Լավրովի մայիսյան երկրորդ զանգը Մնացականյանին․.․ ի՞նչ է ցանկանում ՌԴ ԱԳ նախարարը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զանգերը՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հաճախակիացել են։ Երեկ՝ մայիսի 14-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
«Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Ուշագրավն այն է, որ Մնացականյան-Լավրով վերջին հեռախոսազրույցից անցել էր ուղիղ մեկ շաբաթ։ Մայիսի 6-ին կրկին ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել էր Մնացականյան-Լավրով մեկ այլ հեռախոսազրույց՝ գրեթե նույն բովանդակությամբ։ Հարկ է դիտարկել, թե երկկողմ հարաբերությունների ինչ մթնոլորտում են տեղի ունենում այս զանգերը, և, թե ինչ հայտարարություններ են հնչում երկու կողմերից։
Վերջին մեկ ամսվա ընթացքում թե՛ հայկական, և թե՛ ռուսական կողմն ԱԳ նախարարների մակարդակով ակնարկեցին հայ-ռուսական հարաբերություններում թյուրըմբռնումների մասին։ Զուգահեռաբար՝ ռուսական կողմը շրջանառում է ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների թեման, որը, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր նշել ապրիլի 21-ին Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսից ժամեր առաջ, ենթադրում է հակամարտության փուլային կարգավորում, որին Զ. Մնացականյանն ավելի ուշ արձագանքեց՝ ասելով, թե որ դեպքում կարող է փուլային կարգավորումն ընդունելի լինել հայկական կողմի համար։
Մայիսի 12-ին տեսակապի միջոցով տեղի էր ունեցել նաև Անկախ պետությունների համագործակցության նախարարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արձագանքել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի Ղարաբաղյան դիտարկումներին՝ նշելով․
«Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:
Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև՝ կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար»։
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ռուսական միջնորդության ակտիվության ֆոնին էապես սրվել է Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, և հաճախակիացել են միջադեպերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին։
ՀՀ կառավարության բարձրացրած էժան գազ ստանալու թեման ևս կարծես անհանգստացնում է ռուսական կողմին, որին անդրադառնալիս՝ Լավրովը շաբաթներ առաջ հիշեցրել էր ՀՀ-ում ռուսական ընկերությունների շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացների մասին՝ ուղիղ ակնարկելով, որ այդ պրոցեսները ռուսական կողմի սրտով չեն։
Օրերս մեզ հայտնի դարձավ նաև, որ այս տարի Հաղթանակի պաշտոնական տոնակատարությունների շրջանակում չի կայացել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, ինչն ակնկալելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ ղեկավարների հետ էր ՌԴ նախագահն այդ օրերին հեռախոսազրույցներ ունեցել և ինչ թեմայով։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն փորձեց մեկնաբանել, թե ինչու է ՌԴ ԱԳ նախարարը սկսել ավելի հաճախ զանգահարել Երևան, և ինչ թեմայով են ընթանում ինտենսիվ զրույցներ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների միջև։
Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ վերջին բոլոր հայտարարությունները ՌԴ ԱԳ նախարարի կողմից այդ տեսանկյունից կարող են ինֆորմատիվ դիտարկվել։
«Թերևս, քննարկվելիք հարցերի շրջանակը չափազանց լայն է։ Այդ հարցերում առաջին տեղում երկկողմ խնդիրներն են և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։ Երկկողմ խնդիրները բավականին շատ են, փաստորեն, այսօր՝ Հայաստանի համար կարևոր է գազի էժան գինը, բայց, փաստորեն, ռուսական կողմն էլ իր մտահոգություններն է ներկայացնում այլ հարցերի շուրջ և ցույց տալիս, որ երկկողմ հարաբերություններում Ռուսաստանի համար ևս կան որոշ խնդիրներ, որոնք արժանի են քննարկման, և այդ քննարկումը տեղի է ունենում, ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ գործընկերային մոտեցումը պետք է լինի փոխադարձ։
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկներին, կարծում եմ՝ պատրանքներ նաև ռուսական կողմը չունի, բայց Լավրովը փորձում է ակտիվ լինել, և դա անում է մի շարք այլ ուղղություններով, որն այս փուլում ոչ միանշանակ է ընկալվում շատերի կողմից։ Այս հարցում, ամենայն հավանականությամբ, իր դերակատարությունն ունի նաև երկրում ստեղծված իրավիճակը, վարչապետի բացակայությունը, որը թույլ է տալիս այդ ֆոնին ակտիվանալ։ Այսինքն՝ ներքին իրավիճակը ևս կապ ունի՝ ըստ իս»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ եթե բարձրաստիճան շփումներում իսկապես խնդիր կա, ապա ավելի կինտենսիվանան շփումները նախարարությունների մակարդակով։
«Սա ևս կարող է դիտարկվել՝ որպես պատճառ։ Սակայն, կարծում եմ՝ երկկողմ հարաբերություններում ընդհանուր առմամբ կան շատ թյուրըմբռնումներ, որոնք ներկայումս թե՛ ներքին, թե՛ արտաքին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված, պատճառներ ունեն, ուստի այս շփումները պետք է դիտարկել այդ կոնտեքստում։ Քննարկվում են հարաբերությունները, որոնցում կան որոշ խնդիրներ»,- ասաց նա։