Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: Այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:
«Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելությում: Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:
«Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,-նշել է Պուտինը:
ՌԴ նախագահն ավելացրել է, որ եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի: Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:
«Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինը առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում,-նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր: