Բաժիններ՝

«Այսօր վերցրած պարտքը ենթակա է վերադարձման վաղը, և ոչ միայն՝ մայր գումարը, այլ նաև՝ տոկոսները». Տնտեսագետը՝ ԱՄՀ հատկացրած 280 մլն դոլարի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս աջակցությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար հասանելի  205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նման ծրագրերի բովանդակությունը՝ նշեց, որ, թեև միջազգային տարբեր կառույցներից երկրներին տրվող փոխատվական կապիտալը կամ վարկային միջոցներն արտոնյալ պայմաններով են, այդուհանդերձ չի նշանակում, որ դրանցով չի ավելանում երկրի պարտքային բեռը.

«Հայաստանի Հանրապետության համար պետք է ասեմ, որ արդեն նաև որոշակի միջազգային չափանիշերով սահմանված մեր առավելագույն պարտքային նիշերին են այդ ցուցանիշները մոտենում, այդ թվում՝ ՀՆԱ հարաբերակցությունը պարտքի ցուցանիշի նկատմամբ, պետական բյուջեի եկամուտների, և այլն:

Այս իմաստով լավագույն տեղում չենք, և կա նաև խնդրի հաջորդ կողմը՝ այո, բնականաբար, փոքր տնտեսությամբ և տնտեսական զարգացման այս իրավիճակում, որին ավելացան համաճարակի հետևանքները, կարծես թե մենք շատ մեծ տարբերակներ չունենք, և, այո՛, պետք է նաև դիմակայելու համար այսօրվա ճգնաժամային իրավիճակին՝ հայացք ուղղենք դեպի միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Այս երկու փաստից հետո նաև էապես ուրվագծվում են այդ ռեսուրսները ծախսելու ուղղությունները և արդյունավետությունը»:

Ըստ տնտեսագետի՝ արդյունավետությունը և նպատակայնությունը գնահատելու համար ամենատեսանելի ցուցիչները պետք է լինեն կառավարության այն ծրագրերը, որոնք արդեն գործում են՝ որպես հակաճգնաժամային ծրագրեր.

«Այստեղ առիթ ունեցել ենք գնահատելու, որ այդ ծրագրերը, մեծ հաշվով, խնդրահարույց են՝ նպատակի և արդյունավետության տեսանկյունից:

Եթե այդ միջոցները նաև ծախսվելու են այս նույն ծրագրային ուղղություններով և առկա հետևանքները հաղթահարելու նույն տրամաբանությամբ, ապա ինքնին դրանք ունեն արդյունավետության լուրջ խնդիր, և փաստացի կստացվի, որ մենք այդ նույն սկզբունքներով արդեն այս անգամ կծախսենք ոչ թե՝ պետական բյուջեի եկամուտները, որը մեր երկրի ներքին ռեսուրսն է, այլ՝ արտաքին աղբյուրներից ստացված ռեսուրսները՝ ավելացնելով նաև արտաքին պարտքի բեռը»:

Թ. Ավետիսյանը հավելեց, որ ցանկացած միջոցի ներգրավման դեպքում՝ դրանք առավելապես պետք է ծախսվեն երկու հիմնական սկզբունքով.

«Դրանք պետք է լինեն կանխարգելիչ՝ տնտեսական ակնհայտ անկումը և սոցիալական լարվածությունը խորացնող գործոններին հակազդող, և նաև իրենց բնույթով՝ արդեն մի քիչ երկարաժամկետ հատվածում դրանք նաև կարողանան հետգնվել, այսինքն՝ հետ վերադառնան, միտված լինեն զարգացմանը»:

«Այսօր վերցրած ցանկացած 1 դոլարի կամ եվրոյի արտաքին պարտքը ենթակա է վերադարձման վաղը, և ոչ միայն՝ մայր գումարը, այլ նաև՝ տոկոսները»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս