Հեղափոխակա՞ն, թե՞ ավտորիտար իշխանություն

Չլինելով մասնագիտությամբ քաղաքագետ,  որքան տեղյակ եմ՝ քաղաքագիտական տեսությունը պետական կառավարման համակարգերը դասակարգում է՝ որպես միապետական, սահմանադրական միապետական, նախագահական, կիսանախագահական, պառլամենտական կարգերի։ Բացի վերը նշվածից,  տարբեր ցուցանիշներով, պետությունները բնորոշվում են նաև՝ որպես ամբողջատիրական (բռնապետական), ավտորիտար, ժողովրդավարական։ Այս բոլոր համակարգերը, իրենց հերթին, ունեն  տարբեր դրսևորումներ։ Օրինակ, նույն ամբողջատիրությունը․  չէ՞ որ տարբեր էին նույնիսկ նույն ԽՍՀՄ-ում  ստալինիզմն ու հետստալինյան շրջանը, էլ չասենք գորբաչովյան «պերեստրոյկայի» մասին։ Չգիտեմ, արդյոք քաղաքագիտական գրականության մեջ, բացի վերը նշված համակարգերից, որպես առանձնացված համակարգ՝ դիտարկվո՞ւմ է «հեղափոխականը»։ Կարծում եմ՝ «հեղափոխական» կամ «ժողովրդի» իշխանական համակարգի դեպքում չեն գործում որևէ օրենքներ, այլ գործում  է միայն Սիրելի Առաջնորդի կամքը։  Ինչևէ, սույն հոդվածով կուզենայի անդրադառնալ անկախ Հայաստանի՝ որպես պետական համակարգի կազմավորման վերլուծությանը, համեմատելով նախորդ՝ 28 տարիները, հետհեղափոխական իրավիճակի հետ։

Եվ այսպես, 1985թ․ սկսվեց ԽՍՀՄ փլուզումը։ Գորբաչովյան ազատությունները նպաստեցին  արցախյան շարժման սկզբնավորմանը, որն էլ, արդեն Հայաստանում, ստեղծեց Հայաստանի Կոմկուսին  ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) բևեռը: Արդեն1990թ․ մայիսին կայացած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններով Հայաստանում վերջ դրվեց 70 տարիների Կոմկուսի իշխանությանը, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց  «ժողովրդի» իշխանություն։ Ինչո՞ւ «ժողովրդի», այլ ոչ թե՝ ժողովրդավարական, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն՝ ժողովրդի քվեն ստացած իշխանություն, այլև՝ իրավական պետություն։ Ինչևէ, ինչո՞վ էր «աչքի ընկնում» «ժողովրդի» իշխանությունը, հատկապես 1991թ․ դեկտեմբերից,  Հայաստանի անկախանալուց հետո։ Շուրջ 4 տարի իշխանությունը հեղափոխական էյֆորիայի մեջ էր և սվիններով էր ընդունում ցանկացած քննադատություն։ Ինչ-որ պահի սկսվեցին լրատվամիջոցների դեմ հարձակումներ, նաև քաղաքական սպանություններ։ 1995թ․ խորհրդարանական ընտրություններով արդեն «հեղափոխականից» վերջնական անցում կատարվեց դեպի ավտորիտար կառավարում։ «Ընդունված» սահմանադրությամբ՝ Հայաստանը վերածվեց ոչ իրավական պետության (ըստ Սահմանադրության՝ Արդարադատության խորհուրդը Նախագահին կից կառույց էր)։ Ինչպես վերը նշեցի, ավտորիտար համակարգերն էլ տարբերվում են՝ թույլից մինչև առավել կոշտ։

Իշխանությունները՝ չունենալով որևէ գաղափարախոսություն (ազգայնական, ձախակողմյան), նաև որևէ հզոր կենտրոնի քաղաքական հովանավորությունը, երկիրն էլ՝ չունենալով էներգետիկ ռեսուրսներ, Հայաստանում անհնար էր դառնում բռնապետություն կամ կոշտ ավտորիտարիզմ հիմնելը։ Լեգիտիմության խնդիր ունեցող իշխանությունները, նաև կապված լինելով միջազգային պարտավորություններով, ստիպված հանդուրժում էին մեր որոշ ազատություններ (խոսքի, միավորումների, հավաքների և այլն), իհարկե, ժամանակ առ ժամանակ, երբ իշխանությունը կորցնելու վտանգ էին տեսնում, դրանք «օրենքով» կամ անօրեն սահմանափակում էին։ Սակայն իշխանությունները  նաև ստիպված հաշվի էին առնում հանրության կարծիքը՝ անհանգստանալով հնարավոր դժգոհություններից, և երբեմն ինչ-ինչ հարցերում նահանջում էին (օրինակ՝ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) մասին օրենքը, Մաշտոցի պուրակը, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագինը, և այլն )։ Եվ որքան էլ քննադատենք Հայաստանում հետհեղափոխական, մոտավորապես՝ 1995-2018 թվականները, դրանք, ներեցեք, պայմանականորեն  ավելի «ընդունելի»  էին, քան «հեղափոխական» ամենաթողության տարիները։ Բավարարո՞ւմ էր այն հանրությանն ու, մասնավորապես, տողերիս հեղինակին, իհարկե՝ ոչ։

Եվ հենց այս՝ ոչ բռնապետություն, ոչ իրապես ժողովրդավարություն (նկատի ունեմ, առաջին հերթին՝ իրավական պետություն) իրավիճակը բերեց 2018թ․ իշխանահեղափոխությանը։ Եվ նորից, շուրջ 30 տարիների ընդմիջումից հետո,  ունեցանք «հեղափոխական» կամ «ժողովրդի» իշխանություն, և, կրկնեմ՝ ոչ ժողովրդավարություն։ Եվ էլի իշխանությունը (ի տարբերություն 90-ականների՝ մեկ մարդու իշխանություն)  «հեղափոխական» էյֆորիայի մեջ լինելով՝ ընդհանրապես հաշվի չի նստում  իրավունքի,  օրենքի, հանրային շահի, կարծիքի հետ և գործում է՝ ըստ իշխանությունն ամրապնդելու տրամաբանության։ Հետաքրքրական է, որ «հեղափոխական» իշխանությունն առավել բացահայտ է կիրառում  նախորդ ավտորիտար իշխանություններից ժառանգած դատաիրավական զինանոցը  քաղաքական հակառակորդներին և լրատվամիջոցներին ճնշելու համար (հիշենք yerevan.today, hayeli.am, «Ժողովուրդ» և այլ լրատվամիջոցների դեմ ճնշումները, «թխված» քրեական գործերը)։ Առայժմ հայտնի չեն քաղաքական սպանություններ, բայց լայնորեն կիրառվում են «ասֆալտին փռելու», ինչպես նաև խունվեյբինական (Հեղափոխության պահապաններ) մեթոդները։ Քայլ առ քայլ իշխանությունը փորձում է անցում կատարել Հայաստանում ձևավորված համեմատաբար թույլ ավտորիտարիզմից՝ դեպի առավել կոշտի։ Կստացվի՞ արդյոք, կարծում եմ՝ ոչ։ Բայց, ինչպիսի՞ հետևանքներ կլինեն։

Արդյոք հերթական անգամ կունենա՞նք նոր հեղափոխություն  և «հեղափոխական», «ժողովրդի» իշխանություն և անցում հերթական ավտորիտար կառավարման, թե՞ վերջապես կկառուցենք իրավական պետություն, որն էլ կբերի իրական ժողովրդավարության։ Համենայն դեպս, առայժմ,  բացի հատուկենտ իրավաբաններից և էլ ավելի սակավաթիվ հասարակական-քաղաքական գործիչներից, իրավական պետության ջատագով գործիչների չեմ տեսնում։

Մեր հանրությունը, ներեցեք, իր գավառական մտածողությամբ,  դժգոհելով գործող իշխանական անձերից (պատահական չէ պարզունակ «սերժառոբական»  հռետորաբանությունը), ոչ թե համակարգի թերություններն է փորձում շտկել, այլ փնտրում է «ժողովրդի» մասին մտածող փրկչի, ի՞նչ դատարան, ի՞նչ օրենք… Այսպիսի մտածողությամբ մենք անընդհատորեն ունենալու ենք   ավտորիտար անտանելի, կամ «հեղափոխական», «ժողովրդի»՝ առավել անտանելի իշխանություն, բայց ոչ՝ ժողովրդավարական, իրավական պետություն։

Ընտրությունը քոնն  է։

Տեսանյութեր

Լրահոս