«Ինձ ամենից մեծ զսպող հանգամանքը Հայաստանի և Ղարաբաղի նախագահ լինելն է». Ռոբերտ Քոչարյան

«Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահն եմ, և ամենից մեծ զսպող հանգամանքը հենց այս հանգամանքն է, որ ինձ՝ Արցախի հերոսի և երկու հայկական հանրապետության նախագահի, երաշխավորում են մարդիկ, և հանկարծ ես մի քայլ եմ անում, որն ուղղակի իմ հեղինակությունը զրոյի եմ անում:

Ցավալի է շատ, որ մեր դատախազները այդքանը չեն հասկանում, որ ամենից մեծ զսպող հանգամանքը սա է, որ որևէ մեկը քո համար երաշխավորություն ա ներկայացնում, և դու այսպես խաչ ես քաշում քո կենսագրության վրա, խաչ ես քաշում այն հանգամանքի վրա, որ դու ինչ-որ ճանապարհ ես անցել, առաջին դեմք ես եղել: Եվ այդ պատճառով դու պետք է կորցնես քո բոլոր ընկերներին, մեկի երեսին չես կարող նայել: Ոչ միայն այն մարդկանց՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան և այլն, և այլն, միայն դրանց հարցը չէ:

Առաջին հերթին քո հարցն է: Դու, կոպիտ ասած, էդ մարդկանց պոդստավկա անող մարդ ես, թե դու էն մարդն ես, որ խոսք ես տալիս և այդ խոսքին տեր ես կանգնում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազության և տուժող կողմի պնդումներին, թե ոչ ոք Քոչարյանի վրա ուղղակի ազդեցություն ունենալ չի կարող, հետևաբար՝ նրա կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելուց առաջ պետք է պատշաճ ուսումնասիրել, թե ովքեր են այն մարդիկ, որ անձնական երաշխավորություն են ենրկայացրել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

«Նույնիսկ իմ պարագայում, իմ կենսագրությունը հաշվի առնելով, տիկին Դանիբեկյան, ես սպասում էի, որ Դուք ինձ պետք է հարցնեք՝ «Դուք խո՞սք եք տալիս, որ նման երևույթներ չի լինելու»: Ու եթե ես ասեմ, որ՝ «այո, ես Ձեզ խոսք եմ տալիս», Դուք կարող եք հանգիստ որոշում կայացնել՝ առանց որևէ երաշխավորանքի, առանց գրավի, առանց ամեն ինչի՝ վստահ լինելով, որ ես երբեք, հատկապես այդ հրապարակային տված խոսքը, երբեք չեմ խեղի:

Եվ ցավալի է իմ համար, որ ո՛չ Դուք, ո՛չ դատախազները չեն ուզում դա հասկանալ և ընդունել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը ելույթում նաև անդրադարձավ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների այն պնդումներին, թե Քոչարյանն անգամ Քրեակատարողական հիմնարկի աշխատողներին է դուրս հանել իր սենյակից:

Նրա խոսքով՝ նման դեպք տեղի է ունեցել, և դա եղել է այն ժամանակ, երբ Քոչարյանը բժիշկների հետ պետք է քննարկեր իր վիրահատության հարցը, հիվանդասենյակում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի մի բարձրաստիճան սպա ևս ցանկացել է մասնակցել դրան: Այդ ժամանակ Քոչարյանը խնդրել է զանգել ՄԻՊ-ին, և այն ժամանակ, երբ աշխատողն ասել է, թե չի զանգելու, Քոչարյանը հրաժարվել է հիվանդանոցում մնալ և խնդրել է իրեն տանել ՔԿՀ՝ պատճառաբանելով, որ նա իրավունք չունի ներկա լինել նման խոսակցության:

«Ինքը դուրս եկավ, զանգեց իր պետին, չգիտեմ՝ նա՝ պետի պետին, մյուսը՝ մյուսին, ես չգիտեմ՝ մինչև ուր հասավ էդ զանգը, ասեցին՝ հա, հասկացանք, չենք մասնակցում: Եվ դրանից հետո որևէ հանդիպում բժշկի հետ, ուղղակի ես ստիպում էի, պնդում էի, որ ոչ մեկը ներսում չլինի սենյակում: Իմ իրավունքներն էին ոտնահարվում շատ կոպիտ, գռեհիկ ձևով, և այդ իրավունքները, ես ուղղակի ասել եմ նրան, որ այդ իրավունքներս եմ պաշտպանում, թեկուզ դա պետք է աներ դատախազությունը, ոչ թե՝ ես»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս