
Ինչո՞ւ է Հայաստանում վարակվածների ծավալն ավելի վատ, քան՝ Վրաստանում և Ադրբեջանում. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բլե՞ֆ, վիճակագրությո՞ւն, թե՞ հերթական դրվագը հայ ժողովրդի դժնդակ պատմությունից.
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2019թ. ապրիլին Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, երբ կորոնավիրուս չկար, քան ս.թ. ապրիլ ամսին, երբ կորոնովիրուս կա, որի հետևանքով մարդիկ են մահանում:
Բացի դա, վարչապետը հայտարարում է, որ վարակվածների 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ, ինչը նշանակում է, որ, ըստ էության, մարդու համար հիվանդությունը թղթի վրա գրված ախտորոշում է, քանի որ այդ մարդիկ որևէ բողոք չունեն:
Սա նշանակում է, որ Հայաստանում վարակվածների ընդամենը 25 տոկոսն է ենթարկվում ստացիոնար բժշկական բուժման կամ հետազոտման:
Ես չգիտեմ, թե սա ինչ բացատրություն ունի, բայց, այնուամենայնիվ, հարց է առաջանում. Ինչո՞ւ է Հայաստանում վարակվածների ծավալն ավելի վատ, քան՝ Վրաստանում և Ադրբեջանում:
Ես մասնագետ չեմ և չեմ կարող տալ այս հարցի պատասխանը:
Բայց ես շարունակում եմ պնդել, որ եթե հայտարարված էր արտակարգ դրություն, ուրեմն իշխանությունը պարտավոր էր դրսևորել արտակարգ դրությանը համահունչ և համարժեք խստություն, հարկ եղած դեպքում նաև կոշտ միջոցների կիրառմամբ ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման դրույթների իրականացումը:
Այդ որոշումների չկատարումը, ինչպես նաև այսօրվա վարակի տվյալները ցույց տվեցին, որ այդ գործիքակազմն ուղղակի իրեն չի արդարացրել:
Ի դեպ, անձամբ ես դեմ եմ եղել արտակարգ դրություն հայտարարելուն, հիմա էլ եմ դեմ: Իսկ թե ինչու ընտրվեց այս տարբերակը, այդ մասին կխոսեմ վաղը…»: