Համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը․ Արսեն Թորոսյան

«Ինձ համար անհասկանալի է այս ամենը զավեշտի, կատակի վերածելը կամ սրամտելը, սա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միևնույն է, չենք անելու և, միևնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միևնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա վրա ենք սրամտո՞ւմ»,- այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համարում արտակարգ դրության ռեժիմի պահպանումը:

«Որպեսզի կարողանանք մեր նոր վաքագծի կանոնները շարունակել կիրառել եւ դրա համար ունենալ պատասխանատվության միջոցներ, անհրաժեշտ է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Արտակարգ դրություն թողնելն ինքնանպատակ չէ, մեր հակահամաճարակային գործողությունների համար հիմք է, առանց որի այս պահին չենք կարող շարունակել։ Այս պահին այդ դրության շարունակությունը հրամայական է»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նշեց, որ չնայած անմիջական, երկար շփման մեջ չի եղել վարակված անձանց հետ, ամեն դեպքում որոշել է ինքնամեկուսանալ, սակայն շարունակում է հեռավար աշխատանքների իրականացումը։ Նախարարը նշեց նաև, որ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռևս չկա:

«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռևս մեծ բռնկում չկա Առողջապահության նախարարությունում, բայց մենք՝ սերտ շփումներ ունեցողներս, պետք է նվազագույնի հասցնենք շփումները, ավելի խիստ հետևենք կանոններին, ինքնամեկուսանանք։ Դրանցից մեկն եմ նաև ես, ռիսկի գոտում եմ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով բուժհաստատություններում ստեղծված իրավիճակին՝ նախարարը նշեց, որ հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, որը վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ «Մենք կկենտրոնանանք միայն բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք»:

Թորոսյանը շեշտեց, որ այսօր աշխատանքային հեռավար քննարկման է եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ «Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է մոտավոր. մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդությունը մեղմացնելու, բուժելու, թեթևացնելու դեղամիջոցը կամ պատվաստանյութը, որն ավելի քիչ հավանական է կամ ավելի ուշ կլինի, միևնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան 5 տարի հետո»։

Մեր բոլորի վարքագծի, մեր «նոր առօրյայի» մասին

Gepostet von Arsen Torosyan am Donnerstag, 14. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս