Պետգնումների ֆավորիտ մատակարարներից մեկը՝ «Սթեյջ Սթայլ»-ը, շարունակում է ակտիվությունը
168․am-ն օրերս անդրադարձել էր «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից գնման մի պայմանագրի, որը կնքվել էր «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում։ Գնումն արվել էր մեկ անձից՝ ոչ մրցակցային գնման ընթացակարգով, պայմանագրի գինը՝ 53 միլիոն դրամ։
Մենք առիթ ունեցել էինք տարբեր հրապարակումներով անդրադառնալ այս ընկերության պետական գնումների մի քանի հետաքրքիր դրվագների, այսօր դարձյալ կամփոփենք «Սթեյջ Սթայլ»-ի մասնակցությամբ մի քանի խոշոր գնումներ:
Այսպես, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, 2013 թվականի սեպտեմբերին Երևանում գրանցվում է «Սթեյջ սթայլ» ՍՊԸ-ն, որը, սակայն, իբրև մատակարար՝ պետգնումներում հայտնվում է 2019 թվականից։ Համենայն դեպս, այս մասին է վկայում էլեկտրոնային գնումների համակարգը։
Ի դեպ, այս ընկերությունից գնումներն արվում են ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ, գնման հարցում ընթացակարգերով։
Տարբեր պետական գերատեսչությունների հետ կնքված 86 պայմանագրերից, օրինակ, 47-ը՝ մեկ անձ, 25-ը՝ հրատապ մեկ անձ, իսկ 14-ը՝ գնանշման հարցում ընթացակարգով են։ Ի դեպ, «Սթեյջ Սթայլ»-ի հիմնական պատվիրատուն «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է։
Միայն այս տարի, ըստ էլեկտրոնային գնումների համակարգի, այս ՍՊԸ-ի հետ արդեն 22 պայմանագիր է կնքվել, և դարձյալ հիմնական պատվիրատուն Հանրային Հեռուստաընկերությունն է՝ 1,5 միլիոնից մինչև 25 միլիոն դրամ արժողությամբ տարբեր պայմանագրերով և հիմնականում մեկ անձից գնումներով։
Փաշինյանի աշխատակազմը ևս 2020 և 2022 թվականներին այս ընկերությունից խոշոր գնումներ է կատարել մեկ անձից եղանակով. մի անգամ՝ 32 միլիոն 614.920 դրամով, մեկ ուրիշ անգամ՝ 19 միլիոն 530.060 դրամով (Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների համար) պատվիրակելով միջոցառման ծառայություններ։
Ընկերության հետ խոշոր գնումներով աչքի է ընկնում նաև Երևանի քաղաքապետարանը․ 40 միլիոնից մինչև 68 միլիոն դրամ արժողությամբ 4 պայմանագիր, 4-ն էլ՝ մեկ անձից գնման եղանակով։
Ընկերությունը պետական գերատեսչություններին մատակարարում է բեմահարթակներ, դեկորացիաներ, բրենդավորում, վերանորոգման ծառայություններ, լուսային արկղեր և այլն։

