապալումներն առողջապահական, արտաքին, տնտեսագազային ոլորտներում:
Հավելենք, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ևս թվիթերյան իր էջում անհրաժեշտ է համարել նոր՝ հակաճգնաժամային կառավարության ձևավորումը:
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։
Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը՝ դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,- գրել է նա: