Սիրողական ֆուտբոլիստը կարող է դառնալ Ուգանդայի թագավոր
Օյո Նյիմբա Կաբամբա Իգուրու Ռուկիդի IV թագավորի մահից հետո նրա իրավահաջորդը կարող է դառնալ 9-րդ լիգայի սիրողական ակումբի դարպասապահն ու ավագը՝ 36-ամյա Ջորջ Դեսմոնդ Կամուրասին, հաղորդում է Bild-ը։
Ուգանդայի արևմուտքում գտնվող Տորո թագավորությունում ապրում է ավելի քան մեկ միլիոն հպատակ։ Այս կենտրոնաֆրիկյան պետությունում պահպանվել են մի քանի միապետություններ։ Դրանք լուրջ քաղաքական դեր չեն խաղում, սակայն ունեն մեծ մշակութային նշանակություն։
Կամուրասին, որին բոլորը պարզապես «Big G» են կոչում, ծնվել և մեծացել է Անգլիայում։ Նրա պապը թագավոր Ջորջ Ռուկիդի III-ն էր։ Վերջերս քաղցկեղից ընդամենը 34 տարեկանում մահացած Օյո թագավորին նա զարմիկ է։
«Ես պահպանել եմ սերտ կապը իմ մշակութային ժառանգության հետ»,— գրել էր Ջորջ Կամուրասին երկու տարի առաջ Instagram-ում։ «Իմ սերը Ուգանդայի հանդեպ գալիս է մարդկանցից, հատկապես իմ ծնողներից, որոնք ինձ սովորեցրել են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը, աշխատասիրությունը և տոկունությունը»։
Սակայն Ուգանդան հեռու է Լոնդոնից, որտեղ Կամուրասին կառուցել է իր կյանքը և ստեղծել ընտանիք։ Նրա մեծագույն կիրքը ֆուտբոլն է։ «Big G»-ն կանգնում է South East Dons սիրողական ակումբի դարպասում, որը հանդես է գալիս 9-րդ լիգայում։ Եվ այնտեղ նա արդեն «թագավոր» է, ավելի ճիշտ՝ ավագը, որը համախմբում և քաջալերում է իր թիմին։
Այդ պատճառով, ըստ ամենայնի, Կամուրասին դեռ վստահ չէ, թե արդյոք ուզում է ֆուտբոլը փոխանակել գավազանի հետ։ Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ նա դեռ հապաղում է ընդունել առաջադրումը։ Անհայտ է նույնիսկ՝ կկարողանա՞ արդյոք նա գալ իր զարմիկի հուղարկավորությանը. նշանակված օրը նրա ակումբը կարևոր գավաթային հանդիպում ունի։ Այսպիսով, թագավոր Ջորջը պետք է ոչ միայն Ուգանդային։
Ինչ էլ որ լինի, 21 հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողովն արդեն հրավիրել է ֆուտբոլիստին գահ բարձրանալու, իսկ Ուգանդայի նախագահը հավանություն է տվել այս ընտրությանը։ Այժմ որոշումը Կամուրասիինն է։

