Apple-ը պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպել է ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ 

Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջ. Լունդգարդին՝ Apple-ի առաջին կրթական ծրագիրը Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) գործարկելու համար։

Կողմերն ընդգծել են կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանք կատարելու իրենց պատրաստակամությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930