Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մոտ երկու ամիս դադարից հետո, այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը:

Դատական այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացնելու են դեռ մարտի 16-ին դատարան մուտք արված՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Վարչապետներն այսօր դատարան ներկայանալու պատրաստակամություն են հայտնել:

Միջնորդությունը ներկայացնելիս Հայկ Ալումյանը դատարանում ներկայացրեց նաև նախկին վարչապետների դիմումները.

«Հարգելի դատարան,

Գիտակցելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը և միջազգային հանրության ուշադրությունը, կարևորելով, որ գործի բացահայտումը պետք  է կատարվի բացառապես իրավական ճանապարհով արդար դատաքննության իրականացման միջոցով, հաշվի առնելով Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդն Արցախյան պատերազմում և հայ բանակաշինության մեջ, ինչպես նաև հաշվի առնելով նրա անձնական հատկանիշները, երաշխավորում եմ, որ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով արգելված արարք: Երաշխավորում եմ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայությունը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը: Ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով:

Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումն ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստ եմ իրականացնել ՔԴՕ-ով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները»:

Նշենք, որ գործով անցնող չորս մեղադրյալը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նիստին ներկա էին:

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:

Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Տեսանյութեր

Լրահոս