«Մենք բաց թողեցինք իրավական պետություն ձևավորելու ճանապարհին մի շատ կարևոր ձեռքբերման հնարավորություն՝ շնորհիվ Աննա Դանիբեկյանի». Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դեռևս դժվարանում է մեկնաբանել, թե ինչու մոտ երկու ամիս առաջ դատարանին ներկայացված և մայիսի 8-ին դատարանում քննված՝ Ռոբերտ Քոչարյանին նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մեջ ներկայացված փաստերը բավարար չէին եղել դատավոր Աննա Դանիբեկյանի համար, որպեսզի նա փոխեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանավորումը:
«Որոշման եզրափակիչ մասը մեզ հայտնի է, բայց մենք չենք իմանում, թե ինչով է հիմնավորված այն, հետևաբար՝ ես կդժվարանամ այսօր մեկնաբանել Ձեր հարցադրումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը:
ՀՀ նախկին վարչապետը մեզ հետ զրույցում անդրադարձավ այն իրավական հիմքերին, որոնք, իր պատկերացմամբ, կարծես թե բավարար պետք է լինեին իրավունքի տառին և ոգուն հավատարիմ մնալու դեպքում՝ որոշում կայացնելու խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
«Նախ՝ մենք պետք է արձանագրենք, որ թե՛ մեղադրող կողմը, առավել ևս՝ տուժածների իրավահաջորդները, այդ նախաձեռնության իրավական բովանդակությունը խեղում էին: Անձնական երաշխավորության միջնորդության իմաստը նրանում չէ, որ միջնորդողը ստանձնում է պատասխանատվություն մեղադրյալի ձեռքից բռնած ամբողջ օրը հետևել նրան, թե նա ուր կգնա, ուր չի գնա: Այդպիսի բան չի կարող ենթադրվել: Մինչդեռ կարծես թե մեղադրող կողմը կամ մնացյալ մասնակիցներն այդպես էին փորձում մեկնաբանել»,- ասաց Խ. Հարությունյանը՝ պատասխանելով մեր հարցադրմանը, թե ինչպե՞ս կմեկնաբաներ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանի վրա ոչ ոք ուղղակի ազդեցություն ունենալ չի կարող ու չի կարող ապահովել ազատության մեջ նրա պատշաճ վարքագիծը:
«Խնդիրը կայանում է հետևյալում՝ արդյո՞ք միջնորդողները վստահում են տվյալ դեպքում մեղադրյալին՝ այն առումով, որ, եթե նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի, ապա նա որևէ քայլ չի կատարի, որը կհակասի օրենքի պահանջներին: Այսինքն՝ տվյալ դեպքում չի խուսափի արդարադատությունից, չի խոչընդոտի արդարադատությանը:
Հետևաբար՝ առաջին հարցն այն է՝ արդյո՞ք մենք վստահում ենք Քոչարյանին: Այո, ես ասեմ, կարծում եմ՝ իմ գործընկերները նույնպես, պնդում եմ, որ մենք վստահում ենք Քոչարյանին, որ կալանքը, խափանման միջոցը փոխելու պարագայում Քոչարյանը որևէ քայլ չի ձեռնարկի, որը պրոբլեմներ կստեղծի արդարադատության համար»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով երկրորդ հանգամանքին՝ Հարությունյանը հիշեցրեց մայիսի 8-ի դատական նիստի ավարտին Ռոբերտ Քոչարյանի ելույթը, որի ժամանակ նա նշել էր, որ իր համար կաշկանդող գլխավոր գործոնն իր կենսագրությունն է, պատասխանատվությունն իր անցած ուղու և պատմական դերակատարման հարցում:
«Ըստ էության նա փաստեց, որ միջնորդության իմաստն իր նկատմամբ անհատական վերահսկողություն սահմանելը չէ: Նա ասում էր՝ «եթե, տիկին Դանիբեկյան, Դուք ինձ հրապարակավ հարցնեք՝ «Դուք խոստանո՞ւմ եք, որ որևէ խախտում չեք անի», և եթե ես Ձեզ ասեմ՝ «այո, ես խոստանում եմ», դա պետք է լիներ բավարար, որ Դուք ընդառաջեիք իմ հարցադրմանը»:
Ցավոք, ես, անկեղծ ասած, հույս ունեի, որ հաշվի առնելով մի կողմից՝ այն հանգամանքը, որ նույնիսկ մեղադրող կողմն է փաստում, որ Քոչարյանի պարագայում արդարադատությունից խուսափելու ռիսկերը զրոյացված են, իսկ արդարադատությանը խոչընդոտելու ռիսկերը մինիմալացված են, մենք կարծում ենք, որ հատկապես այս գործոնի, այս ֆոնի վրա, և հաշվի առնելով նաև հավելյալ մի նոր գործոն, ինչպիսին համավարակն էր, համավարակով պայմանավորված վտանգներն ու սպառնալիքները, մենք կարծում ենք, որ նույնիսկ, եթե անգամ մեր միջնորդությունը չլիներ, այդ երկու գործոնը բավարարար պետք է լինեին խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դրան ավելացավ գրավի առաջարկը, դրան ավելացավ մեր միջնորդությունները:
Ցավոք, մենք ունենք այսօր այն, ինչ ունենք:
Եվ ես պետք է ափսոսանք արտահայտեմ, որ Աննա Դանիբեկյանը, փաստորեն, չմնաց հավատարին դատավորի իր առաքելությանը, չմնաց հավատարիմ՝ ծառայել օրենքի, Սահմանադրության ոգուն և տառին: Եվ սա ցավով եմ արձանագրում: Ես կարծում եմ, որ մենք բաց թողեցինք իրավական պետություն ձևավորելու ճանապարհին մի շատ կարևոր ձեռքբերման հնարավորություն՝ շնորհիվ Աննա Դանիբեկյանի»,- հավելեց Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց մայիսի 8-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշումը. հայտնեց, որ մերժում է ներկայացված բոլոր միջնորդությունները: